ՀՀ Կառավարությունը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին հաստատեց «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը»: Ռազմավարությունը նախատեսում է 48 միջոցառում, որոնցից 2-ն արդեն ամբողջությամբ ավարտվել են, իսկ մնացյալ 46-ը ենթակա են պարբերական կատարման մինչև 2022թ.:
Միջոցառումները բովանդակային առումով ընդգրկում են կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնասյուները. կոռուպցիայի կանխարգելում, հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիոն գործերի քննություն (պատժի անխուսափելիություն):
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան իրականացրել են ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառման ծրագրի կատարման մշտադիտարկում, որի հիմնական նպատակն է՝ Ռազմավարության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացիկ իրավիճակի և արձանագրված առաջընթացը գնահատումը։ Մոնիթորինգի իրականացման համար կատարվել են տեղեկատվության հարցումներ համապատասխան պետական գերատեսչություններ, ուսումնասիրվել են առկա փաստաթղթերը, մոնիթորինգային զեկույցները, ինչպես նաև իրականացվել է երկու ֆոկուս խմբային քննարկում գործողությունների իրականացման համար պատասխանատու պետական գերատեսչությունների և մասնագիտացված ՔՀԿ-ների ու ոլորտային փորձագետների շրջանում։