Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր հրապարակումների միջոցով, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում:
Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 12 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող 2019-2022 թվականների Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները և ոլորտային փորձագետները, փաստաբաններ և այլ շահագրգիռ կողմեր։
Սկզբնական ժամանակացույցով նախատեսված էր մշտադիտարկման արդյունքների առաջին նախագիծը ներկայացնել շահագրգիռ կողմերի դիտարկմանը մինչև սույն թվականի ապրիլի 15-ը։ Սակայն, նկատի ունենալով ՀՀ արդարադատության նախարարության խնդրանքը՝ հնարավորության դեպքում տրամադրել զեկույցի նախագիծը մարտ ամսվա ընթացքում՝ այն նոր Ռազմավարության մշակման աշխատանքներում նկատի ունենալու նպատակով, ուստի հրապարակում ենք Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության 2019-2022 թվականների մշտադիտարկման արդյունքների զեկույցի առաջին նախագիծը և միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով ժամանակացույցով կատարված փոփոխությունները, նախագծում դեռևս ընդգրկված չեն կատարված գործողությունների որակական գնահատականները, քանի որ իրավական վերլուծությունները և որոշ խորին հարցազրույցներ գտնվում են իրականացման փուլում։