Այսօր, հունիսի 4-ին ՀՀ ԱԺ-ը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի թեկնածու է առաջադրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախկին աշխատակից (2012-2019 թվականներին աշխատել է ԹԻՀԿ-ում), ԹԻՀԿ անդամ Տաթևիկ Բարսեղյանը։
Մրցութային խորհրդում չորս անդամներից երկուսը ԹԻՀԿ-ի և թեկնածուի հետ փոխկապակցված անձինք եք։ Մասնավորապես, Մրցութային խորհրդի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ԹԻՀԿ-ի նախկին աշխատակից էր, խորհրդի անդամ էր, ներկայում նաև՝ կազմակերպության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Վերջինս նաև ԱԺ-ում այսօր ներկայացրեց Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը։ Մրցութային խորհրդի մյուս անդամը՝ կրկին ԹԻՀԿ նախկին աշխատակից, ներկայում անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանն է։ Մրցութային խորհրդում Հերիքնազ Տիգրանյանին առաջադրել է ՀՀ Աժ-ը, իսկ Լիանա Ղալթաղչյանին՝ ՀՀ կառավարությունը։
Այսպիսով, ակնհայտ է, որ Մրցութային խորհրդի երկու անդամները ունեն ընդգծված և անթաքույց շահերի բախում և փոխկապակցվածություն թեկնածուի հետ։ Այդուհանդերձ, անտեսելով հիշյալը՝ Մրցութային խորհրդի սույն անդամները շրջանցել են կոռուպցիայի կանխարգելման հանրահայտ սկզբունքները և ընտրել են մի անձի թեկնածություն, որի լոկ առաջադրումը արդեն իսկ ոչ իրավաչափ և ոչ լեգիտիմ է դարձնում այս ընտրությունը։
Թեև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հասարակական կազմակերպություն է, սակայն իր գործունեությամբ ստեղծել է ողջամիտ կասկածներ գործող քաղաքական իշխանության հետ ուղղակի փոխկապակցվածության վերաբերյալ և արտահայտում է ընդգծված հետաքրքրություն ու խմբային շահագրգռվածություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գործընթացում։
Ավելին, Տաթևիկ Բարսեղյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կինը։ Այս պայմաններում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կարող էր ձեռնպահ մնար կեղծ մրցույթ կազմակերպելուց և ուղղակի ընտրեր իր նախընտրած թեկնածուին՝ որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, առավել ևս՝ երբ նախորդ չորս անդամները լրիվ նույն «ձեռագրով» են նշանակվել։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խստորեն դատապարտում է այս արատավոր երևույթը և կոչ է անում Ազգային ժողովին չդակել Մրցութային խորհրդի ոչ օրինական որոշումը և չկատարել հերթական քաղաքական նշանակումը, որն ամենևին չի բխում կոռուպցիայի դեմ պայքարից և չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ
«04» հունիս, 2021