Հայտարարություն Արցախում սեփականության ոչնչացման վերաբերյալ

Արցախից ժամանող հարգելի՛ քաղաքացիներ,

Մամուլից և տարբեր հրապարակումներից տեղեկանում ենք, որ դուք ոչնչացնում ենք Արցախում ձեզ սեփականության իրավունքով պատկանող գույքը։

Ամբողջությամբ կիսելով և ապրելով ձեր ցավն ու ցասումը, խնդրում և հորդորում ենք ձեզ՝ հետագայում իրավական պատճառաբանված և հիմնավոր գործընթացներ սկսելու նպատակով, ձեռնպահ մնացել համանման գործողություններից։ Ձեր սեփականության իրավունքի, պատմամշակութային արժեքների պահպանության իրավունքների հետագա պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու նպատակով, անհրաժեշտ է․

  • պահպանել ձեր անձնագիրը, ծննդյան, ամուսնության վկայականները կամ ցանկացած այլ իրավական փաստաթուղթ, որը նույնանականացնում է ձեր անձը և ձեր ազգակցական կապը․
  • պահպանել անշարժ (տուն, բնակարան, հողամասը, ավտոտնակ և այլն) և շարժական (մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, այլ կենցաղային և աշխատանքային տեխնիկա, և այլն) գույքերի վերաբերյալ սեփականության վկայականները, կամ այլ փաստաթղթեր, որոնք կհավաստեն հիշյալ գույքերի ձեռք բերումը ձեր կողմից.
  • պահպանել ցանկացած փաստաթուղթ, հին և ուժը կորցրած անձնագրեր, որոնք հավաստում են կոնկրետ հասցեում ձեր հաշվառման մասին․
  • պահպանել գույքահարկի վճարման անդորրագրերը կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը հավաստում է անշարժ գույքի նկատմամբ ձեր սեփականությունը լինելը, ձեր օգտագործման ներքո լինելը․
  • լուսանկարել, տեսանկարահանել անշարժ և շարժական գույքը, ինչը հավաստում է ձեր կողմից այն տիրապետելը և օգտագործելը․
  • փաստագրել, լուսանկարել պատմամշակութային արժեքները, ինչը հավաստում է դրանց ձեր և Արցախի տիրապետության ներքո գտնվելը:

Այս ամենով պայմանավորված, Իրավաբանների հայկական ասոցիացիան անվճար իրավաբանական խորհրդատվական աջակցություն է տրամադրում ՀՀ ներգաղթած Արցախի մեր հայրենակիցներին, հայրենիքի պաշտպանության համար կամավոր կամ զորահավաքի միջոցով մեկնող անձանց, վերջիններիս ընտանիքի անդամներին, այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով կրել են ու կրում են նյութական վնասներ:

Մեզ կարող եք զանգահարել հևտևյալ հեռախոսահամարներով՝

Երևան՝ (+374 10) 540199, բջջ. (+374 96) 448864,

Գյումրի՝ (+374 312) 58236

Վանաձոր՝ (+374 322) 22317

կամ գրել ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/armla.am/:

Անվճար իրավաբանական աջակցություն կտրամադրվի նաև այն հյուրանոցներում և հանգստյան տներում, որտեղ ժամանակավորապես բնակվում են Արցախից տեղափոխված մեր հայրենակիցները:

Իրավաբանների հայկական ասոցիացիա