Մեկնարկել են հանրային քննարկումները՝ «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի իրազեկման և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի քննարկման վերաբերյալ։
Մայիսի 12-ին, կայացավ առաջին սեմինար-հանրային քննարկումը՝ Շիրակի և Արագածոտնի մարզերի հասարակական կազմակերպությունների, փաստաբանների, իրավաբանների, մարզպետարանի, համայնքների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Ողջույնի խոսքով հանդես եկան «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ղեկավար Սյուզաննա Սողոմոնյանը և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի անդամ, փաստաբան Գայանե Գևորգյանը։
Սյուզաննա Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց մասնակցության համար, և ապա ներկայացրեց ծրագիրը, գործողությունները և ակնկալվող արդյունքները։ «Ցանկացած ժողովրդավար և իրավական պետության հիմքում պետք է դրված լինի մարդու իրավունքների պաշտպանությունը։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների կարևորագույն գործողություններ նախատեսված է իրականացնել 2020 թվականին։ Ամենակարևոր արդյունքը, որը մենք ցանկանում ենք նվաճել ծրագրի շրջանակներում, դա իրավական և սոցիոլոգիական հենքի վրա կառուցված փաստակված զեկույցի պատրաստումն է, որով պետք է հասկանանք, թե որքանով են կատարվել ռազմավարությամբ նախատեսված միջոցառումները, դրանց որակական և քանակական չափանիշները։ Մի բան է, երբ ունենում ենք քանակական արդյունքներ, բայց մեկ այլ բան է, թե քանակական արդյունքներն ինչպիսի որակ ունեն և ինչպես են ազդելու կոնկրետ համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Փաստարկված զեկույցի հիման վրա կազմվելու են նաև առաջարկություններ՝ ուղղված ռազմավարության և դրանում տեղ գտած միջոցառումների իրականացման բարելավման»,-ասաց նա։

Սյուզաննա Սողոմոնյանը նշեց նաև, որ Ռազմավարության առաջին 8 ամիսներին սոցիոլոգի կողմից մոնիթորինգի են ենթարկվելու նախարարությունների և տարբեր գերատեսչությունների կողմից կատարված միջոցառումները՝ հատուկ մշակված մեթոդոլոգիայով, որտեղ ակտիվ մասնակցություն պետք է ունենան ՔՀԿ-ները, ոլորտային պատասխանատու կառույցները։
«2020-2022 թվականների համար մենք կգնահատենք գործողությունների առաջընթացը, ավելի շատ որակական տեղեկատվություն կներկայացվի, այն գործողությունները, որոնք նախատեսված են իրականացնել առաջին կիսամյակում, մենք կկարողանանք գնահատել՝ արդյո՞ք հասել են դրանք իրենց նպատակին, կա՞ն ժամկետների խախտումներ, թե՝ ոչ և այլն։ Համեմատումներ կարվեն իհարկե նաև ելակետային տվյալների հետ»,- ասաց ծրագրի սոցիոլոգ-փորձագետ Սոնյա Մսրյանը։

«Կա 2 ընատնիքն, որտեղ կինը և երեխաները բռնության են ենթարկվել, նրանք ապրում են վագոն-տնակների մեջ։ Բռնության ենթարկված կնոջն ու ընտանիքին օգնել ենք»,- ասաց Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։
Նա խոսեց նաև ներառական կրթության մասին՝ նշելով, որ համայնքում ունեն նաև մանկապարտեզ, որը ևս ներառական է։ Այնտեղ աշխատում են լոգոպեդ և հոգեբան։


Խոսվեց նաև ընտանիքում բռնության դեպքերի, խնամքի տների, ինչպեսև առողջապահական ոլորտի, մասնավորապես՝ բժշկական գաղտնիքի մասին՝ նշվեց, որ մարզում շատ են լինում դեպքերը, երբ հիվանդանոցում հիվանդ պացիենտից բացի, նրա հիվանդության մասին իմանում են երրորդ անձիք՝ ընտանիքի մյուս անդամները՝ խախտելով անձնական տվյլաների գաղտնիության իրավունքը։
Մասնակիցները նշեցին, որ սիրով կհամագործակցեն և իրենց աջակցությունը կներկայացնեն՝ խնդիրները վեր հանելու, դրանց լուծումների համար առաջարկներ ներկայացնելու հարցում։
Նշենք նաև, որ քննարկման արդյունքում վեր հանված խնդիրներն ու մարտահրավերները ամփոփվել են իրավաբան-փորձագետի կողմից, որոնք հաշվի են առնվելու մոնիթորինգի իրականացման, զեկույցի և առաջարկությունների մշակման գործընթացում։
Համանման քննարկումներ նախատեսվում են անցկացնել նաև Լոռու, Սյունիքի և Երևանի ՔՀԿ-ների, պետական իրավասու մարմինների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կողմից։
