Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի ավարտին կազմավորված խմբերից մեկը Տեղական ինքնակառավարման մարմիններ աշխատանքային խումբն էր: Խմբի համակարգող Վանատուր Շերենցը հայտնում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և բացահայտման շրջանակներում «Երևան համայնքի կողմից թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների պահպանումը նվիրատվությունների և նվիրաբերությունների համատեքստում (2018-2020)» խորագրով հետազոտական ծրագրի գաղափարը ծնվել է հենց դասընթացի ժամանակ, երբ որպես գործնական առաջադրանք ուսումնասիրվել է 2019 թվականի աշնանը տարբեր իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրատվություն հանձնված 17 աղբատարների աղմկահարույց գործը։
Իսկ ՏԻՄ-երում, մասնավորապես՝ Երևան համայնքում կոռուպցիոն հնարավոր դրսևորումների վերհանման, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների ու համապատասխան գործիքակազմի մշակման թեմայի ընտրությունը խմբակիցները պայմանավորում են խնդրի հրատապությամբ ու արդիականությամբ, քանի որ, թեպետ ՀՀ գլխավոր դատախազությունը չարաշահումներ չի արձանագրել, սակայն կոռուպցիոն սկանդալի շուրջ կրքերը ցայսօր չեն հանդարտվում։
Հետազոտություն իրականացնող խումբը կազմվել է ՀՀ տարբեր համայնքների ներկայացուցիչներից։
Թեմայի շրջանակներում խումբը նպատակ է դրել բացահայտելու ՏԻՄ կոռուպցիոն դրսևորումներն ու սխեմաները՝ կիրառելով հստակ մշակված մեթոդաբանությունը․ քանակական և որակական հետազոտություն՝ հիմնված խորին հարցազրույցների, պաշտոնական կայքի մշտադիտարկման, սոցիոլոգիական հարցումների վրա՝ ներգրավելով ավագանու անդամներին և վարչական կազմի աշխատակիցներին
«Ուսումնասիրության թեման և առաջ քաշված խնդիրը չափազանց կարևորում ենք, քանի որ խորապես համոզված ենք, որ ՏԻՄ-երում կոռուպցիան և կոռուպցիոն դրսևորումները չափազանց հեշտ է կանխել, եթե առկա է համապատասխան նախադեպ, իսկ երևանյան օրինակի հանգամանալից հետազոտությամբ հնարավոր է հետագայում կանխարգելել նմանատիպ դեպքերի կրկնությունը նաև այլ համայնքներում»,- նշեց Վանատուրը՝ հավելելով, որ մյուս կողմից չափազանց կարևոր է, որ նման գործերը լինեն հանրային ուշադրության կենտրոնում, քանի որ այդպես է կայանում պահանջատեր քաղաքացիական հասարակությունը՝ տեղական ժողովրդավարության ու որակյալ կառավարման առաջընթացի նպաստավոր նախապայմաններ ստեղծելով ՏԻՄ մարմինների համար: