Վարչական արդարադատության արդյունավետության բարձրացում, փոփոխություններ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում․ ֆոկուս խմբային քննարկում

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 31-ին, թվով 9-րդ և 10-րդ ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացվել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11-րդ, 12-րդ, 13-րդ նպատակի՝ իրավապահ համակարգի բարեփոխումների վերաբերյալ։

Քննարկումներից առաջինն անցկացվել է պետական մարմինների` Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Արդարադատության ակադեմիայի, Ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երկրորդ քննարկումն անցկացվել է ՔՀԿ-ների և փաստաբանական, իրավաբանական համայնքների ներկայացուցիչների հետ։

Ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11-րդ նպատակը նախատեսում է Քրեական և քրեադատավարական օրենսդրության բարեփոխում։ Ռազմավարական ուղղություններն են՝

  • Քրեական ենթամշակույթի վերացումը,
  • Այլընտրանքային պատժի համակարգի ներդնումը,
  • Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ներդնումը,
  • Քրեական դատավարության օրենսդրության բարեփոխումը,
  • Այլընտրանքային խափանման միջոցների ներդնումը,
  • Համաձայնեցման (plea bargaining) և համագործակցության վարույթները,
  • Անչափահասների և խոցելի անձանց մասնակցությամբ վարույթների կատարելագործումը,
  • Քրեական գործերով իրավական փոխօգնության արդյունավետ կարգավորման նախատեսումը։

12-րդ նպատակը վերաբերում է քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներին։

Այս նպատակով ռազմավարական ուղղություններն են․

  • Քաղաքացիական դատավարությունում պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանումը և հաշտարարի նշանակման ընթացակարգի կատարելագործում,
  • Քաղաքացիական օրենսդրության բարեփոխում Հայցադիմումը վերադարձնելու ինստիտուտի վերանայում,
  • Քաղաքացիական օրենսդրության բարեփոխում,
  • Քաղաքացիական դատավարության իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների գույքագրման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծում։

Վարչական արդարադատության արդյունավետության բարձրացումն էլ նախատեսված է 13-րդ նպատակով։

Նշվում է, որ նախատեսվում է վարչական դատավարության  սկզբունքների,  ապացույցների, ապացուցման բեռի բաշխման կանոնների, հայցատեսակների դասակարգման, վարչական դատարանի լրացուցիչ որոշումների, վարչական դատարանի վճիռների բողոքարկման շրջանակի, վերաքննության և վճռաբեկության սահմանների  վերանայում: Բացի այդ, նախատեսված է նաև․

  • Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծում,
  • Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումների, գործողությունների և անգործության վիճարկման վարչադատավարական կարգի վերացում,
  • Վարչական դատավարությունում ծանուցման ընթացակարգերի բարելավում,
  • Գրավոր և պարզեցված ընթացակարգերի կիրառում վարչական դատավարությունում,
  • Պետական տուրքի հետ կապված կարգավորումների վերանայում,
  • Վարչական դատավարության հատուկ վարույթների արդյունավետության բարձրացում,
  • Վարչական մարմինների և նրանց գործողությունների վիճարկման շրջանակի ընդլայնումը,
  • Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացում,
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում,
  • Վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերի վերանայում։

Հավելենք, որ ընդհանուր թվով 8 նմանատիպ քննարկումներ արդեն անցկավել են հունվարի 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին։