«Բաց կառավարման գործընկերության» ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակման շրջանակներում հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով առցանց քննարկում․ Պետական գնումների ոլորտ

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել առցանց քննարկում հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակմանը»՝ պետական գնումների ոլորտի և իրական սեփականատերերի ինստիտուտի վերաբերյալ։

Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ «ԲԿԳ» Առաջակցության ստորաբաժանման աջակցությամբ։

Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Հիշյալն իրականացնելու համար կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մշակում են գործողությունների պլաններ՝ սահմանելով հստակ միջոցառումներ, որոնք ուղղված են Նախաձեռնության նպատակների նվաճմանը։

Քննարկումը սկսվեց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անի Հարությունյանի բացման խոսքով, ով ներկայացրեց «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագիրը» և դրա շրջանակներում նախատեսված գործողությունները։

Վարչապետի աշխատակազմի «ԲԿԳ Հայաստան» նախաձեռնության ծրագրի համակարգող/ ՀՀ կոնտակտային անձ Լիլիա Աֆրիկյանը ներկայացրեց «ԲԿԳ նախաձեռնություն և Հայաստան հարաբերությունները»։ Վերջինիս դիտարկմամբ՝ գործող ծրագրի նշված ոլորտում երկու կարևոր բաղադրիչները դրամաշնորհներն ու իրական սեփականատերերի ինստիտուտներն են: «Այս մասով Հայաստանին գերազանցող երկրները եզակի են: Թեև առկա են ժամկետից շեղումներ, դրանք շտկելի են: Մասնավորապես, դրամաշնորհների էլեկտրոնային կարգի չընդունման պատճառներից էր նաև Կովիդ 19-ով և պատերազմով պայմանավորված իրավիճակը: Համենայնդեպս, այժմ հարցն օրակարգային է»:

«ՀՀ-ի կողմից պետական գնումների ոլորտում ստանձնած ԲԿԳ հանձնառությունները և դրանց կատարման ընթացք»-ը ներկայացրել է Ֆինանսների նախարարության պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:  Նա հիշեցրել է, որ ԲԿԳ 2018-2020թթ ծրագրում գնումների ոլորտում գործողություն նախատեսված չի եղել.  «5-րդ ծրագրի մասով Ֆինանսների նախարարությունն առաջարկել է բողոքարկման ընթացակարգի փոփոխություն: Մասնավորապես, նախատեսվում է չունենալ բողոքարկման արտադատական կարգ, բողոքը քննել միայն դատական կարգով՝ այն էլ հատուկ վարույթի շրջանակներում: Բողոքարկման սուբյեկտը լինելու է միայն շահագրգիռ անձ, այն դեպքում, երբ այսօր այդ իրավունքն ունեն բոլորը: Կարևոր է նշել, որ հասարակական միավորումները նույնպես կարող են բողոքարկման սուբյեկտ լինել, սակայն, եթե դե յուրե առկա չէ հասարակական միավորում, ապա հարկ է ապացուցել վերջինիս՝ շահագրգիռ կողմ լինելը»: Սերգեյ Շահնազարյանը նշել է, որ այս մասով իրականացվել են քննարկումներ։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց «Ակնարկ միջազգային պրակտիկայից իրական սեփականատերերի ոլորտում ԲԿԳ հանձնառությունների մասին»։ Նախ, հաշվի առնելով թեմայի բարդությունը, բանախոսը ներկայացրեց պետական գնումների հասկացությունը և դրանց մասին առկա կարգավորումները՝ անդրադարձ կատարելով պետական գնումների պատվիրատուների և մասնակիցների սուբյեկտային կազմին, գնման գործընթացին և փուլերին։ Նրա խոսքով՝ պետական գնումները ոչ միայն ապրանքների, այլև՝ ծառայությունների ձեռք բերումն են։ Այնուհետև, փորձագետի կողմից խորը և համապարփակ անդրադարձ կատարվեց ԲԿԳ աստղանշված (օրինակելի) հանձնառություններին պետական գնումների ոլորտում, ինչպես նաև ԲԿԳ առաջարկներին նշյալ ոլորտում՝ ուղղված համաճարակի դեմ պայքարին։ «Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ որքան էլ ՀՀ գնումների համակարգը բարելավվում է և դառնում ավելի թափանցիկ, միևնույնն է որոշ զեկույցներում ՀՀ ցուցանիշներն այս մասով շարունակում են մնալ ցածր։ Խնդիրը կայանում է նրանում, որ հրապարակված տվյալները user-friendly (օգտագործողին հարմար) չեն և չեն համապատասխանում open data (բաց տվյալների) և open source (բաց աղբյուրների) ստանդարտներին, այսինքն՝ machine readable (մեքենայական ընթերցվող) ձևաչափով չեն։ Դա նշանակում է, որ հետաքննող լրագրողների կամ այլ շահագրգիռ անձանց համար գրեթե անհնար է դառնում վերլուծել տվյալներ, քանի որ դրանցից շատերը հասանելի են միայն pdf ձևաչափով»։

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ Անի Վարդերեսյանը հանդես եկավ զեկույցով «ՀՀ-ի կողմից իրական սեփականատերերի գործընթացի կապակցությամբ ստանձնած ԲԿԳ հանձնառությունների և դրանց կատարման ընթացքի ներկայացում» թեմայով։  Զեկույցի շրջանակներում անդրադարձ կատարվեց հանրային քննարկման դրված օրենքի նախագծին, որով նախատեսվում է ՀՀ-ում ստեղծել իրական սեփականատերերի ռեգիստր։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց «Ակնարկ միջազգային պրակտիկայից իրական սեփականատերերի ոլորտում ԲԿԳ հանձնառությունների մասին»՝ բացատրելով քննարկման մասնակիցներին դրա էությունն ու կարևորությունը, ինչպես նաև վերհանելով ռեգիստրի ստեղծման և օգտագործման ժամանակ ծագող  ռիսկերն ու խնդիրները։ «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը ԲԿԳ գործողությունների ծրագրում թեև կարևոր քայլ էր, սակայն օրենքով նախատեսված չէր պարտավորություն, որպեսզի ընկերությունները, բացառությամբ հանքաարդյունաբերության ոլորտի, հայտնեին իրենց իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ»։ Փորձագետի կողմից ներկայացվեցին նաև ԲԿԳ անկախ վերանայման մեխանիզմի կողմից գործող հանձնառության վերաբերյալ գնահատականն ու բարելավման առաջարկությունները։

Զեկույցներին հաջորդեց ակտիվ քննարկում՝ ուղղված նոր գործողությունների ծրագրերում հնարավոր առաջարկությունների ներառմանը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը նշեց, որ խնդիրը «Գնումների մասին» օրենքը պատերազմող երկրին անհամապատասխանությունն է, հատկապես ռազմաարդյունաբերական ոլորտի համար: «Այստեղ խնդիրները մնացել են չլուծված, հատկապես գնագոյացման, հատուկ ապրանքների ստեղծման և պետության կողմից դրանց գնման փուլերում: Պայմանագրի կնքումից հետո առնվազն 5-րդ, 6-րդ փուլեր լինեին, որ հնարավոր լինել ծառայության կամ ապրանքի անորակության համար պատասխանատվության հարց լուծել: Տնտեսվարողները, երբ դիմում են մեր միությանը, հիմնականում գանգատվում են, որ մեր պետությունը հրաժարվում է ծառայությունից: Արդյունքում, ընկերությունը հայտնվում է ծախսերի տակ: Արդյո՞ք մոտ ապագայում մենք կունենանք այս պրիզմայից՝ պատերազմող երկրի պրիզմայից ելնող օրենսդրական փոփոխություններ»,-նշել է նա:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ գնումների գործընթացի նպատակը պետական ֆինանսական միջոցների՝ որակյալ ծառայությունների դիմաց ծախսելու արդյունավետությունն է: «Անգամ թավշյա հեղափոխությունից հետո առկա են կոռուպցիոն դեպքեր, օրինակ, ճանապարհաշինության հարցում գնումների գործընթացում կոռուպցիոն դրսևորումներ: Պարո՛ն Շահնազարյան, 2016թ.-ին գրել և Կառավարությանն ենք ներկայացրել առողջապահության ոլորտում պետական գնումների գործընթացի մասին ռազմավարություն: Պետք է փոփոխել դեղերի՝ պետության կողմից ձեռքբերման հարցը, որովհետև հաճախ դրանք հատուկ են ընդամենը մեկ-երկու պացիենտի: Հարկ է վերանայել նաև ապահովագրական ոլորտը: Սխալ է սոց. փաթեթը տարբեր ընկերություններին տալը և իբր մրցութային գործընթաց կազմակերպելը: Հարկ է դրանք կենտրոնացնել Առողջապահության պետական գործակալության ձեռքում, որը դուրս կգա Նախարարության կազմից և կդառնա երրորդ կողմ: Ո՛չ 2020թ., ո՛չ 2021թ. բյուջետային արդյունքներում այս մասին որևէ նշում չկա: Հարկ է նաև սահմանել ծառայությունների արժեքը և դրանց որակի գնահատման մեխանիզմները: Սա նույնպես երկար տարիներ խոսվում է, բայց այդպես էլ չի իրականացվում: Եվս մեկ կարևոր հարց. նախապատվությունը տրվում է ավելի ցածր գին հայցողներին, սակայն, միշտ չէ, որ ամենացածր գինն ամենաարդյունավետն է, հատկապես՝ առողջապահության ոլորտում»,-նշեց Արիստակեսյանը:

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ ղեկավար Անուշ Ասլանյանը նշեց, որ ԲԿԳ-ի շրջանակներում կարևորվում է նաև կանանց, հաշմանդամների և այլ խոցելի խմբերի և նրանց կողմից ղեկավարվող սոցիալական ձեռնարկությունների մասնակցության ցուցանիշների բարձրացումը պետական գնումներին: «Դրա համար անհրաժեշտ է հրապարակել այդ ցուցանիշները: Պետությունը պետք է հասկանա իր առաջնահերթությունները, օրինակ, հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տա խոցելի խմբերին»:

Ի պատասխան պետական գնումների ոլորտում բարձրացված դիտարկումների, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Շահնազարյանը նշեց, որ հրապարակման մասով խնդիր չկա, և այդ տեղեկատվությունը կարող է դառնալ ներկայացվող հայտի մաս: Նախապատվություն տրամադրելու հարցը ևս ընդունելի է, սակայն անհրաժեշտ է մշակել արժանահավատության ստուգման մեխանիզմներ, որպեսզի վերջիններս նոր կոռուպցիոն դրսևորումների տեղիք չտան, ինչպես նաև կիրառել դրանք սուբսիդիաների նկատմամբ ևս։

Ի պատասխան իրական սեփականատերերի ինստիտուտի վերաբերյալ բարձրացված հարցադրումների՝ ՀՀ արդարադատության ներկայացուցիչ Անի Վարդերեսյանը քննարկման ժամանակ ներկայացրեց իրական սեփականատերերի ռեգիստրի կողմից արժանահավատության ստուգման և պատասխանատվության միջոցների կիրառման հարցը: «Արժանահավատության ստուգման տեսանկյունից փորձել ենք իրականացնել հետևյալը. Երկու առանձին հատուկ կարգավորում ենք նախատեսում. Առաջին՝ ընկերություններն իրենց իրական սեփականատերերի նկատմամբ իրականացնում են պատշաճ ուսումնասիրություն, երկրորդը՝ պետ. ռեգիստրի համար ավելացրել ենք վարչական վարույթ՝ ստուգելու համար տվյալների արժանահավատությունը: Երկրորդի մասով պետ. ռեգիստրը կարող է տեղեկություն պահանջել և ստանալ ինչպես ընկերությունից, այնպես էլ այլ պետական մարմիններից: Պատասխանատվության միջոցների մասով. Նախագծով առաջարկում ենք ավելացնել վարչական ֆինանսական պատասխանատվություն և քրեական պատասխանատվություն ընկերության կամ այն իրական սեփականատերերի համար, ովքեր կեղծ տվյալներ են ներկայացնել: Հրապարակայնության մասով. Այս պահին նախատեսում ենք ունենալ բաց տեղեկատվությամբ հարթակ, որը հնարավոր կլինի ամբողջությամբ անվճար ներբեռնել։ Հաշվի առնելով, որ նշյալը գտնվում է միայն նախագծային փուլում, կարծում ենք առկա է ՀՀ-ում իրական սեփականատերերի ինստիտուտի լիարժեք ներդրման ուղղված ևս մեկ հանձնառություն ամրագրման անհրաժեշտություն», -նշեց Վարդերեսյանը:

Քննարկման մասնակիցները պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա աշխատանքի հետ կապված։