Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրում է, որ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։
Ժողովրդավարական կարգեր ունեցող պետությունը կրում է պոզիտիվ պարտականություն՝ մարդու և քաղաքացու իրավունքներն և ազատություններն երաշխավորելու, ապահովելու և պաշտպանելու։ Հենց այդ նպատակին հասնելու համար ՀՀ հանրային իշխանության բոլոր մարմինների համատեղ աշխատանքի միջոցով, ձեռնարկում է որոշակի ջանքեր։ ՀՀ Կառավարության կողմից 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին թիվ 1978-Լ որոշմամբ հաստատել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերը։ Այս ռազմավարական պլանավորման կենտրոնում դրվել են թե՛ ՀՀ Սահմանադրությամբ և թե՛ միջազգային իրավունքով սահմանված իրավական նորմերը, և ՀՀ մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակի սթափ և համապարփակ գնահատումը։
Հայաստանի Հանրապետությունը իր գոյության ժամանակահատվածում վավերացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի և կարևոր մի շարք միջազգային պայմանագրեր: Ըստ այդմ էլ մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ստանձնել է միջազգային պարտավորություններ: Նշված պարտավորությունների հենքի վրա մշակվել և իրականացվելու է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունը։
Ընդունված ՄԻՊ ռազմավարության նպատակների և խնդիրների իրագործման համար պլանավորվել են կոնկրետ և չափելի արդյունք ունեցող միջոցառումներ, որոնք պետք է արտացոլվեն համապատասխան Գործողությունների ծրագրերում՝ իրականացման առնվազն երկու փուլով։
Ռազմավարության և գործողությունների ծրագրերի իրականացման հաշվետվողականությունը, գնահատումը և մշտադիտարկումը

Նշված իրավունքների առնչությամբ սահմանված գործողությունների շրջանակներում նախատեսվել է նաև որոշ դեպքերում հասկացությունների սահմանումը։ Քննարկվող ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու և համակատարող մարմինների փոխլրացված, համաձայնեցված գործունեության միջոցով:
Պատասխանատուն այն մարմինն է, որն ապահովում է տվյալ գործողության ամբողջական կատարումը և վերջնական հաշվետվության ներկայացումը:
Համակատարողն այն մարմինն է, որն իր իրավասությունների սահմաններում ողջամիտ ժամկետում աջակցում է պատասխանատու մարմնին գործողության կատարման հարցում: Գործողությունների ծրագրով սահմանված յուրաքանչյուր միջոցառման համար համակատարող մարմինը պատասխանատու պետական մարմնին ներկայացնում է տեղեկատվություն՝ սահմանված հաշվետվության ներկայացման վերջնաժամկետից առնվազն մեկ ամիս առաջ։
Համաձայն գործողությունների ծրագրի՝ յուրաքանչյուր միջոցառման համար պատասխանատու պետական մարմինը սահմանված կարգով յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ժամկետում, արդարադատության նախարարություն և վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն:
Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ժամկետում, պատասխանատու մարմինները արդարադատության նախարարություն և վարչապետի աշխատակազմ են ներկայացնում գործողությունների իրականացման տարեկան հաշվետվություններ, որոնք քննարկվում են Համակարգող խորհրդում և հավանության արժանանալուց հետո հրապարակվում արդարադատության նախարարության կայքէջում և միասնական էլեկտրոնային հարթակում։ Գործողությունների ծրագրերի ժամկետի վերջին տարվա մինչև սեպտեմբերի 30-ը պատասխանատու մարմինները արդարադատության նախարարություն և վարչապետի աշխատակազմ են ներկայացնում միջոցառումների իրականացման վերջնական հաշվետվություններ։
Հատկանշական է, որ ինչպես գործողությունների ծրագրի մշակման, այնպես էլ հաշվետվությունների ներկայացման փուլում՝ հասարակական և միջազգային կազմակերպությունները, Հայաստանում հավատագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները, ինչպես նաև այլ անձինք կարող են գործողությունների ծրագրերի իրականացման նկատմամբ ներկայացնել դիտարկումներ և զեկույցներ։ Ինչպես հաշվետվությունները, դրանք ներկայացվում են արդարադատության նախարարություն և վերջիններս պարտավոր են 10-օրյա ժամկետում տեղադրել էլեկտրոնային հարթակում։
Ըստ Գործողությունների ծրագրերի՝ դրանց կատարումը համակարգելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվում է Համակարգող խորհուրդ, որի հիմնական նպատակը ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրերի կատարման ընթացքը համակարգելը, մշտադիտարկելը և գործողությունների կատարմանը նպաստելն է:

Խորհրդի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո հնգօրյա ժամկետում նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվելու է համապատասխան էլեկտրոնային հարթակում և արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում:
Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։