Դատավորների վեթինգը պետք է իրականացվի հստակ չափորոշիչների հիման վրա, և ոչ թե՝ ցուցակի․ Սյուզաննա Սողոմոնյան

Դատավորների վեթինգը պետք է իրականացվի հստակ չափորոշիչների հիման վրա, և ոչ թե՝ ցուցակի: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։

Նա նշեց, որ նոյեմբերի 2-ին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկման մասին, որը կազմակերպել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ, տեղեկացել են մամուլի հրապարակումներից, իսկ որպես կոալիցիայի անդամ հրավեր չեն ստացել։ 

«Քննարկման մասին տեղեկացել եմ մամուլից, որտեղ հրապարակվել են նաև հանդիպման այսպես ասած ուղերձները։ Դրանք, մեղմ ասած, ոչ թե հուշում են հանդիպման արդյունավետության մասին, այլ՝ այդ հանդիպումների հերթական և ձևական լինելու մասին, որոնցով փորձ է արվում ստեղծել տպավորություն առ այն, թե այս անգամ հաստատապես կիրականացվեն դատաիրավական ոլորտի բարեփոխումներ։ Եթե նման միտում, կամք և ցանկություն լիներ, և իրական նպատակը լիներ դատական համակարգի, այդ թվում յուրաքանչյուր դատավորի ներքին և արտաքին անկախության և անաչառության ապահովումը, դատավորների բարեվարքության ստուգումը, ապա մասնագիտական հանրությանը պետք է արդեն ներկայացված լիներ համապատասխան ճանապարհային քարտեզը։ Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր 2019-2023թթ դատաիրավական ռազմավարության ձախողված կատարողական և վեթինգի ենթարկվելիք մոտ 40-50 «դատավորների ցուցակ», որի մասին արդարադատության նախարարը խոսում է իր նշանակումից ի վեր։ Ինձ համենայնդեպս հայտնի չէ, թե այդ ցուցակը ինչ չափանիշներով և ինչ պայմաններում է մշակվել։ Փոխարենը ես գիտեմ, որ դատավորների վեթինգը պետք է իրականացվի հստակ չափորոշիչների հիման վրա, վեթինգի պետք է ենթարկվեն բոլոր դատավորները՝ այդ նպատակով ստեղծված մարմինների կողմից և ոչ թե՝ գործադիրի կողմից իր հայեցողությամբ կազմված ցուցակի հիման վրա»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։ 

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 3-ին՝ Ազգային ժողովում,  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այդ քննարկման մասին նշել էր․ «Այս երկրում ով որ վեթինգից ինչ-որ բան հասկանում է, ամենախելոք մարդիկ երեկ հավաքվել են, արդյունքները դեռ չենք ամփոփել, 1-2 օրվա մեջ իրենք կներկայացնեն՝ ինչ հասկացան փորձագետները՝ դա հնարավոր է, թե չէ։ Եթե հնարավոր է՝ մենք օրերի մեջ կսկսենք վեթինգի մասին առանձին օրենքի մշակումը, եթե հնարավոր չի՝ մենք արդեն կմտածենք սահմանադրական բարեփոխումների հետ մտածել էդ հարցով»։

Հակակոռուպցիոն փորձագետը՝ անդրադառնալով ասվածին՝ նշեց․ «Բարեփոխումների ձախողումների հիմնական պատճառներից է այն, որ քննարկումներին փաստորեն մասնակցում են «վեթինգից ինչ որ բան հասկացող մարդիկ», և ոչ թե այն փորձագետները, ովքեր կանգնած են անցումային արդարադատության, դատական համակարգում վեթինգի իրականացման համակարգային առաջարկների և ճանապարհային քարտեզի ակունքներում։ Դեռևս 2018 թվականի վերջերին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան իրականացրել էր լայնածավալ աշխատանք, ուսումնասիրել էր անցումային արդարադատության գործիքակազմ ներդրած 35 երկրների փորձ, որոնք ունեցել են և՛ հաջողված, և՛ ձախողված փորձ։ Այդ արդյունքները ներկայացվել են Խորհրդարանական լսումների ժամանակ, և երեք հիմնական զեկուցողներից մեկը տրվել էր ՔՀԿ սեկտորին, որը ներկայացնում էր Կոալիցիայի քարտուղարության համակարգող Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Այնուհետև, այլ երկրների փորձերը և հայաստանյան համատեքստը հաշվի առնելով, ուսումնասիրել և ներկայացրել ենք առավել թիրախային ուսումնասիրություն, որը վերաբերում է դատական համակարգում վեթինգի իրականացմանը։

Ցավոք սրտի, որոշում կայացնողները մի ամբողջ համակարգային ճանապարհային քարտեզից վերցնում են մի քանի կետեր, սկսում են դրանք խեղաթյուրված իրականացնել և ապա հայտարարել, որ դատավորի բարեվարքության ստուգման լուրջ գործիքներ ենք ներդրել։ Հասկանո՞ւմ եք չէ, որ այս հատվածական և իրավիճակային լուծումները չեն կարող հանգեցնել լուրջ համակարգային բարեփոխումների։ Վերջիվերջո,  դատական համակարգը փորձադաշտ չէ, որ մի քանի ամիսը մեկ նշանակվող պաշտոնյան իր ճաշակին և պատկերացումներին համապատասխան փոփոխություններ իրականացնի՝ բարեփոխումներ եզրույթի ներքո։  

Ի դեպ նշեմ, որ այդ քննարկման արդյունքում հնչեցրած առաջարկները վաղուց են ներառվել մեր կողմից առաջարկվող լուծումներով, միայն թե դրանք ոչ թե մի քանիսն են կամ հատվածական, այլ համակարգային՝ բարեփոխումները ամբողջական և անխոցելի իրականացնելու նպատակով»,-ասաց նա։   

Որպես նշյալի շարունակական աշխատանք, 2021 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ նվիրված հետևյալ կարևորագույն հարցերին.

  1. Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները։
  2. Դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները: 

Այս ուսումնասիրությունները, ըստ էության, նախկինում կատարված աշխատանքների վերանայումն է և համապատասխենցումը ներկա իրավիճակին։

«Առաջին ուսումնասիրության շրջանակներում ուսումնասիրվել են դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության մեխանիզմները արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում, դատական բարեփոխումների, ներառյալ՝ դատական վեթինգի իրականացման միջազգային և հիմնական ստանդարտները, դատական բարեփոխման, ներառյալ՝ դատական վեթինգի միջազգային փորձը՝ ըստ երկրների։ Ուսումնասիրվել է նաև ազգային փորձը և դրա հիման վրա առաջարկվել է ՀՀ-ում դատավորների բարեվարքության ստուգում իրականացնելու մեխանիզմների ճանապարհային քարտեզը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ գործողություններով։

Երկրորդ ուսումնասիրությունը նվիրված է դատավորի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային փորձին, դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերին, որի շրջանակներում ուսումնասիրվել է 15-ից ավել երկրների փորձը։ Այնուհետև, միջազգային և ազգային փորձի հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ՝ հայաստանյան դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերի բարձրացման և առաջնահերթ բարեփոխման իրականացման ուղղությունների վերաբերյալ։

Ընդ որում, այդ ուսումնասիրությունները մշակվել են այնպիսի մեթոդներով, որոնք կօժանդակեն ՀՀ պատկան մարմինների դատաիրավական ոլորտում իրականացնել իրական և համակարգային բարեփոխումներ։ 

Եթե անդրադառնանք առաջարկների բովանդակությանը, ապա դրանք իրենց բնույթով կարճաժամկետ են (կարող են իրականացվել օրենսդրական փոփոխությունների եղանակով) և երկարաժամկետ (պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխությունների եղանակով), և վերաբերում են արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու լիազորության վերացմանը, գույքի և եկամուտների հայտարարագրերի վերլուծության և ՄԻԵԴ վճիռները՝ որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթների ժամկետների վերանայմանը՝ Սահմանադրության անցումային դրույթներով լուծելով հետադարձ ուժի կիրառման արգելքի սկզբունքը։ Այլ առաջարկներից է՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի և մյուս հանձնաժողովներում հանրային սեկտորից ոչ դատավոր անդամների հավասարակշռումը դատավորի անդամների թվին, դատավորների անհամատեղելիության նոր պահանջների սահմանումը, վաղ կենսաթոշակի անցնելու պայմանները և այլն։  

Առանցքային առաջարկներից է սահմանադրության շրջանակներում նախատեսել հետադարձ ուժի կիրառման արգելքի սկզբունքի անցումային դրույթներ, որը հնարավորություն կընձեռի դատավորների նկատմամբ վարույթներ հարուցել ՄԻԵԴ-ի կողմից ավելի վաղ ժամանակահատվածում կայացրած որոշումների հիման վրա։ Նույն անցումային դրույթները կգործեն նաև դատավորի՝ մինչև 2017 թվականը ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը վերլուծելու նպատակով»,-մանրամասնեց հակակոռուպցիոն փորձագետը։