Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում քննարկվել է կոռուպցիայի կանխարգելմանը ուղղված միջոցառումների կատարման ընթացքը

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 10-ին, ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացվել Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 միջոցառումներից բխող թվով 2-րդ՝ կոռուպցիայի կանխարգելման միջոցառման վերաբերյալ։

Քննարկումներից առաջինն անցկացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Արդարադատության նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆինանսների նախարարության, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի, ԷԿԵՆԳ-ի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երկրորդ քննարկումն անցկացվել է ՔՀԿ-ների և փաստաբանական, իրավաբանական համայնքների ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ ռազմավարության համաձայն կոռուպցիայի կանխարգելման միջոցառմամբ մի քանի գործողություն է նախատեսված (7-31 գործողություններ), որոնք են․

7․ 15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի վերհանում, ծրագրերի մշակում և իրականացում,

8․ Ռիսկերի գնահատումների արդյունքների հիման վրա պետական մարմիններում հակակոռուպցիոն, այդ թվում՝ ներքին բարեվարքության գործողությունների ծրագրերի մշակում և իրականացում,

9․ Պետական պաշտոններում նշանակման ենթակա  անձանց, դատավորների և դատավորների թեկնածուների, դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման կառուցակարգերի ձևավորում,

10․ «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքների կատարման արդյունավետության գնահատում,

11․ «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան էթիկայի հանձնաժողովների ու բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ձևավորում և գործարկում,

12․ Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց  վարձատրության համակարգի բարեփոխում,

13․ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված՝ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների, քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների սահմանում,

14․ Պատգամավորի, քննիչի վարքագծի կանոնների սահմանում,

15․ Քաղաքացիական ծառայության ոլորտում արժանիքահեն համակարգի ապահովում,

16․ Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացում​,

17․ Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործում: Ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրում,

18․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների հստակեցում,

19․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործում, նվերների ռեեստրի ստեղծում,

20․ Լոբբիստական գործունեության  օրենսդրական կարգավորման սահմանում, կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների ֆինանսավորման թափանցիկության ապահովում,

21․ Հանրային նշանակության կազմակերպությունների իրավական կարգավիճակի հստակեցում և դրանցում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիքակազմի ներդրում՝ այդ թվում  առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց հաղթահարման մեխանիզմների ներդրում,

22․ Գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանում,

23․ Գնումների ոլորտի բարելավում,

24․ Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում,

25․ Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի վերաբերյալ օրենսդրության կատարելագործում,

26․ Քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակի ներդրում,

27․ Իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին  հասարակության մասնակցայնության ապահովման արդյունավետության բարձրացում,

28․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների վերաբերյալ մատչելի տեղեկատվություն ստանալու գործիքակազմի ներդրում,

29․ Միասնական օպերատորների sso.am էլեկտրոնային համակարգի արդիականացում և e-gov.am-ի շրջանակներում էլեկտրոնային հարթակի ներդրում,

30․ «Տեղեկատվության  ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում պահանջվող տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակի ստեղծում,

31․ Ազդարարման համակարգի շարունակական կատարելագործում։

Հավելենք, որ Հակակոռուպցիոն ռազմավարության 1-ին միջոցառման՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման, դրանում առկա գործողությունների վերաբերյալ 2 քննարկում անցկացվել է երեկ՝ փետրվարի 9-ին։

Ընդհանուր թվով 12 նմանատիպ քննարկումներ արդեն անցկացվել են նաև Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ։