Ամփոփվել են տնտեսական գործունեության ոլորտում իրականացված աշխատանքները՝ ըստ ՄԻՊ ռազմավարության

«Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ներքո ընթանում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները։ Ծրագիրը ավանդույթի համաձայն հանրության ուշադրությանն է ներկայացնում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ յուրաքանչյուր շաբաթ անդրադառնալով Գործողությունների ծրագրի կոնկրետ ոլորտների։ Նախորդ նյութերով արդեն իսկ հանրության ուշադրությանն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Այս շաբաթ կանդրադառնանք ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին՝ ներկայացնելով տնտեսական գործունեության ոլորտում իրականացված աշխատանքները։

Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային Ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրով 2020 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում նախատեսվում է օրենսդրորեն կատարելագործել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության գործիքակազմը։ Գործողության իրականացման պատասխանատու մարմինը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն է։

Այս գործողության շրջանակներում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը հրապարակվել են e-draft.am հարթակում, որի վերաբերյալ  20.05.2020 – 04.06.2020 ժամանակահատվածում իրականացվել է հանրային քննարկում։ Նախագիծը միաժամանակ ներկայացվել է բոլոր շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների քննարկմանը: Քննարկումների արդյունքում լրամշակված փաթեթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ պետական-իրավական փորձաքննության համար: Նախագծերի փաթեթի լրամշակված և վերջնական տարբերակը կներկայացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Այսպիսով, թեև գործողության իրականացման ժամկետը 2020 թվականի երկրորդ կիսամյակն է, սակայն գործողության իրականացման առումով արդեն իսկ գրանցվել է նշանակալի առաջընթաց։

Գործողություն 87-ով նախատեսվում է բարձրացնել ԵԱՏՄ Մաքսային կարգավորումների վերաբերյալ իրազեկվածությունը։ Գործողության իրականացման կողմ է հանդիսանում Պետական եկամուտների կոմիտեն։ Համաձայն վերջինիս կողմից ներկայացված տեղեկատվության՝ 2020 թվականի հունվարի 1-ից հուլիսի 31-ը մշակվել և տարածվել է ԵԱՏՄ մաքսային կարգավորումների վերաբերյալ տեղեկատվական 11 նյութ։ Մշակվել և ԶԼՄ-ներով տարածվել են 1 տեսաձայնագրություն։ Տեսաձայնագրությունները եղել են ոչ միայն ռեպորտաժի, այլ նաև տաղավարային քննարկման և պատկերավոր, անիմացիոն, բացատրական տեսանյութերի ձևաչափով։ Տեղեկատվական նյութերը և տեսաձայնագրությունները լայնորեն տարածվել են լրատվական կայքերում, տպագիր մամուլում, հեռուստաընկերությունների ռադիոընկերությունների լրատվական թողարկումներով, ինչպես նաև սոցիալական ցանցերի խմբերով։ Հանրային իրազեկմանն ուղղված հրապարակումներ են իրականացվել նաև ՊԵԿ պաշտոնական կայք-էջի, Facebook, Twitter, Telegram, Youtube, All.me, newinfo.am սոցիալական հարթակներում ՊԵԿ պաշտոնական էջերի միջոցով։

Գործողություն Մոնիթորինգի արդյունք
Մաքսատներում փակցված ԵԱՏՄ կարգավորումների, մասնավորապես ներմուծման, արտահանման կարգավորումների վերաբերյալ պաստառների թիվը
ԵԱՏՄ մաքսային կարգավորումների վերաբերյալ մշակված և տարածված տեղեկատվական նյութերի թիվը
Մշակված և զանգվածային լրատվության միջոցներով տարածված ԵԱՏՄ մաքսային կարգավորումների վերաբերյալ տեսաձայնագրությունների թիվը

Վերոնշյալ և այլ ոլորտների վերաբերյալ մշտադիտարման առավել մանրամասն արդյունքները կներկայացվեն մոնիթորինգային զեկույցում, որը կպատրաստվի հետազոտության դաշտային աշխատանքների ավարտից հետո։ Իրավասու մարմիններին կներկայացվի նաև առաջարկությունների փաթեթ` նպատակ ունենալով բարելավել Ազգային ռազմավարության իրականացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում ընդհանուր առմամբ:

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

 Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը։