Անվճար խորհրդատվությունները ռազմական դրության ժամանակ ևս շարունակվում են․ Իրավաբանների հայկական ասոցիացիա

Իրավաբանների հայկական ասոցիացիան 2020 թվականի տարեսկզբից ձեռնամուխ է եղել իրավաբանական բնույթի հարցերի առնչությամբ հասարակության լայն շերտերին առցանց անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու գործընթացին։ Այս շրջանակներում մարտի 16-ից մինչև օրս կառույցի իրավաբանների կողմից քաղաքացիներին ուղղված պատասխաններն ավելի քան 1600 են։

Խորհրդատվություններ տրվել են ոչ միայն ԻՀԱ երևանյան գրասենյակի ուժերով, այլև՝ մարզային գրասենյակների կողմից․ կառույցի Վանաձորի, Շիրակի և Սյունիքի մարզի գրասենյակների համակարգողները ևս ներգրավվել են այս աշխատանքում։ 

ԻՀԱ-ն քաղաքացիներից ստացել է ոչ միայն հարցեր՝ իրավաբանական և տեղեկատվական բնույթի, այլև դժգոհություններ ու առաջարկություններ։ Եթե սկզբնական շրջանում հարցերը վերաբերում էին համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, արտակարգ դրությունով պայմանավորված հանգամանքներին, այնուհետ՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված չեզոքացման ծրագրերին, ապա ներկայումս հարցերի գերակշիռ մեծամասնությունը վերաբերում է ռազմական դրությանը, զինվորագրմանը, զորահավաքային հարցերին։

 
 

Հոկտեմբեր ամսին տրամադրված հարցերի 80 տոկոսը վերաբերում էր բացառապես զինվորագրմանն ու զորահավաքին։ 

Հետաքրքրականն այն է, որ ժամանակի պահանջի հետ միաժամանակ փոխվում են նաև հարցերի բնույթն ու բովանդակությունը։ 

Ամփոփելով 2020 թվականի հոկտեմբեր ամիսը ստացվում  հետևյալը՝ ամս 1-ից 31-ը ներառյալ ԻՀԱ իրավաբանների կողմից մատուցվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն ևս շուրջ 50 իրավաբանական և ֆիզիկական անձանց։

Ինչպես մինչ այս, այժմ ևս անվճար խորհրդատվություններ տրամադրվելու են։