- Կազմակերպության մասին
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) հիմնադրվել է 1995թ-ին՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի Հանրապետության կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Անցած ժամանակահատվածում կազմակերպությունն իր առաքելությունից և նպատակներից բխող բազմաթիվ աշխատանքներ և ծրագրեր է իրականացրել՝ սպասարկելով մի քանի տասնյակ հազար շահառուների:
Հիմնադրվելուց հետո ԻՀԱ-ն ակտիվորեն ներգրավվել է Հայաստանի հասարակական կյանքում: ԻՀԱ-ի առաջին գործունեությունը նվիրված է եղել Հայաստանի օրենքների պարզաբանումներին և քարոզչությանը, որից հետո կազմակերպությունը իրականացրել է ծրագրեր` ուղղված ՀԿ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի ստեղծմանը, ինչպես նաև` ՀԿ-ների իրավական աջակցության ցուցաբերմանը: Այնուհետև ԻՀԱ-ի ծրագրերն ուղղվել են սոցիալապես անապահով բնակչությանը անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
Մեծ է ԻՀԱ-ի դերը Հայաստանի Հանրապետությունում արդարադատության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և մի շարք այլ ոլորտներում հանրային քաղաքականությունների բարելավման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: ԻՀԱ-ն հանդիսանում է ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների հիմնական առաջամարտիկներից մեկը, որի ակտիվ մասնակցությամբ և առաջարկություններով ՀՀ-ում շարունակվում են կյանքի կոչվել հակակոռուպցիոն մի շարք օրենսդրական և ինտիտուցիոնալ բարեփոխումներ:
ԻՀԱ-ն հիմնադրել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը, որը տարիներ շարունակ պատրաստում է հակակոռուպցիոն առաջնորդներ:
ԻՀԱ-ն հանդիսանում է նաև ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվեցիայի ՔՀԿ-ների կոալիցիայի անդամ:
ԻՀԱ-ի կողմից կազմակերպված իրավաբանական-մասնագիտական, մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության և հակակոռուպցիոն թեմաներով կրթական ծրագրերն անցել են հազարից ավել իրավաբաններ և այլ մասնագետներ, որոնք ներկայումս պաշտոնավորում են որպես փաստաբաններ, դատավորներ, դատախազներ, քննիչներ, նոտարներ, պետական և մասնավոր ոլորտների իրավաբաններ, իրավապաշտպաններ: Կարևոր կրթական ծրագրերից էր «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը, որի հայաստանյան մրցափուլը կազմակերպվում էր ԻՀԱ-ի կողմից, և որի շնորհիվ է նաև, որ ներկայումս Հայաստանում ունենք միջազգային իրավունքի բարձրակարգ մասնագետների մի սերունդ:
Սկսած 1999թ.-ից, ԻՀԱ-ն սկսել է ակտիվորեն աշխատել մարզերում: Ներկայումս ԻՀԱ-ն մարզային մասնաճյուղեր ունի Շիրակում` գրասենյակը գտնվում է Գյումրիում, Լոռիում` գրասենյակը գտնվում է Վանաձորում, Սյունիքում` գրասենյակը գտնվում է Կապանում: ԻՀԱ-ի կենտրոնական և Երևանի մասնաճյուղի գրասենյակները գտնվում են Երևանում:
Իր գործունեության ընթացքում ԻՀԱ-ն մեծ դեր է հատկացնում ՔՀԿ համայնքի, ՔՀԿ-ների կարողությունների և ոլորտը կարգավորող օրենսդրության զարգացմանը: ԻՀԱ-ի նախաձեռնությամբ, Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակում, հիմնադրվել են Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որը միավորում է շուրջ 71 ՔՀԿ-ների (պաշտոնական վեբ կայք` www.aac.am ), և Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը (պաշտոնական վեբ կայք` www.ccd.armla.am), որը միավորում է ՔՀԿ-ների 14 կոալիցիաները ընդգրկող շուրջ 251 ՔՀԿ-ներ: ԻՀԱ-ի կողմից ստեղծվել և ներկայումս գործարկվում է ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման առցանց կրթական հարթակը:
ԻՀԱ-ն մեծ տեղ է տալիս միջազգային համագործակցությանը, որի շրջանակներում համագործակցել է Եվրոպական Միության, ՄԱԿ-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ հեղինակավոր միջազգային և արտասահամանյան կազմակերպությունների հետ:
ԻՀԱ-ն իր առաքելությունը և ռազմավարական նպատակները իրականացնելու նպատակով կառուցողական երկխոսության ձևաչափով համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ փաստաբանների պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք այլ պետական մարմինների ու տեղական կազմակերպությունների հետ:
ԻՀԱ-ի կողմից 2012 թվականին հիմնադրվել և այժմ էլ գործարկվում է Իրավաբան.net մասնագիտական լրատվական կայքը, որը նպաստում է հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակում է իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայում է որպես հարթակ՝ լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:
Հաշվի առնելով ԻՀԱ-ի նախորդ ռազմավարությամբ արձանագրված արդյունքները, քաղված դասերը, ոլորտում արձանագրված միջազգային և հայաստանյան զարգացումները, այդ թվում իրավական նորարարությունը, ինչպես նաև 2020 թվականի արցախյան պատերազմը, ներկայումս ԻՀԱ-ի համար կարևորագույն հիմնախնդիրներն ու մարտահրավերներ են.
- ԻՀԱ-ի արդիականացումն ու իրավական նորարարությունների կիրառումը,
- ԻՀԱ-ի կազմակերպական, այդ թվում ֆինանսական ինքնաբավության կարողությունների զարգացումը,
- ԻՀԱ-ի անդամության զարգացումը,
- պրոֆեսիոնալ, բարեվարք և նորարար իրավաբանական համայնքի ձևավորումը,
- քաղաքացիների իրավական և հակակոռուպցիոն մշակույթի զարգացումը,
- քաղաքացիական հասարկության, այդ թվում՝ ԻՀԱ-ի նախաձեռնությամբ հիմնված ՔՀԿ-ների կոալիցիաների և ցանցերի կարողություների զարգացումն ու ֆինանսական ինքնաբավության ապահովումը,
- ԻՀԱ-ի ազդեցության մեծացումը արդարադատության, իրավապահ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման, հակակոռուպցիոն և այլ թիրախային ոլորտների հանրային քաղաքականությունների մշտադիտարկման, գնահատման մշակման, բարելավման վրա, որը ներառում է.
- ՀՀ քաղաքացիների համար անվտանգ իրավական միջավայրի ձևավորումը,
- իրավական նորարարությունների մշակումն ու ներդրումը,
- անկախ, արդյունավետ և վստահելի դատական իշխանության կայացումը,
- արդյունավետ, վստահելի, թափանցիկ և հաշվետու իրավապահ համակարգի կայացումը,
- հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի հայկական մոդելի կայացումը,
- մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը,
- 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով բռնի տեղահանված, հաշմանդամություն ձեռք բերած, գերեվարված և այլ անձանց իրավունքների պաշտպանության կարողությունների ուժեղացումը,
- քաղաքացիական հասարակության զարգացման համար նպաստող միջավայրի ստեղծումը:
ԻՀԱ-ի մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կազմակերպության պաշտոնական www.armla.am կայքից:
2. Ապագայի պատկերն է.
Որպես ինքնիշխան, պրոֆեսիոնալ, բարեվարք և նորարար կառույց` ձգտել համախմբել և առաջնորդել մասնագիտական բարձր կարողությունների ու անխոցելի բարեվարքության նկարագրի տեր իրավաբանական համայնքը` ապահովելու հասարակությունում իրավական անվտանգ միջավայրի, իրավական մշակույթի, օրենքի գերակայության և իրավական նորարարության զարգացմանը:
3. Առաքելությունն է.
Նպաստել Հայաստանում մասնագիտական բարձր կոմպետենցիաներ, անխոցելի բարեվարքություն ունեցող և իրավական նորարարություն կիրառող ինքնիշխան իրավաբանական համայնքի ձևավորմանը, հասարակությունում իրավական անվտանգ միջավայրի, իրավական մշակույթի, իրավունքի գերակայության և իրավական նորարարության արմատավորմանը:
4. Արժեքներն են.
Ինքնիշխանությունը, մասնագիտական բարձր գիտելիքները, ազնվությունը, առաջնորդությունը, նորարությունը, թիմային աշխատանքը, բարեխղճությունը, արդարությունը, համերաշխությունը, կառուցողական երկխոսությունը, նպատակասլացությունը, խիզախությունը և ներողամտությունը:
5. ԻՀԱ ռազմավարական նպատակները, խնդիրները և գործողությունների պլանը
Նպատակ 1. Նպաստել պրոֆեսիոնալ, բարեվարք, նորարար իրավաբանական համայնքի և արդարադատության ոլորտի անվտանգ, նորարար, բարենպաստ միջավայրի կայացմանն ու զարգացմանը.
Խնդիր 1.1. Բարձրացնել իրավաբանի մասնագիտության ստանդարտները, իրավական նորարարությունն ու իրավաբանի մասնագիտության նկատմամբ հանրության վստահությունը.
Գործողություն 1.1.1. Իրավաբանի մասնագիտության ԲՈՒՀ-ական ուսումնառության ստանդարտների բարձրացման համար մշտադիտարկել ՀՀ իրավաբանական ԲՈՒՀ-երի ուսումնառության ստանդարտներն ու կրթական ծրագրերը, ուսումնասիրել աշխարհի լավագույն իրավաբանական ԲՈՒՀ-երի (դպրոցների) ուսումնառության ստանդարտներն ու կրթական ծրագրերը, արդյունքները հանրայնացնել և սկսել կառուցողական երկխոսություն ՀՀ իրավաբանական ԲՈՒՀ-երի ուսումնառության ստանդարտների, կրթական ծրագրերի բարեփոխումների և իրավական նորարարության ներդրման ուղղությամբ:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 1.1.2. Մշտադիտարկել վերջին տարիներին ՀՀ-ում իրավաբան գիտնականների գիտական աստիճանների և գիտական կոչումների շնորհման գործընթացն ու բովանդակությունը` ակադեմիական ազնվության ստանդարտների պահպանման տեսանկյունից, ուսումնասիրել համանման միջազգային առաջավոր փորձը, արդյունքները հանրահայնացնել և սկսել կառուցողական երկխոսություն իրավագիտության ոլորտում գիտական աստիճանների և գիտական կոչումների շնորհման ակադեմիական ազնվության բարձր ստանդարտների սահմանմանն ուղղված բարեփոխումների (այդ թվում՝ այլընտրանքային գիտական հանդեսի ստեղծում) իրականացմանը:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 1.1.3. Իրավաբան.net-ով և իրավական նորարարական այլ հարթակների միջոցով իրականացնել շարքեր, ծրագրեր, հանրային դասախոսություններ՝ ուղղված ԻՀԱ-ի անդամների և ոչ անդամ իրավաբանների` փաստաբանների, դատավորների, դատախազների, քննիչների, նոտարների, գիտնականների, դասախոսների մասնագիտական աշխատանքների ներկայացմանը, առկա խնդիրների վեր հանմանն ու հաջողությունների ներկայացմանը:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, Իրավաբան.net-ի խմբագիր, աշխատակազմ, անդամներ:
Խնդիր 1.2. Բարձրացնել իրավաբանների` փաստաբանների, դատավորների, դատախազների, քննիչների, նոտարների, այլ իրավաբանների մասնագիտական, բարեվարքության և իրավական նորարարության ոլորտի կարողությունները.
Գործողություն 1.2.1. Մասնագիտական, բարեվարքության և իրավական նորարարության թեմաներով ուսումնական թիրախային նորարար ծրագրերի (այդ թվում առցանց և հեռավար), գիտաժողովների, աշխատաժողովների, հանրային դասախոսությունների և այլ միջոցառումների կազմակերպում ԻՀԱ անդամ հանդիսացող և չհանդիսացող իրավաբանների համար:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Խնդիր 1.3. Ուժեղացնել իրավաբանական ընկերությունների կազմակերպական, իրավական նորարարության կարողությունները և ցանցային համագործակցությունն ու ազդեցությունը.
Գործողություն 1.3.1. Իրավաբանական ընկերությունների կազմակերպական զարգացման, իրավական նորարարության թեմաներով ուսումնական թիրախային նորար ծրագրերի (այդ թվում առցանց և հեռավար), տոնավաճառների և այլ միջոցառումների կազմակերպում` համագործակեցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 1.3.2. ԻՀԱ-ի անդամության հովանու ներքո ստեղծել իրավաբանական ընկերությունների ցանց և իրավական նորարարության միջոցով ուժեղացնել ցանցի համագործակցությունն ու ազդեցությունը` համագործակեցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 1.3.3. Իրավաբան.net-ով և այլ իրավական նորարար հարթակներով իրականացնել իրավաբանական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների, այդ թվում իրավական նորարարության ներկայացմանն, առաջխաղացմանն, առկա խնդիրների վեր հանմանն ու հաջողությունների ներկայացմանն ուղղված նորարար շարքեր և ծրագրեր։
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, Իրավաբան.net-ի խմբագիր, աշխատակազմ, անդամներ:
Խնդիր 1.4. Փաստարկված փորձագիտության միջոցով խթանել արդարադատության և արդարադատության իրականացմանը օժանդակող հանրային քաղաքականությունների մշակմանը, բարելավմանը, մշտադիտարկմանը և գնահատմանը.
Գործողություն 1.4.1. Իրականացնել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի, ոլորտային օրենսդրության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և ինստիտուտների փաստարկված մշտադիտարկումը, գնահատումը ու բարելավումը:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 1.4.2. Իրականացնել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի, ոլորտային օրենսդրության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և ինստիտուտների փաստարկված մշտադիտարկումը, գնահատումը ու բարելավումը:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Ակնկալվող արդյունքներ.
ա) Կբարձրանան իրավաբանի մասնագիտության ստանդարտները, իրավական նորարարությունը ու իրավաբանի մասնագիտության նկատմամբ հանրության վստահությունը:
բ) Կբարձրանան իրավաբանների` փաստաբաննների, դատավորների, դատախազների, քննիչների, նոտարների, այլ իրավաբանների մասնագիտական, բարեվարքության ոլորտի կարողություններն ու իրավական նորարարությունը:
գ) Կուժեղանան իրավաբանական ընկերությունների կազմակերպական կարողությունները, իրավական նորարարությունը և ցանցային համագործակցությունն ու ազդեցությունը:
դ) Կբարելավվեն ու կբարեփոխվեն արդարադատության և արդարադատության իրականացմանը օժանդակող հանրային քաղաքականությունները, իրավական անվտանգ միջավայրը, իրավական նորարարությունը, այդ ոլորտներում կմեծանա ԻՀԱ ազդեցությունը:
Նպատակ 2. Նպաստել մարդու իրավունքների պաշպանությանը, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացմանը, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, իրավական ու լավ կառավարման մշակույթի արմատավորմանը.
Խնդիր 2.1. Մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, իրավական, լավ կառավարման և հակակոռուպցիոն ոլորտներում բարձրացնել քաղաքացիների և մասնագետների գիտելիքներն ու կարողությունները.
Գործողություն 2.1.1. Մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, իրավական (այդ թվում սահմանադրական բարեփոխումների), լավ կառավարման և հակակոռուպցիոն թեմաներով իրազեկման նորարար ծրագրերի (այդ թվում առցանց և հեռավար), սեմինարների, հանրային դասախոսությունների, աշխատաժողովների, բաց դասախոսությունների և այլ միջոցառումների կազմակերպում քաղաքացիների համար` հնարավորութան սահմաններում օգտագործելով նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու լուծումները:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 2.1.2. Իրավաբան.net-ով և իրավական նորարարական այլ հարթակների միջոցով մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական (այդ թվում սահմանադրական բարեփոխումների), լավ կառավարման և հակակոռուպցիոն թեմաներով իրականացնել քաղաքացիների համար մատչելի և հասանելի հանրային իրազեկման ծրագրեր ու հանրային դասախոսություններ` հնարավորութան սահմաններում օգտագործելով նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու լուծումները:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, Իրավաբան.net-ի խմբագիր, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 2.1.3. Կոռուպցիոն դեպքերի, մարդու իրավունքների խախտումների արագ արձագանքման նորարարական համակարգերի ներդրում պատկան մարմիններում և ԻՀԱ-ում` օգտագործելով նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու լուծումները. այդ դեպքերի համակարգում և հանրայնացում: ԻՀԱ-ի գրասենյակների կողմից իրավաբանական աջակցության մատուցում կոռուպցիոն բնույթի գործերով, սոցիալապես անապահով և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց` գրասենյակներում, հեռախոսի, ինտերնետի, Իրավաբան.net-ի, թեժ գծի, ինչպես նաև շրջիկ և համայնքային այցելությունների միջոցով:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – ԻՀԱ նախագահ, աշխատակազմի իրավաբան անդամներ, Իրավաբան.net-ի խմբագիր, աշխատակազմ:
Գործողություն 2.1.4. Մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական, լավ կառավարման և հակակոռուպցիոն թեմաներով ուսումնական թիրախային նորարար ծրագրերի (այդ թվում առցանց և հեռավար), ակումբների, դպրոցների, ակադեմիաների, գիտաժողովների, աշխատաժողովների, հանրային դասախոսությունների և այլ միջոցառումների կազմակերպում ԻՀԱ անդամ հանդիսացող և չհանդիսացող մասնագետների համար:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – ԻՀԱ նախագահ, աշխատակազմ, անդամներ
Խնդիր 2.2. Ուժեղացնել արցախյան պատերազմների հետևանքով ՀՀ բռնի տեղահանված, հաշմանդամություն ձեռք բերած և գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությունը.
Գործողություն 2.2.1. Արցախյան 2020 թվականի պատերազմի հետևանքով ՀՀ տեղահանված, հաշմանդամություն ձեռք բերած, գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև զոհվածների, անհետ կորածների հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) ստեղծման, կայացման ու գործունեության աջակցության տրամադրում:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 2.2.2. Արցախյան 2020 թվականի պատերազմի հետևանքով ՀՀ տեղահանված, հաշմանդամություն ձեռք բերած և գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության իրականացման համար, ինչպես նաև զոհվածների, անհետ կորածների հարցերով իրավաբանական աջակցության ցուցաբերում և իրավունքների պաշտպանության ուսուցման ծրագրերի իրականացում:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Խնդիր 2.3. Փաստարկված փորձագիտության միջոցով մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, իրավական, լավ կառավարման և հակակոռուպցիոն ոլորտներում խթանել հանրային քաղաքականությունների մշակմանը, բարելավմանը, մշատադիտարկմանը, գնահատմանը և ոլորտային ինստիտուտների և գործիքակազմի ՀՀ-ում ներդրմանն ու զարգացմանը:
Գործողություն 2.3.1. Իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի, մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը ուղղված ոլորտային օրենսդրության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների ու ինստիտուտների փաստարկված մշտադիտարկումը, գնահատումը և բարելավումը:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 2.3.2. Իրականացնել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի, հակակոռուպցիոն և լավ կառավարման ամրապնդմանը ուղղված ոլորտային օրենսդրության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և ինստիտուտների փաստարկված մշտադիտարկումը, գնահատումը ու բարելավումը: Նպաստել հակակոռուպցիոն ինստիտուտների և գործիքակազմի ՀՀ-ում ներդրմանն ու զարգացմանը:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 2.3.3. Աջակցել ՀՀ-ում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հայկական մոդելի, ներառյալ սահմանադրական անկախ հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինը (ները), հակակոռուպցիոն դատախազությունն ու հակակոռուպցիոն դատարանը, կայացմանն ու զարգացմանը:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 2.3.4. Հանրային ծառայողների, այդ թվում նաև համայնքային և քաղաքացիական ծառայողների ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և հանրային ծառայության ոլորտներում բարեխղճության կարողությունների հզորացմանը ուղղված հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով ուսումնական թիրախային նորարար ծրագրերի (այդ թվում առցանց և հեռավար) իրականացում` հնարավորութան սահմաններում օգտագործելով նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու լուծումները:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 2.3.5. ՔՀԿ-ների հիմնադրման, զարգացման, կազմակերպական, փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման (բարելավման), հասարակական մշտադիտարկման և գնահատման իրականացման, ՔՀԿ-ների նոր սերնդի ոլորտային կոալիցիաների ստեղծման և զարգացման, ՏԻՄ-երի ու կառավարության հետ կառուցողական երկխոսության կառուցման, կամավորության, քննադատական մտածողության, սոցիալական ձեռնարկատիրության, շահառուների հետ հետադարձ կապի ապահովման, բարեխղճության, հակակոռուպցիոն, հետաքննությունների իրականացման կարողությունների զարգացում և միջավայրի բարելավվում` ուսումնական թիրախային նորարար ծրագրերի (այդ թվում առցանց և հեռավար) և այլ միջոցառումների կազմակերպման, դրամաշնորհների տրամադրման և ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման միջոցով` հնարավորութան սահմաններում օգտագործելով նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու լուծումները:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Գործողություն 2.3.6 Նպաստել հանրային իրազեկման մակարդակի և իրավագիտակցության բարձրացմանը մարդու իրավունքների, տեղեկատվության մատչելիության, հանրության մասնակցության որոշումների կայացմանը և արդարադատության մատչելիության հարցերում՝ բոլոր ոլորտներում (այդ թվում բնապահպանական)`իրականացնելով նորարար ծրագրեր` հնարավորութան սահմաններում օգտագործելով նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու լուծումները:
Ժամանակահատված – 2020-2023 թթ.:
Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:
Ակնկալվող արդյունքներ.
ա) Կբարձրանան մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, իրավական (այդ թվում սահմանադրական բարեփոխումների), լավ կառավարման և հակակոռուպցիոն ոլորտներում քաղաքացիների և մասնագետների գիտելիքներն ու կարողությունները:
բ/ Կհզորանան 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով բռնի տեղահանված, հաշմանդամություն ձեռք բերած, գերեվարված և այլ անձանց իրավունքների պաշտպանության կարողությունները:
գ) Կբարելավվեն ու կբարեփոխվեն մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, իրավական, լավ կառավարման և հակակոռուպցիոն ոլորտների հանրային քաղաքականությունները, կներդրվեն և կզարգացվեն ոլորտային ինստիտուտներն ու նորարար գործիքակազմը, կմեծանա ԻՀԱ ազդեցությունը:
դ/ Կզարգացվեն ՔՀԿ-ների կարողությունները և կբարելավվի ՔՀԿ-ների գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրությունը, կներդրվեն և կզարգացվեն ոլորտի նորարար մեխանիզմներ և լուծումներ:
6. Ենթադրություններ և հնարավոր ռիսկեր
Իրավաբանների հայկական ասոցիացիան բարձր անկախությամբ, ինքնիշխանությամբ, պրոֆեսիոնալիզմով և բարեվարքությամբ օժտված մասնագիտական կառույց է, որը վայելում է հասարակության, պետական մարմինների, դոնորների և ԶԼՄ-ների վստահությունը: Իրավաբանների հայկական ասոցիացիան հանդիսանում է Եվրոպական միության արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ:
Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության արևելյան գործընկերության անդամ է, երկրում թեև շարունակվում են արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն, ոստիկանության և իրավական այլ ոլորտների բարեփոխումները, սակայն դրանց իրականացման և արդյունքների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը ցածր է:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համայնքում դերակատարում ունեցող և «գերիշխող դիրք» ստանալու նպատակ ունեցող որոշակի ՔՀԿ-ների անառողջ մրցակցության արդյունքում, այդ թվում դրանց կողմից միջազգային և արտասահմանյան կազմակերպություններին ՔՀԿ համայնքում դերակատարում ունեցող այլ ՔՀԿ-ների մասին, ներկայացվող ոչ հավաստի տեղեկությունների միջոցով` փորձում են դոնորներից ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով, անազնիվ եղանակով ստանալ մրցակցային առավելություն և գերիշխող դիրք:
2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո միջազգային հանրության կողմից ձեռնարկված արդյունավետ և ազդեցիկ միջոցների և դատապարտող գնահատականի բացակայությունը` պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների աղաղակող խախտումների վերաբերյալ:
Հնարավոր ռիսկերից է հանդիսանում պատերազմի վերսկսումը, տարածաշրջանի անկայուն միջավայրի առկայությունը, խոցելի իրավական անվտանգությունը և քաղաքացիների վստահության կորուստը մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների նկատմամբ:
7. Մոնիթորինգ և գնահատում
Այս ռազմավարական պլանում նշված ռազմավարական նպատակների և խնդիրների իրականացման ընդհանուր մոնիթորինգը կիրականացնի ԻՀԱ-ի խորհուրդը` սերտորեն համագործակցելով ԻՀԱ-ի նախագհի և աշխատակազմի անդամների հետ` գործողությունների պլանի, աշխատանքային պլանների և իրականացվող ծրագրերի ուսումնասիրության հիման վրա: Անհրաժեշտության պարագայում ԻՀԱ-ի խորհուրդը կարող է պատվիրել ԻՀԱ-ի 2020-2023 թվականների ռազմավարական պլանի արտաքին անկախ գնահատման ծառայություն` ռազմավարական պլանի իրականացման ամբողջական և օբյեկտիվ պատկերը ստանալու համար:
ԻՀԱ-ի 2020-2023 թվականների ռազմավարական պլանի ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու համար ԻՀԱ-ի անդամների կողմից կիրականացվի ԻՀԱ-ի 2020-2023 թվականների ռազմավարական պլանի վերանայման և ԻՀԱ-ի գործունեության ինքնագնահատման սեմինարներ, որոնց հիման վրա վերանայված ԻՀԱ-ի 2020-2023 թվականների ռազմավարական պլանը կտեղադրվի ԻՀԱ-ի պաշտոնական վեբ կայքում*։
*Ծանոթություն. ԻՀԱ-ի 2020-2023 թվականնների ռազմավարական պլանը մշակվել է 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԻՀԱ-ի նախագահի ղեկավարությամբ գործած ռազմավարական պլանավորման հանձնախմբի կողմից և ԻՀԱ-ի կանոնադրության համաձայն հաստատվել է ԻՀԱ-ի խորհրդի կողմից` 27.12.2019 թվականին կայացած նիստում: ԻՀԱ-ի 2020-2023 թվականնների ռազմավարական պլանը (վերանայված) հաստատվել է ԻՀԱ-ի խորհրդի կողմից` 21.01.2021 թվականին կայացած նիստում: