Կայացել է ՀՀ-ում կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը

Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի հերթական նիստն այսօր՝ մարտի 19-ին, տեղի ունեցավ հեռավար տարբերակով:

Նիստին մասնակցում էին խորհրդի կազմում ընդգրկված նախարարությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, կազմակերպությունների և ՔՀԿ-ների  ներկայացուցիչներ, այդ թվում՝ խորհրդի կազմում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Մարիամ Զադոյանը, ինչպես նաև կազմակերպության անդամ, փաստաբան Վարդանուշ Կավալյանը։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի՝ 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփումը։ Հիշեցնենք, որ գենդերային ռազմավարության գերակա ուղղություններն են՝  

  • Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում․
  • Սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնում․
  • Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցություն և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում․
  • Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում․ 
  • Գենդերային խտրականության կանխարգելում։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավածությունը խթանող միջոցառումները և առաջարկները ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը։ 

Տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց մարզերում և համայնքներում որոշումների կայացման մակարդակում կանանց դերի բարձրացման նպատակով նախատեսվող քայլերը, ինչպես նաև մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների աշխատանքները։ Քննարկվեց նաև նրանց գործունեության ակտիվացմանն ուղղված առաջարկները:

Իրավաբանների հայկական ասոցացիայի անդամ, փաստաբան Վարդանուշ Կավալյանը խոսեց նոր խոցելի խմբի թիրախավորման խնդրի վերաբերյալ՝ անդրադառնալով 2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստանում պատերազմի հետևանքով հարազատներ կորցրած կանանց:

Նիստի ընթացքում վերհանվեցին կանանց հիմնահարցերին առնչվող ոլորտային խնդիրները և ներկայացվեցին առաջարկություններ, այդ թվում՝ կանանց տնտեսական ակտիվության խթանման, ընտանեկան բռնության դեպքերի և այլնի վերաբերյալ: