Արտակարգ դրության պայմաններում Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է անվճար խորհրդատվություններ տրամադրել քաղաքացիներին

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում շարունակելով իր որդեգրած ռազմավարությունը Իրավաբանների հայկական ասոցիացիան մարտի 16-ից ձեռնամուխ է եղել իրավաբանական բնույթի հարցերի առնչությամբ հասարակության լայն շերտերին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելուն։ 

Այս շրջանակներում մարտի 16-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում կառույցի իրավաբանները պատասխանել են քաղաքացիների ավելի քան 1000 հարցի։

Խորհրդատվություններ տրվել են ոչ միայն ԻՀԱ երևանյան գրասենյակի ուժերով, այլև՝ մարզային գրասենյակների կողմից։ Կառույցի Վանաձորի, Շիրակի և Սյունիքի մարզի գրասենյակների համակարգողները ևս ներգրավվել են այս աշխատանքում։ 

Կառույցը քաղաքացիներից ստացել է ինչպես հարցեր, այնպես էլ դժգոհություններ ու առաջարկություններ։ Իրենց հարցերն են ուղղել ոչ միայն անհատները, այլև՝ կազմակերպությունները։ Ընկերությունները իրենց հարցերն են ուղարկել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Bizprotect.am ազդարարման հարթակի միջոցով։ Որոշ դեպքերում հարկ է եղել գրություններ ուղարկել պարետատուն և այլ պետական մարմիններ։ 

Ամփոփելով 2020 թվականի առաջին կիսամյակը՝ ստացվում է հետևյալ պատկերը 2020 թվականի հունիսին 1-ից 30-ը ներառյալ ԻՀԱ իրավաբանների կողմից մատուցվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն ևս 132 իրավաբանական և ֆիզիկական անձանց։

Անվճար խորհրդատվություններ դեռ կշարունակվեն տրամադրվել։