Հոկտեմբեր ամսին Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի մասնակիցները ձևավորել են հինգ աշխատանքային խմբեր՝ հինգ տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով:
Կրթության խմբում ընդգրկվել էին ամենատարբեր մասնագիտությունների երիտասարդներ՝ տնտեսագետ, իրավաբան, միջազգայնագետ, սոցիալական մանկավարժ և մանկավարժ: Խումբը նորարարական մոտեցումներով նախագծել և որոշել էր իրականացնել «Հակակոռուպցիոն դեսպաններ» ծրագիրը, որը ենթադրում էր Գեղարքունիքի մարզի աշակերտների հետ առցանց սեմինարի անցկացում։ Սեմինարների ընթացքում նրանց ներկայացվել են կոռուպցիայի հասկացության, դրսևորման ձևերի, տեսակների, կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների, բարեվարքության, հակակոռուպցիոն ազգային մարմինների, նախաձեռնություններն ու այլ թեմաներ:
Խմբի համակարգող Դուխինե Ասոյանի խոսքով՝ կրթության ոլորտի ընտրությունը պայմանավորված էր վերջինիս՝ կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնասյուներից մեկը հանդիսանալով: Ծրագիրն իրականացվել է Գեղարքունիքի մարզում, քանի որ խմբակիցները կարևորել են Հայաստանի մարզերում երիտասարդների, աշակերտների քաղաքացիական գիտակցության, հակակոռուպցիոն կրթվածության մակարդակի բարձրացումը:
«Ի՞նչու «հակակոռուպցիոն դեսպաններ», քանի որ հենց դեսպանն է հանդիսանում այն մարդը, ով իր գիտելիքը և հմտությունները օգտագործում է երկրներն ավելի բարեկեցիկ դարձնելու նպատակով։ Մեր դեպքում դասընթացին մասնակցած պատանիներն են դառնալու այդ դեսպանները և իրենց փոխանցված գիտելիքը ծառայեցնելու են ի շահ իրենց համայնքին և երկրին»,- նշեց Դուխինեն՝ միտքն ամփոփելով Ջորջ Վաշինգտոնի խոսքով. «Կրթությունն ազատության ոսկե դուռը բացելու բանալին է»:
Արդյունքում, հակակոռուպցիոն կրթության խմբին հաջողվել է ծրագրում ներառել Գեղարքունիքի մարզի մոտ վեց տասնյակ աշակերտների, ովքեր ծրագրի շնորհիվ տվել են կոռուպցիայի դեմ պայքարում իրենց դերակատարության մեկնարկը:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ: