ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատվեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը։ Վերջինիս ռազմավարական նպատակների շարքում էր «Սահմանադրական բարեփոխումների անցկացումը»։ Ի կատարումս վերոնշյալ ռազմավարական նպատակի առաջին ուղղության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշմամբ ձևավորվել է «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով»։ Այդ որոշմամբ սահմանված է, որ հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում կմշակվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, կիրականացվի դրա հանրային քննարկումը և փաստաթուղթը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Հանձնաժողովի գործունեության ոլորտներից մեկը վերաբերվում է ՀՀ-ում գործող անկախ և ինքնավար մարմինների սահմանադրականության հարցին, այդ թվում՝ խնդրո առարկա հակակոռուպցիոն մարմնին, ինչն էլ առաջացրել է համապատասխան ուսումնասիրության կատարման անհրաժեշտություն։
Սույն ուսումնասիրությունը կատարվել է «Հզորացնելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ներդրումը ԵՄ-Հայաստան համագործակցության մեջ» ծրագրի շրջանակներում իրականացված Աջակցություն ՔՀՖ ՀԱՊ հինգ աշխատանքային խմբերի գործողությունների շրջանակներում ֆինանսավորված «Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի սահմանադրական երաշխիքների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որով անդրադարձ է կատարվում հակակոռուպցիոն մարմինների մոդելների դասակարգմանը՝ առանձնացնելով դրանց առավելություններն ու թերությունները՝ հղում կատարելով միջազգային առաջադեմ պրակտիկային։ Սույն ուսումնասիրությամբ նաև քննարկվում են հակակոռուպցիոն մարմնի համընդհանուր չափանիշները, այդ թվում՝ անկախության երաշխիքները, և դրանց լույսի ներքո տրվում է Հայաստանի գործող հակակոռուպցիոն մարմինների գնահատականը։
Ուսումնասիրության նորարարությունը կայանում է նրանում, որ այն ներկայացնում է հակակոռուպցիոն մարմինների «Հայկական» մոդելի տեսլականը։