ՄԻՊ ռազմավարությանը նվիրված գիտաժողովի հաղթողները պարգևատրվեցին, իսկ մասնակիցները ստացան հավաստագրերը

«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ղեկավար, ԵՄ «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կրթաթոշակառու Սյուզաննա Սողոմոնյանը հավաստագրեր և մրցանակներ հանձնեց «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով հանրապետական գիտաժողովի մասնակիցներին և հաղթողներին:

Գիտաժողովին մասնակցել են ավելի քան երկու տասնյակ ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերից, որոնցից բանավոր փուլ էին անցել յոթը․
Նարե Սմբատյանը (Հայաստանում ֆրանսիական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ) Վիկտորյա Հակոբջանյանը (ԵՊՀ, Իրավագիտության ասպիրանտուրա), Մարիամ Կարապետյանը (Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ), Օրի Բակունցը (Գորիսի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ), Էլեն Հովհաննիսյանը (Վանաձորի Պետական Համալսարան, Պատմաաշխարհագրական ֆակուլտետ), Սաիդա Օհանջանյանը (Գորիսի պետական համալսարան, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ), Վարդուհի Սուվարյանը (Գյումրու «Պրոգրես» համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ)։

Հիշեցնենք, որ գիտաժողովի մասնակիցները ներկայացրել էին իրենց զեկույցները՝ խոսելով խոշտանգումների արգելքի, առողջության պահպանման, կրթության, կյանքի և այլ հիմնարար իրավունքների, դատավորների անկախության երաշխիքների մասին։ Նրանք ներկայացրել էին նաև իրենց կողմից ընտրված թեմաների արդի վիճակը, ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։

«Գիտաժողովի հաղթող» մրցանակին արժանացել էր Վիկտորիա Հակոբջանյանը, ով զեկույց էր պատրաստել առողջության պահպանման իրավունքի թեմայով։ Մրցութային երկրորդ հորիզոնականի հավաստագիր և մրցանակ ստացավ Նարե Սմբատյանը, ով անդրադարձել էր դատավորների կենսաթոշակին՝ որպես սոցիալական երաշխիք։ Պատվավոր երրորդ հորիզոնականի հավաստագիր և մրցանակ ստացավ Սաիդա Օհանջանյանը, ում հետազոտության առարկան կրթության իրավունքն էր։

Գիտաժողովի մյուս մասնակիցները մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ:

Սյուզաննա Սողոմոնյանը շնորհավորեց մասնակիցներին, ողջունեց նրանց կողմից՝ նմանօրինակ ուսուցողական միջոցառումներին մասնակցությունը, խորհուրդ տվեց յուրաքանչյուր հարցի վերաբերյալ կատարել բազմակողմանի և բազմաբովանդակ հետազոտություն: Վերջինս նաև ընդգծեց ոչ իրավաբան ուսանողների մասնակցությունը գիտաժողովին, քանի որ մարդու իրավունքները բոլորինն է՝ անկախ մասնագիտությունից։