«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ և համախոհներ,
Մեծ սիրով և պատասխանատվությամբ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ԻՀԱ) գործունեության 2020թ. տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն), որտեղ ամփոփ ներկայացված են կառույցի գործունեությունը, իրականացրած և ընթացիկ ծրագրերը, տարեկան ֆինանսական արդյունքները: Մեզ համար մշտապես կարևորվել է կառույցի գործունեության բարեխղճության սկզբունքների պահպանումը մեր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների առջև, ուստի մենք հանրայնացնում ենք յուրաքանչյուր տարվա հաշվետվությունը:
Անցնող տարում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակը և 44-օրյա Արցախյան 2-րդ պատերազմը մի շարք մարտահրավերների և դժվարությունների առաջ կանգնեցրեց Հայաստանի Հանրապետությանը։ ԻՀԱ-ն իր ողջ ներուժը կնտրոնացրեց այս մատրահրավերների լուծմանը նպաստելուն։ Մասնավորապես, տասնյակ քաղաքացիներ ստացան անվճար իրավաբանական օգնություն կորոնավիրուսի և արտակարգ դրության ժամանակ առաջացած իրավունքների սահմանափակումների, խախտումների և չարաշահումների վերաբերյալ։ Ընդ որում, իրավունքների անհամաչափ սահմանափակումները և խախտումները առկա էին տարբեր ոլորտներում․ աշխատանքային, սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլն։ Անցնող տարում, երբ ուսումնառությունը դարձավ հեռավար, ԻՀԱ-ն իր սեփական միջոցներից համակարգիչներ և այլ անհրաժեշտ գույք նվիրաբերեց մարզային դպրոցներին, փորձելով հնարավորինս օգնել դպրոցահասակ երեխաներին կրթության ստանալու հարցում։
Ցավոք, 2020 թվականը մեզանից խլեց մի քանի հազար մեր զինվորներին և քաղաքացիներին, Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը, մի քանի հազար մեր զինվորներ և քաղաքացիներ վիրավորվեցին պատերազմի ընթացքում, նրանից մի մասը ձեռք բերեցին հաշմանդամություն, իսկ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ դարձան ներքին բռնի տեղհանվածներ։ ԻՀԱ-ի ամենօրյա աշխատանքի մասն էր կազմել այս թիրախային խմբերին օժանդակության ցուցաբերումը, տասնյակ քաղաքացիների տրամադրվեցին անվճար իրավաբանական օգնություն՝ իրենց իրավունքների վերականգման հարցում։ Մենք մեծ պատասխանտվությամբ ձեռնամուխ եղանք Արցախից Հայաստան տեղհանված մեր հայրենակիցների ներուժի համախմբմանը՝ հանրային շահերի ու գաղափարների շուրջ, և մեկնարկեցինք Արցախից բռնի տեղահանվածների ներուժը միավորող հասարակական կազմակեպությունների ստեղծումը։
Անխոս, այս գործընթացներին զուգահեռ կառույցը շարունակում էր նաև իր հիմնական գործունեությունը՝ նպաստելով հանրային քաղաքականությունների մշակման, փոփոխմանը և ընդունմանը արդարադատության, իրավունքի գերակայության և լավ կառավարման ոլորտներում, առանձնակի ուշադրություն դարձնելով մարդու իրավունքների պաշտպանությանը, սահմանադրական, հակակոռուպցիոն և դատական համակարգի բարեփոխումներին։ Մեզ համար կարևոր էր նաև այս գործընթացներում ապահովել հանրության մասնակցությունը, ինչի նպատակով կազմակերպվել են նաև հանրային և փորձագիտական քննարկումներ։
Տարվա սկզբում ՀՀ վարչապետի որոշմանբ, բաց մրցույթի արդյունքների հիման վրա ԻՀԱ-ն ընդգրկվել էր նաև սահմանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում։ Ցավով պետք է նշեմ, որ պատերազմի արդյունքում հանձնաժողովը չկարողացավ ավարտել իր աշխատանքները և հանձնաժողովի որոշմամբ դրա գործունեությունը սառեցվեց։
Մեր գործունեության շրջանակներում տարիներ շարունակ հատուկ տեղ է զբաղեցնում նաև երիտասարդների և ՔՀԿ-ների այլընտրանքային կրթությունը։ Ուրախ ենք տեղեկացնել, որ անցող տարում մենք ստեղծեցինք ԻՀԱ-ի էլեկտրոնային հարթակը, որն արդեն հաջողությամբ գործարկվում է և հասցրել է սիրվել մեր շահառուների կողմից։ Մենք նաև հաջողությամբ ավարտեցինք և նոր գիտելիքներով զինեցինք Երիտասարդ առաջնորդներին հակակոռուպցիոն դպրոցի ևս մեկ հոսք։
Հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացման և իրավական մշակույթի արմատավորման ոլորտում 2020 թվականին իր աշխատանքները շարունակեց իրականացնել ԻՀԱ-ի կողմից գործարկվող Իրավաբան.նեթ անկախ առցանց լրատվամիջոցը:
Հարգանքներով և լավագույն բարեմաղթանքներով՝
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԻՀԱ-ն հիմնադրվել է 1995թ. Երևանում, իր գործունեության ընթացքում վայելում է հասարակության վստահությունը, կայացած կառույց է ՀՀ իրավական և քաղաքացիական հասարակության դաշտում: Ունենալով հստակ առաքելություն, տեսլական, ռազմավարական գործողությունների պլան և արժեքներ՝ ԻՀԱ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները և լուծումներ տալիս դրանց։
ԻՀԱ-ի գործունեության հիմնական ուղղություններից են մարդու իրավունքների՝ ներառյալ սոցիալապես խոցելի խմբերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության, այդ թվում՝ սահմանադրական, դատական և այլ թիրախային ոլորտների բարեփոխումներին աջակցությունը, իրավաբանների և երիտասարդների կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը։
ԻՀԱ-ն հաշվետու ժամանակաշրջանում նոր գործնական կապեր հաստատեց պետական, մասնավոր և միջազգային կառույցների հետ, որոնց շարքը մշտապես ընդլայնվում է։ ԻՀԱ-ն ունի կենտրոնական գրասենյակ և 4 մասնաճյուղեր՝ Երևանում, ՀՀ Շիրակի, Լոռու, և Սյունիքի մարզերում, որտեղ ծրագրերի իրականացման գործընթացում ներգրավվում են մարզային կառույցներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, արդյունքում՝ ԻՀԱ իրականացրած ծրագրերի ազդեցությունը առավել մեծամասշտաբ և ընդգրկուն է դառնում:
ԻՀԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ հետաքրքրված անձինք: Կազմակերպությունը մեծ տեղ է հատկացնում տեխնոլոգիական գործիքների կիրառմանը։ ԻՀԱ-ն գործարկում է երկլեզու պաշտոնական վեբ կայք՝ https://armla.am/։ Ինչպես նաև՝ ԻՀԱ-ն, հանդիսանալով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետ նաև՝ Կոալիցիա) քարտուղարության համակարգողը, գործարկում է Կոալիցիայի պաշտոնական կայքը՝ http://aac.am/, ապահովում է Կոալիցիայի գործունեության բնականոն ընթացքը, փորձագիտական աջակցություն է ցուցաբերում Կոալիցիային, հետևողականորեն լուսաբանում է Կոալիցիայի իրականացրած գործունեությունը, ապահովում գործունեության արդյունքների հրապարակայնությունը։ Հաշվետու ժամականահատվածում ԻՀԱ-ն ստեղծվեց նաև իր սեփական էլեկտրոնային ուսուցման հարթակը՝ https://elearning.armla.am/, որն արդեն հաջողությամբ գործարկվում է և հասցրել է սիրվել մեր շահառուների կողմից։ Հարթակը նաև հատուկ բաժին ունի, որը ներառում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ուսումնական բաղադրիչը՝ հիմնական և խորացված փուլերով։
2020թ. հասանելիության բարձր ցուցանիշներով իր գործունեությունն է շարունակել նաև www.iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը։ Կայքը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով, գործարկում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, որտեղ ունի ավելի քան 240.000 հետևորդ: Ակտիվ կերպով գործել է bizprotect.am կայքը, որտեղ անանուն հաղորդումներ են ներկայացվում բիզնես ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի և այլ իրավախախտումների վերաբերյալ, իսկ ԻՀԱ-ն ապահովում է դրանց հասցեագրումը իրավասու մարմիններին։
- ԻՀԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԸ
ԻՀԱ-ի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում մասնագիտական բարձր կոմպետենցիաներ, անխոցելի բարեվարքություն ունեցող և իրավական նորարարություն կիրառող ինքնիշխան իրավաբանական համայնքի ձևավորմանը, հասարակությունում իրավական անվտանգ միջավայրի, իրավական մշակույթի, իրավունքի գերակայության և իրավական նորարարության արմատավորմանը:
ԻՀԱ-ի արժեքներն են՝ ինքնիշխանությունը, մասնագիտական բարձր գիտելիքները, ազնվությունը, առաջնորդությունը, նորարությունը, թիմային աշխատանքը, բարեխղճությունը, արդարությունը, համերաշխությունը, կառուցողական երկխոսությունը, նպատակասլացությունը, խիզախությունը և ներողամտությունը:
ԻՀԱ-ի թիմը
ԻՀԱ-ի հաջողության գրավականը նրա թիմն է։ Արհեստավարժ մասնագետները, ովքեր պարբերաբար կատարելագործում են իրենց գիտելիքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, անգնահատելի ներդրում ունեն կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով նոր նախաձեռնություններով և նորարարական գաղափարներով: ԻՀԱ-ն պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ: ԻՀԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների նշանակությունը և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:
- ԻՀԱ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
COVID-19 և կայունություն Հայաստանում. մեղմացնելով սոցիալ-տնտեսական ազդեցությունը խոցելի մարդկանց և համայնքների վրա
2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց «COVID-19 և կայունություն Հայաստանում. մեղմացնելով սոցիալ-տնտեսական ազդեցությունը խոցելի մարդկանց և համայնքների վրա» ծրագիրը, որը ֆինանսավորվում էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
Ծրագրի հիմնական նպատակն էր ուժեղացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգը: Այդ նպատակով ստեղծվեց և արդեն գործարկվում է նորարական տեղեկատվական EmployeeProtect.am առցանց հարթակը` աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների գրանցման, ընդունման և քննման համար: էլեկտրոնային ազդարարման հարթակը աշխատանքային իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ գործիք է և 3 կարևոր խնդիր է լուծում՝
- աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն և անձը բացահայտած ձևաչափերով դիմում-բողոքներ ներկայացնելու հնարավորությունը,
- աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում խորհրդատվությունը և տեղեկատվություն ստանալու հնարավորությունը,
- հետադարձ կապի միջոցով աշխատանքային օրենսդրության բացերը հատկորոշելու և բարեփոխումներ նախաձեռնելու հնարավորությունը։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության էլեկտրոնային ազդարարման հարթակը բաղկացած է կայքէջից և բջջային հավելվածից:
Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը
2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Բաց կառավարման գործընկերության կողմից:
Ծրագրի նպատակն էր՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության և ոլորտային իրավասու պետական մարմինների հետ քննարկումների միջոցով աջակցել գալիք երկու տարիների գործողությունների ցանկի, թիրախային ոլորտների, անհրաժեշտ գործողությունների սահմանմանը:
Քննարկումները ծավալվել են կրթության, սոցիալական, պետական գնումների, առողջապահության և արդարադատության ոլորտների շուրջ: Մշակվել է ԲԿԳ գործողությունների ծրագրերի մշակման և առաջնահերթությունների չափանիշների որոշման կարգը։
Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի․ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 6-րդ հոսք
2020 թվականի հունիսից մեկնարկել է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, որն իրականացվում էր Շվեդիայի կառավարության աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն էր՝ խթանել երիտասարդության մասնակցությունն ու դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Ծրագրի շահառուներն էին երիտասարդները, ուսանողները, ովքեր ունկնդրում էին Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի վեցերորդ հոսքին, և աշակերտները՝ ավագ դպրոցականները, որոնց համար ստեղծվել էին Հակակոռուպցիոն աշակերտական ակումբներ:
Արդյունքում, ծրագրի 6 ամիսների ընթացքում ԻՀԱ-ի հակակոռուպցիոն կրթության առցանց հարթակում ուսուցում ստացան շուրջ 2 հարյուրյակ ուսանողներ և երիտասարդ մասնագետներ, շուրջ 1 հարյուրյակ ավագ դպրոցականներ:
Բացի այդ, երիտասարդների համար կազմակերպվեց 5-օրյա արտագնա խորացված ուսուցում, որին մասնակցեցին լավագույն արդյունքներ ցուցաբերած 22 երիտասարդները, իսկ դասընթացի ավարտից հետո նրանք բաժանվեցին 5 խմբերի և իրականացրին հետազոտություններ ու գործնական աշխատանքներ հինգ տարբեր թեմաներով:
Աշակերտների համար կազմակերպվեց հակակոռուպցիոն թեմայով նկարների և շարադրությունների մրցույթ:
Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ով երիտասարդներին և աշակերտներին հանձնեց մասնակցության վկայականներ ու մրցութային պարգևները:
Ծրագրին մասնակցում էին աշակերտներ՝ Շիրակի, Սյունիքի և Լոռու մարզերից, երիտասարդներ՝ Հայաստանի ողջ տարածքից և Արցախից:
Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար
«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կրթաթոշակը 2020 թվականին շնորհվել էր ԻՀԱ անդամ Սյուզաննա Սողոմոնյանին, որի շրջանակներում գործարկվեց «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագիրը։ Ծրագիրը իրականացվեց ԻՀԱ-ի հետ համագործակցությամբ։ Մշտադիտարկման են ենթարկվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի առաջին ութ ամիսները։ Իրականացվել են ռազմավարության կատարման քանակական և որակական մշտադիտարկում, որի շրջանակներում փորձագիտական խորացված հարցազրույցներ են անցկացվել միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների պատասխանատու հանդիսացող առանցքային կողմերի հետ: Կատարվել են յուրաքանչյուր հարցվող տեղեկատուների խմբի համար առանձին փորձագիտական խորացված հարցազրույցների հարցաշարերի մշակում, որոնցով էլ վարվել են հարցազրույցները: Կազմակերպվել են ֆոկուս խմբային քննարկումներ: Մշտադիտարկման արդյունքում մշակվել է զեկույց, կազմակերպվել է Կառավարություն-ՔՀԿ համագործակցության ձևաչափով համաժողով, որի արդյունքների ամփոփման և մշտադիտարկման զեկույցի հիման վրա մշակվել են հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկություններ։
Ծրագրի շրջանակներում բարձրացվել է նաև հանրության իրազեկությունը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև՝ ռազմավարության կատարման ընթացքի մասին։ Հատուկ բաղադրիչ էր նախատեսված նաև երիտասարդների հմտությունների զարգացման համար։
Հայաստանում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 2-րդ և 5-րդ գլուխների իրականացում
2020 թվականի մայիսից մեկնարկել էր այս ծրագիրը, որի շրջանակներում ԻՀԱ-ն և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի Կոալիցիայի հետ համագործակցությամբ մշակել են այլընտրանքային զեկույց Հայաստանում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի Գլուխ II-ի (Կոռուպցիայի կանխարգելում) և Գլուխ V-ի (Ակտիվների վերականգնում) իրականացման վերաբերյալ։ Զեկույցում անդրադարձ է կատարվել այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են՝ անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի բացակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական ազդեցությունը, բարեվարքության պակասը, մոնիթորինգի և ռեսուրսների պակասը, ակտիվների վերականգման ինստիտուտի թերի կարգավորումները և այլն։
Հայաստանի կառավարությանը ուղղված առանցքային առաջարկությունները ներառում են հակակոռուպցիոն մարմինների, բարեվարքության ինստիտուտի, դատական համակարգի, գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի, գնումների ոլորտի բացերին և ազդարարման համակարգերի բարելավմանը ու քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության բարձրացմանը ուղղված լուծումներ, ինչպես նաև այլ առաջարկներ։
Անվճար իրավաբանական խորհրդատվություն քաղաքացիներին
ԻՀԱ երևանյան և մարզային գրասենյակները անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել քաղաքացիներին, հատկապես սոցիալական անապահով խավերին՝ տարբեր իրավական հարցերի և վեճերի վերաբերյալ։ Խորհրդատվությունը տրամադրվել է ինչպես գրասենյակային այցելությունների, այնպես էլ՝ հեռախոսային միջոցներով և առցանց, ներառյալ՝ սոցիալական կայքերով ուղարկած հարցերը։ Խորհրդատվության շրջանակներում կազմվել են նաև իրավական, այդ թվում դատավարական բնույթի փաստաթղթեր։
Անշուշտ, խորհրդատվությունների և թիրախային խմբերի շրջանում հատուկ տեղ էին զբաղեցնում կորոնավիրուսի համավարակի հետևանքով խոցելի դարձած խմբերը (օրինակ՝ աշխատողները, պացիենտները, վարկառուները, փմձ-ները և այլն) և 2020 թվականին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք և Արցախից բռնի տեղհանվածները։ Տրամադրվող իրավաբանական օգնության վերաբերյալ պարբերաբար հրապարակվել են հայտարարություններ և կոնտակտային տվյալներ։
Ընդհանուր առմամբ 2020 թվականի ընթացքում ավելի քան 2000 անձ ստացել է անվճար իրավաբանական օգնություն։
Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանություն
Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն իրականացվել է ոչ միայն անվճար խորհրդատվությունների տրամադրմամբ, սոցիալական աջակցություն ստանալու հարցում աջակցություն ցուցաբարելով, այլև՝ ինստիտուցիոնալ միավորներ ստեղծելու միջոցով:
ԻՀԱ-ի անվճար իրավաբանական աջակցության շնորհիվ պետական գրանցման է ներկայացրել թվով 7 հասարակական կազմակերպություններ, որոնց միասնական նպատակը Հայաստան տեղափոխված արցախցիների օրինական շահերի պաշտպանությունն է և Արցախի խնդրի լուծումը միջազգային հանրության օրակարգային մաս դարձնելը։ Այս հասարակական կազմակերպությունները սկսել են իրենց գործունեությունը և արդեն իսկ ունեն որոշակի արդյունքները։ Այդ ՀԿ-ների ցանկը ներկայացվում է ստորև.
- «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
- «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
- «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
- «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
- «Կումայրի» արցախահայերի ՀԿ
- «Հարմոնիա» ՀԿ
- «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
Անվճար իրավաբանական խորհրդատվություն ՔՀԿ-ներին
ԻՀԱ երևանյան և մարզային գրասենյակները անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել ՀԿ-ներին և հիմնադրամներին՝ պետական գրանցման, վերագրանցման հարցերի վերաբերյալ, մշակել են կանոնադրություններ, արձանագրություններ և կանոնադրական փոփոխություններ։ Խորհրդատվություն և պարզաբանումներ են տրամադրվել նաև ՀԿ-ների կողմից անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, հարկային պարտավորությունների, հաշվետվությունների ներկայացման, կամավորների գրանցման և նրանց հետ աշխատանքների կազմակերպման, գործատու-աշխատող իրավահարաբերությունների և այլ իրավական հարցերի վերաբերյալ։
Օժանդակություն մարզային դպրոցներին
Անցնող տարում, երբ ուսումնառությունը դարձավ հեռավար, ԻՀԱ-ն իր սեփական միջոցներից համակարգիչներ և այլ անհրաժեշտ գույք նվիրաբերեց մարզային դպրոցներին, փորձելով հնարավորինս օգնել դպրոցահասակ երեխաներին կրթության ստանալու հարցում։ Ընդհանուր առմամբ, նվիրաբերվել է 12 համակարգիչ, գրասեղաններ, գրապահարաններ և այլ գույք։
Bizpretect.am ազդարարման համակարգի գործարկում և անվճար իրավաբանական խորհրդատվություն բիզնեսին
ԻՀԱ երևանյան և մարզային գրասենյակները անվճար իրավաբանական խորհրդատվություն են տրամադրել բիզնեսի ներկայացուցիչներին՝ իրավական տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ հարկային, մաքսային, պետական գնումների, լիցենզավորման և թույլտվությունների, ինչպեսև՝ այլ իրավահարաբերությունների մասին։ Խորհրդատվությունը տրամադրվել է ինչպես գրասենյակային այցելությունների, այնպես էլ՝ հեռախոսային միջոցներով և առցանց, ներառյալ՝ bizprotect.am ազդարարման համակարգի միջոցով և սոցիալական կայքերով ուղարկած հարցերը։
Հանրապետական գիտաժողովներ
Կարևորելով երիտասարդների այլընտրանքային կրթությունն ու հարակից հմտությունների զարգացումը, 2020 թվականի ընթացքում ԻՀԱ-ն շարունակել է գիտական միջոցառումների կազմակերպումը և երիտասարդների խրախուսումը։ Մասնավորապես, կազմակերպվել են 3 գիտաժողովներ, որոնց մասնակցել են Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ և երիտասարդ մասնագետներ․
- «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով հանրապետական գիտաժողով։
- «Հայաստանի դատաիրավական բարեփոխումները. Հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական գիտաժողով։
- «Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողով:
Գիտաժողովներն անցկացվել են գրավոր և բանավոր փուլերով։ Գրավոր փուլում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները հրավիրվել են մասնակցել բանավոր փուլին, որտեղ ներկայացրել են իրենց մշակած զեկույցները և պատասխանել ժյուրիի անդամների հարցերին։ Մասնակիցներին ողջունել և որպես ժյուրիի անդամ հանդես են եկել ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և այլ հարգարժան մասնագետներ։ Հաղթողներին տրվել են մրցանակներ։
Փորձագիտական կարծիքներ, վերլուծություններ և զեկույցներ
2020 թվականը լի էր դատական և հակակոռուպցիոն օրենսդրության փոփոխությունների և լրացումների նախաձեռնություններով: ԻՀԱ-ն և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ որպես հակակոռուպցիոն ոլորտի մասնագիտացված կառույց, շարունակել է իր ակտիվ մասնակցությունը և օժանդակությունն օրինաստեղծ գործունեությանը:
Ի լրումն սույն հաշվետվության շրջանակներում արդեն թվարկվածների, 2020 թվականին ԻՀԱ-ն և Կոալիցիան ներկայացրել են փորձագիտական կարծիքներ և առաջարկություններ, զեկույցներ և վերլուծություններ հետևյալ թեմաներով.
- Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի մոնիթորինգ,
- «ՀՀ դատական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ,
- Սահմանադրական հակակոռուպցիոն մարմիններ,
- Անկախ հակակոռուպցիոն մարմիններ,
- Հակակոռուպցիոն դատական համակարգ,
- Սոցիալական ոլորտ,
- Հակաճգնաժամային ծրագրեր,
- Արտակարգ դրությունից բխող իրավահարաբերություններ,
- Պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրեր,
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններ և լրացումներ,
- Գնումների ոլորտի բարեփոխումներ,
- Ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիր,
- Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորում:
4. ԻՀԱ–Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
2020 | 2019 | |
Հազ. | Հազ. | |
Աշխատավարձ | 18,753 | 91,171 |
Նյութեր | 0 | 0 |
Ապրանքներ | 507 | 1,342 |
Վառելիք | 417 | 951 |
Ծառայությունների մատուցում | 20,087 | 32,830 |
Տուրքեր | 144 | 12 |
Գույքահարկ | 146 | 146 |
Վարձավճարներ | 253 | 468 |
Փոստ, հեռահաղորդակցություն | 100 | 2,304 |
Գրասենյակային և այլ կոմունալ ծախսեր | 2,920 | 4,460 |
Բանկային ծառայություններ | 13 | 32 |
Տարեկան մաշվածություն և ամորտիզացիա | 14,513 | 20,656 |
Գործուղում | 11 | 270 |
Գործառնական այլ ծախսեր /աուդիտ և խորհրդատվություն/ | 1,783 | 14,348 |
Գործառնական այլ ծախսեր /կոնվերտացիա/ | 245 | 4,270 |
Ֆորս մաժոր | 0 | 0 |
գովազդային | 0 | 0 |
Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր | 0 | 0 |
Ծախսեր գործընկերներից | 0 | 66,799 |
Ծախսեր ենթադրամաշնորհներից | 377 | 336,971 |
Ընդամենը | 75,261 | 577,030 |
5. ԻՀԱ–ԻԽՈՐՀՈՒՐԴԸ
ԻՀԱ խորհուրդը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում:
Անուն, Ազգանուն | Պաշտոն |
Կարեն Զադոյան | ԻՀԱ-ի նախագահ, ԻՀԱ-ի խորհրդի նախագահ |
Արփինե Եղիկյան | ԻՀԱ-ի խորհրդի պատասխանատու քարտուղար |
Մարատ Ատովմյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Գոհար Ղազինյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Քարլ Ուլբրիխտ | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Զարուհի Հարությունյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Կարեն Քոչարյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
6. ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Կենտրոնական գրասենյակ ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ Հեռախոս (374 10) 540199 Հեռապատճե (374 10) 580299 Էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ–ի երևանյան մասնաճյուղ, Երևանի հակակոռուպցիոն կենտրոն
ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից) Հեռախոս (374 10) 540199 Հեռապատճե (374 10) 580299 Թեժ գիծ՝ 0 8000 11 10 էլ.փոստ [email protected] |
ԻՀԱ –ի Լոռու մարզային մասնաճյուղ, Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1 Հեռախոս (374 322) 2 23 17 Հեռապատճե (374 322) 2 23 17 էլ.փոստ [email protected] |
ԻՀԱ –ի Շիրակի մարզային մասնաճյուղ, Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2 Հեռախոս (374 312) 5 82 36 Հեռապատճե (374 312) 5 82 36 էլ.փոստ [email protected]
|
ԻՀԱ–ի Սյունիքի մարզային մասնաճյուղ, Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72 Հեռախոս (374 285) 5 25 11 Հեռապատճե (374 285) 5 25 11 էլ.փոստ [email protected] |