«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ բարեկամներ,
ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի գործունեության 2018թ. տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն), որտեղ ամփոփ ներկայացված են կառույցի գործունեությունը, իրականացրած և ընթացիկ ծրագրերը, տարեկան ֆինանսական արդյունքները: Մեզ համար խիստ կարևոր է կառույցի գործունեության բարեխղճության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանումը մեր շահառուների, անդամների, գործընկերների, պետական մարմինների ու դոնոր կազմակերպությունների առջև, ուստի մենք հանրայնացնում ենք յուրաքանչյուր տարվա հաշվետվություն:
2018թ. ընթացքում ԻՀԱ-ն շարունակել է իրականացնել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի շրջանակներում համագործակցել է ՀՀ պետական մարմինների հետ, հանդիպումներ է ունեցել ծրագրով սահմանված 9 թիրախային ոլորտների իրավասու մարմինների հետ, մասնակցել ՀՀ ռազմավարական մի շարք փաստաթղթերի նախագծման, մշակման, հասարակական մշտադիտարկման գործընթացին, հանրային վերահսկողությանը։ Դեռ ավելին, մեզ համար մեծ կարևորություն ուներ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ. Հայաստան» ծրագիրը, որը տևելու է մինչև 2019թ. հոկտեմբերի 1-ը։ Մենք վստահ ենք, որ մի շարք առանցքային ձեռբերումներ կլինեն այս ծրագրի շրջանակներում, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը եղել և շարունակում է մնալ ԻՀԱ ռազմավարական առաջնահերթություններից մեկը։
ԻՀԱ-ի կողմից հիմնված Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը իր բարձր վստահելիության շնորհիվ հասարակության և մասնագիտական լսարանում դարձել է էլ ավելի պահանջված հարթակ հանրային հնչեղություն ունեցող գործերի և իրավական թեմաների քննարկման համար:
Առանձնահատուկ պետք է նշեմ, որ ԻՀԱ-ի բոլոր ձեռքբերումներն ու գաղափարների կյանքի կոչումը հնարավոր է դառնում բացառապես ԻՀԱ-ի միասնական թիմի՝ կառույցի Երևանի և մարզերի անդամների ու աշխատակազմի, կամավորների ու շահառուների, գործընկերների ու դոնորների անմիջական մասնակցության շնորհիվ, որոնց հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը: Հավաստիացնում եմ բոլորիդ, որ մեր համատեղ աշխատանքը գնահատվում է և հանգեցնում ցանկալի արդյունքների, ինչը ոգևորում է մեզ՝ շարունակելու աշխատել և ստեղծագործել մեծ եռանդով:
Հարգանքով՝
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԻՀԱ-ն հիմնադրվել է 1995թ. Երևանում. իր գործունեության ընթացքում վայելում է հասարակության վստահությունը: Ունենալով հստակ առաքելություն և արժեքներ՝ ԻՀԱ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները։
ԻՀԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են մարդու իրավունքների՝ ներառյալ սոցիալապես խոցելի խմբերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրականացումը, արդարադատության և այլ ոլորտների բարեփոխումներին աջակցությունը, իրավաբանների զարգացմանը, կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը։
ԻՀԱ-ն կարճ ժամանակում գործնական կապեր հաստատեց մի շարք պետական, մասնավոր և միջազգային կառույցների հետ, իրականացրեց բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված կազմակերպության հիմնական ուղղությունների իրագործմանը: Ներկայումս ԻՀԱ-ն ունի 5 մասնաճյուղեր՝ Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
2010թ. ԻՀԱ-ն գործարկում է նաև Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը (այսուհետ՝ Ցանց): 2013 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ը որոշեց վաղաժամկետ դադարեցնել «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը, ինչի արդյունքում 2014թ. փետրվարի 1-ից Ցանցը համախմբվեց, և հասարակական հիմունքներով գործարկվեցին հակակոռուպցիոն կենտրոններ։ Դրանք ներկայումս տեղակայված են Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
ԻՀԱ-ն ամեն տարի թարմացնում է իր իրավաբանական գրադարանը, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք: ԻՀԱ-ն գործարկում է եռալեզու պաշտոնական վեբ կայք՝ https://armla.am/, իսկ Ցանցի պաշտոնական կայքն է՝ www.aac.am:
2018թ. հասանելիության բարձր ցուցանիշներով գործարկվել է www.iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը հայերեն և անգլերեն լեզուներով՝ ունենալով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ավելի քան 160.000 հետևորդ:
- ԻՀԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԸ
- ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:
- ԻՀԱ-ի արժեքներն են՝
- Համամարդկային և հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ,
- Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն,
- Մարդու պաշտպանված իրավունքներ,
- Մասնագիտական բարձր գիտելիքներ և բարոյական արժեքներ կրող իրավաբաններ,
- Հզոր քաղաքացիական հասարակություն:
- ԻՀԱ-ի թիմը։
ԻՀԱ-ի հաջողության գրավականը նրա թիմն է։ Արհեստավարժ մասնագետները, ովքեր պարբերաբար կատարելագործում են իրենց գիտելիքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, անգնահատելի ներդրում ունեն կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով նոր նախաձեռնություններով և նորարարական գաղափարներով: ԻՀԱ-ն պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մի շարք մարզամշակութային միջոցառումներ: ԻՀԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների նշանակությունը և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- ԻՀԱ-ն մշտապես ջանում է ընդլայնել իր համախոհների և գործընկերների շրջանակը՝ դրան զուգահեռ շարունակելով սերտ համագործակցությունը իր վաղեմի գործընկերների հետ: Ընթացիկ տարում կազմակերպությունն իրականացնելով տարաբնույթ հակակոռուպցիոն և մասնագիտական միջոցառումներ, ձեռք է բերել նոր գործընկերներ ևս, որոնց շարքում են տարբեր հասարակական և միջազգային կազմակերպություններ, պետական մարմիններ, բիզնես կառույցներ:
- Համագործակցություն Եվրոպական միության հետ։
- 2016թ. դեկտեմբերի 16-ից մեկնարկած երեքտարյա տևողությամբ ԵՄ ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իր առջև դրված նպատակները շարունակեց ի կատար ածել 2018թ.–ի ընթացքում։ Ծրագիրն իրականացվում է ԻՀԱ–ի կողմից` գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ–ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումն է, իսկ առանձին նպատակ են հանդիսանում ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:
- ԵՄ համագործակցության շրջանակներում 2018թ. դեկտեմբերի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայիում՝ Ավստրիայի դաշնային տնտեսական պալատում, Եվրոպական հանձնաժողովի նախագահությամբ կայացավ Արևելյան գործընկերության 5-րդ բիզնես ֆորումը, որի ժամանակ ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը ներկայացրել է Bizprotect.am կայքի գործունեությունը և վերջինիս միջոցով բիզնես ներկայացուցիչներին տրված խորհրդատվությունների մասով ցուցանիշներ։
- 2018թ. դեկտեմբերի 7-ին Վիեննայում, Եվրախորհրդի Ավստրիայի նախագահությունը հյուրընկալեց Արևելյան գործընկերության (ԱԼԳ) առաջին բարձր մակարդակի համաժողովը` «Հզոր տնտեսություն հզոր հասարակությունների համար. ներդրումներ մարդկային կայուն զարգացման նպատակով» թեմայով, որին մասնակցել է նաև ԻՀԱ-ի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը:
- Համագործակցություն Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ։ Հայաստանում 2018թ. հոկտեմբերի 1-ից մեկնարկեց «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ. Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Այն ֆինանսավորվում է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) կողմից։ Ծրագրի տևողությունը մեկ տարի է՝ 2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. հոկտեմբերը: Ծրագրի նախատեսված բյուջեն կազմում է՝ 47,220 ԱՄՆ դոլար, որից 41,970 ԱՄՆ դոլարը նախատեսվում է տրամադրել Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը։ Ծրագրի հիմնական նպատակն է հայաստանյան բիզնեսներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի (Anti-Corruption Compliance Programs) ներդրումը, որը կնպաստի Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի արժեքների սերմանմանը։
- Համագործակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի հետ։ Ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի՝ Հայաստանի վերաբերյալ մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը ներկայացվել է պետական և հասարակական հատվածի շուրջ 3 տասնյակ ներկայացուցիչների, որոնց շարքում էին ԻՀԱ փորձագետները ևս։ Զեկույցում ներառված էին կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններն ու առկա խնդիրները: Մասնավորապես, առանձնացվել է հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության ոլորտների օրենսդրության մշակումը, Էթիկայի և շահերի բախման ոլորտի օրենսդրական բարեփոխումները, ապօրինի հարստացման քրեականացումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը, ազդարարման համակարգի ստեղծումը, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը գնումների ոլորտում: Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանի հանձնարարականների կատարողականները, ինչպես նաև ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի կողմից Հայաստանին տրված նոր հանձնարարականները։
