2020 թվականի մայիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքէջում հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերը։
Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել է անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք է Փաստահավաք հանձնաժողովը՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաև՝ հաշտեցման հանձնաժողովը:
Ըստ նախագծի հիմնավորումների՝ Հայաստանի Հանրապետությունում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ուղղված է նախևառաջ 1991 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը տեղի ունեցած` դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը, որը պետք է գործի հետևյալ սկզբունքների հաշվառմամբ` անձանց իրավունքների և արժանապատվության հարգում և պաշտպանություն, անկախություն, օբյեկտիվություն և անկողմնակալություն, քաղաքական չեզոքություն, կոլեգիալություն, ֆինանսական ինքնուրույնություն, հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն, համագործակցություն:
Հիմք ընդունելով օրենքի նախագծի ուսումնասիրությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկները հանգում են ներքոնշյալին:
- Օրենքը որևէ կերպ չի անդրադառնում 1991-2018թթ. տեղի ունեցած կոռուպցոին հանցագործությունների ուսումնասիրմանը: Գաղտնիք չէ, որ այդ տարիների ընթացքում և ընդհանրապես պետություն-քաղաքացի անհամաձայնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները պրոյեկտվում են հենց կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վրա: Ավելին, սույն նախագծի հեղինակները նախագծի հիմնավորումներում անդրադարձել են Քենիայի փորձին, որտեղ շեշտադրվում էր 1962թ.ից, Քենիայի անկախությունից ի վեր կատարված կոռուպցիոն հանցագործությունների հետքերով գնալը: Այս տեսանկյունից, հարկ է օրենքի մակարդակով ամրագրել Հանձնաժողովի կողմից՝ 1991-2018թթ. ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի ունեցած հնարավոր կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և սխեմաների ուսումնասիրումը:
- Օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է Հանձնաժողովի կազմավորման կարգը: Ըստ նշվածի 1-5-րդ մասերի համաձայն՝ Հանձնաժողովը կազմված է 9 անդամներից, որոնցից 1-ը ներկայացվում է Կառավարության, 1-ը ՝ Ազգային Ժողովի, 1-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Մնացյալ 6 անդամներին 2-ական կարգով ներկայացնում են Ազգային Ժողովի 3 խմբակցությունները, ընդ որում, ներկայացվող 2-ից 1-ը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը որպես կանոնադրական նպատակ ունեցող հասարակական կազմակերպությունների առաջարկած թեկնածուների շարքից:
Խորհրդարանական խմբակցությունների կողմից երկուական թեկնածու նշանակելը ոչնչով չի հիմնավորվում, սակայն նման կարգավորման նպատակը հասարակական կազմակերպությունների մասնակցությունն ապահովելն է:
Պետք է նկատի ունենալ, որ նման կարևոր իրավազորություն ունեցող, հրապարակայնության սկզբունքի հիման վրա գործող Հանձնաժողովի կազմավորման գործընթացում անհրաժեշտ է մեծացնել հանրության մասնակցության աստիճանը: Այս տեսանկյունից առաջարկում ենք նախատեսել Հանրային խորհրդի՝ քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու իրավասությամբ օժտված, սահմանադրական կարգավիճակ ունեցող մարմնի կողմից Հանձնաժողովի անդամի թեկնածուի ներկայացումը:
Չմոռանալով մարմնի պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական պիտանելիության մասին, առաջարկում ենք նախատեսել նաև Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի կողմից Հանձնաժողովի անդամի թեկնածուի ներկայացումը:
Առաջարկում ենք այս երկու փոփոխությունները կատարել ի հաշիվ խորհրդարանական խմբակցությունների կողմից ներկայացվելիք 1-ական թեկնածուների` առաջարկելով խորհրդարանական խմբակցություններից յուրաքանչյուրը ներկայացի 1 թեկանածու` մարդու իրավունքների պաշտպանությունը որպես կանոնադրական նպատակ ունեցող հասարակական կազմակերպությունների առաջարկած թեկնածուների շարքից: Հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը առավել մեծացնելու համար, առաջարկվում է Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից ներկայացվելիք թեկնածուներին ևս ընտրել այն հասարակական կազմակերպությունների առաջարկած ցուցակներից, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությունը:
Հանձնաժողովի առաջարկվող կազմն ունի հետևյալ տեսքը. Կառավարություն, Մարդու իրավունքների պաշտպան, Ազգային ժողով՝ 1-ական թեկնածու, խորհրդարանական երեք խմբակցություններ՝ 1-ական թեկնածու, Հանրային խորհուրդ, Փաստաբանների պալատ՝ 1-ական թեկնածու: Անդամների ընդհանուր թիվը 8-ն է: Իրավաբանների հայկական ասոցիացիան գտնում է, որ անհրաժեշտություն չկա պապհպանել 9 հոգու սկզբունքը և արհեստականորեն նախատեսել այլ թեկնածու, քանզի աշխարհին հայտնի փորձում առկա են նաև զույգ թվով անդամներ ունեցող հաշտեցման հանձնաժողովներ, օրինակ, Չիլի՝ 10 անդամ: - Օրենքի 36-րդ հոդվածի 6—րդ մասը ա-զ կետերով սահմանում է Փաստահավաք հանձնաժողովի եզրակացությունների և առաջարկների ոլորտների շրջանակը: Այսինքն, սահմանվում է ոլորտների սպառիչ ցանկ, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը կարող է եզրակացություններ և առաջարկներ կազմել: Կարծում ենք, առավել արդյունավետ է հրաժարվել սպառիչ ցանկից և 36-րդ հոդվածի 6-րդ մասի զ կետը ավելացնել «և այլն» արտահայտությամբ:
Սա պայմանավորված է նրանով, որ հանձնաժողովի բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում կարող են առաջանալ տարատեսակ առաջարկների ներկայացման անհրաժեշտություն, և տվյալ պահին օրենքի նման սպառիչ ցանկը կդառնա Հանձնաժողովի՝ եզրակացությունների և առաջարկների անարգել կազմման խոչընդոտ: