Մշակվել է ՄԻՊ ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի հաղորդակցության պլանը

«Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ներքո ընթանում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները։ Ծրագիրը ավանդույթի համաձայն հանրության ուշադրությանն է ներկայացնում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ յուրաքանչյուր շաբաթ անդրադառնալով Գործողությունների ծրագրի կոնկրետ ոլորտների։ Նախորդ նյութերով արդեն իսկ հանրության ուշադրությանն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Այս շաբաթ կներկայացնենք ՄԻՊ Ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի 89-րդ գործողության արդյունքները, որով նախատեսվում է մշակել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից  բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի հաղորդակցության պլան։

 

Համաձայն ԱՆ կողմից տրամադրված տեղեկատվության՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ (IRI) համագործակցությամբ Արդարադատության նախարարությունը մշակել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի հաղորդակցության պլանը։ Այս պլանի նպատակներն են թիրախային խմբերի շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի և քաղաքացիների համար դրա կարևորության մասին։ Միևնույն ժամանակ, «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով հասանելի է e-rights.am հարթակը: Հարթակը հնարավորություն է ընձեռում առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին, միջոցառումների իրականացման ընթացքին, հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները, ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:

Համաձայն ԱՆ ներկայացուցչի՝ Հաղորդակցման ռազմավարության մշակման համար պետական մարմինների ներկայացուցիչների հետ իրականացվել են հարցազրույցներ՝ գնահատելու նրանց իրազեկման կարիքները, գործունեության խոչընդոտները հանրային իրազեկման ոլորտում, որոնց արդյունքում զատորոշվել են հաղորդակցման ռազմավարությունում գործողությունները և միջոցառումները։ Համաձայն ԱՆ ներկայացուցիչների՝ հաղորդակցման ռազմավարությունը բավականին համապարփակ է, ընդգրկում է մի շարք գործողություններ իրենց հստակ վերջնաժամկետներով։ Նախատեսված են իրազեկման բարձրացման միջոցառումներ թիրախային խմբերի շրջանում ընդգրկելով երիտասարդներին, կանանց, խոցելի խմբերին։ Նախատեսվում է իրականացնել հանրային քննարկումներ, սեմինարներ, տեսահոլովակների նկարահանում և այլ միջոցառումներ։ Համաձայն նախարարության ներկայացուցչի՝ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է ռազմավարական հաղորդակցման մշակման աշխատանքները և իրազեկման կոնկրետ գործողություններ դեռևս չեն իրականացվել։ Այս գործողությունների իրականացումը նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերից և իրականացվելու է փուլային՝ երեք տարիների ընթացքում։

ՔՀԿ ներկայացուցիչները, համաձայն ֆոկուս խմբային քննարկումների, կարևորել են ՔՀԿ-ների դերը պետության և քաղաքացիների միջև հաղորդակցության կազմակերպման գործընթացում։ Համաձայն ՔՀԿ-ների` ՄԻՊ Ազգային ռազմավարության իրազեկման բարձրացման գործընթացում առավել շատ ներգրավված են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ ի համեմատ պետական մարմինների։ Իրազեկվածությունը, համաձայն ՔՀԿ ներկայացուցիչների, առավելապես ցածր է մարզերում՝ հատկապես հեռավոր մարզերում։ Իրազեկման գործառույթը հիմնականում մարզերում իրականացնում են ՔՀԿ ներկայացուցիչները և իրավիճակը համեմատաբար բարվոք է այն մարզերում, որտեղ կան իրավապաշտպան գործունեություն իրականացնող ՀԿ-ներ։ Համաձայն ՔՀԿ գնահատականների` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները պետական մարմինների կողմից առավել շատ հանրայնացվում են ՔՀԿ ոլորտի համար, իսկ հանրության լայն իրազեկում չի իրականացվում։ ՔՀԿ ոլորտի կողմից իրականացվող իրազեկման գործողությունները բավարար չեն Ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների պլանի առավել լայն, մասշտաբային իրազեկման ապահովման համար։

Ընդհանուր առմամբ, ՔՀԿ-ները բավարար են գնահատել ՔՀԿ-ների հետ ՄԻՊ ոլորտում պետական մարմինների համագործակցությունը։ Այնուամենայնիվ, ՄԻՊ ոլորտում ՔՀԿ սեկտորի հետ համագործակցության, փոխգործակցության տեսանկյունից ՔՀԿ-ները առանձնացրել են որոշակի բացթողումներ, մասնավորապես՝ մատնանշվել են ներգրավված ՔՀԿ-ների թվի սահմանափակությունը, մշտապես նույն կառույցներին նախապատվություն տալը։ ՔՀԿ-ները նաև մատնանշել են, որ գործընթացներում շատ փոքր է անհատ քաղաքացիների մասնակցությունը, իսկ երկխոսության նախաձեռնման գործընթացում հիմնականում նախաձեռնող կողմ է հանդիսանում ՔՀԿ սեկտորը։

Վերոնշյալ և այլ ոլորտների վերաբերյալ մշտադիտարկման առավել մանրամասն արդյունքները կներկայացվեն մոնիթորինգային զեկույցում, որը կպատրաստվի հետազոտության դաշտային աշխատանքների ավարտից հետո։ Իրավասու մարմիններին կներկայացվի նաև առաջարկությունների փաթեթ` նպատակ ունենալով բարելավել Ազգային ռազմավարության իրականացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում ընդհանուր առմամբ:                               

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը։