Սյուզաննա Սողոմոնյանը՝ անցումային արդարադատության պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության հետ կապված 5 երկրների փորձի ուսումնասիրության մասին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան 2018 թվականից սկսած աշխատել է մի քանի ուսումնասիրությունների վրա՝ դատական բարեփոխումներին ուղղված խնդիրների լուծման ճանապարհները գտնելու համար։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրության վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համատեղ կազմակերպած փորձագիտական առցանց աշխատաժողովի ժամանակ ասաց ԻՀԱ հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։

Նա ներկայացրեց միջազգային փորձը՝ նշելով, որ երբ 2019 թվականին հրապարակվել էր անցումային արդարադատության մասին ուսումանսիրությունը՝ այդ ժամանակ ուսումնասիրվել էր շուրջ 35 երկրի փորձ, ինչն էլ որպես մեկնարկ էր հանդիսացել՝ հասկանալու, թե որոնք են այն երկրները, որոնց փորձի վրա կարելի է հիմնվել ինչպես հաջողության, այնպես էլ ձախողման տեսանկյունից։

«Մենք այս վերջին ուսումնասիրության շրջանակներում 5 երկիր ենք առանձնացրել՝ Ուկրաինան, Վրաստանը, որոնք մեր փորձագիտական գնահատմամբ համարվում են ոչ այնքան հաջող իրականացված, քանի որ օրենսդրական փոփոխությունները արվել են, բայց ամենակարևորը, թերևս, քաղաքական կամքի բացակայության արդյունքում որևէ բարեփոխում էլ հնարավոր չէ իրականացնել ու ստացվեց, որ դրանք հանրության վստահության մակարդակը բարձրացնելուն ուղղված որոշակի քայլեր էին, Բոսնիան և Հերցեգովինան, Ալբանիան, որոնցից վերջինը համարվում է հնարավորինս հաջողություններ գրանցած երկրներից մեկը, հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություններ արվել են ու դատական համակարգում այդ բարեվարքության ստուգման հիման վրա դատավորներ ու դատախազներ դուրս են մնացել դատական համակարգից, և հինգերորդ երկիրը՝ Քենիան, որը ևս համարվում է հաջողություն ունեցած երկրներից»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։

Հակակոռուպցիոն փորձագետը նշեց, որ դատական բարեփոխումների, այդ թվում՝ դատական վեթինգի իրականացման համար, որպես կանոն, մեծ մարտահրավեր է հանդիսանում, գտել լուծումներ հետևյալ դիլեմաների դեպքում

  • Ինչպիսի՞ իրավական և ինստիտուցիոնալ կարգավորումներ նախատեսել, որպեսի հնարավոր լինի ապահովել դրանց համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, և միևնույն ժամանակ, բավարարել հատուկ կարիքները ազգային համատեքստում։ 
  • Ինչպե՞ս մշակել արդյունավետ օրենքներ, մինչև ժամանակ ապահովելով դրանց լիարժեք կիրառումը՝ օրենքի ոգուն և տառին համապատասխան։ 
  • Ինչպե՞ս ապահովել դատավորների արտաքին և ներքին անկախությունը, միևնույն ժամանակ ապահովելով հաշվետվություն՝ հանրության առաջ։
  • Ինչպե՞ս ձեռք բերել աջակցություն դատական համակարգի, կառավարության, ընդդիմության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և այլ խմբերի ներկայացուցիչներից, միևնույն ժամանակ, չզոհաբերել բարեփոխումների հիմնական հիմնասյուները։

Ուսումնասիրությանն առավել մանրամասն ծանոթացեք այստեղ։