- Համագործակցություն ԵԱՀԿ գրասենյակի հետ։ ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սեվերինոյի գլխավորած պատվիրակությունը 2018թ. հուլիսի 19-ին հանդիպում ունեցավ ԻՀԱ ներկայացուցիչների հետ: Սեվերինոն բարձր գնահատեց հակակոռուպցիոն պայքարի կարևորությունը և ԻՀԱ հետևողական գործողություններն այս ոլորտում։
- Համագործակցություն Մարդու իրավունքների միջազգային հանրության միջազգային խորհրդի հետ։ 2018թ. հոկտեմբերի 15-ին ԻՀԱ ներկայացուցիչները հյուրընկալեցին Մարդու իրավունքների միջազգային հանրության միջազգային խորհրդի նախագահ Թոմաս Շիրմախերին և գործընկերներին։ Պարոն Շիրմախերը բարձր գնահատեց կազմակերպության ջանքերը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և լավ կառավարման ամրապնդմանը։ Կողմերը քննարկեցին նաև համագործակցության հիմնական ուղղությունները։ ԻՀԱ օժանդակությամբ պարոն Շիրմախերը հանդիպեց նաև ՔՀԿ այլ ներկայացուցիչների։
- Համագործակցություն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) հետ։ Սեպտեմբերի 12-ից 14-ը Երևանի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ՖՄԿ-ի կողմից կազմակերպված Ֆրանկոֆոն հասարակական միջազգային կազմակերպությունների 11-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաև ԻՀԱ ներկայացուցիչը։
- Համագործակցություն «Իրավաբաններ առանց սահմանների» (“Avocats Sans Frontières”) միջազգային հասարակական կազմակերպության հետ։ Սեպտեմբերի 14-ին ԻՀԱ-ն հյուրընկալեց «Իրավաբաններ առանց սահմանների» (“Avocats Sans Frontières”) միջազգային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Ֆրանսուա Կանտիերին և կազմակերպության տնօրենի օգնական Հարութին Մուրադյանին։ «Իրավաբաններ առանց սահմանների» կազմակերպությունը մարդու իրավունքների և դատարանի հասանելության ապահովման ոլորտներում մասնագիտացված կառույց է։
- Համագործակցություն Սևծովյան տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումի շրջանակներում։ 2018 թվականի նոյեմբերի 12-14-ը Բրյուսելում տեղի ունեցավ Սևծովյան տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը։ Ֆորումին մասնակցում էին մեկ հարյուրից ավել հասարակական կազմակերպություններ։ Մասնակցում էր նաև ԻՀԱ խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը։
- Համագործակցություն միջազգային հակակոռուպցիոն համաժողովի շրջանակներում։ 2018թ. հոկտեմբեր 22-24-ը Կոպենհագենում մեկնարկեց 18-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովը, որին մասնակցում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։ Եռօրյա համաժողովի ծավալուն օրակարգը ընդգրկում էր պլենար և պանելային քննարկումներ կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերների և կարևորագույն մեխանիզմների վերաբերյալ, որոնց շարքում են՝ անկախ հակակոռուպցիոն մարմինների ձևավորման սկզբունքները, կոռուպցիայի և այլ հանցագործությունների հետևանքով գողացված ակտիվների վերականգնումը, իրական սեփականատերերի ռեգիստրը, էլեկտրոնային ինովացիոն գործիքները, սոցիալական արդարությունը և այլն։
- Համագործակցություն ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ։ Կոալիցիան շարունակեց իր բնականոն գործունեությունը։ Կայացան կառավարման խորհրդի նիստերը։ Կոալիցիային միացան «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն: 2018 թ. դեկտեմբերի 19-ին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հակակոռուպցիոն միջոցառման շրջանակներում անցկացվեց Կոալիցիայի 3-րդ համաժողովը: Համաժողովի ընթացքում ներկայացվեց և հաստատվեց Կոալիցիայի 21.07.2017-31.10.2018թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը, որից հետո քննարկվեց և հաստատվեց նաև Կոալիցիայի 2019-2023թթ. ռազմավարությունը:
- Համագործակցություն ՀՀ կառավարության հետ։
- ԻՀԱ-ն Կառավարությանը ներկայացրել է առաջարկություններ և կարծիք «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։
- 2018թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության աշխատանքային խմբի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկումը։ Նիստին մասնակցում էին նաև ԻՀԱ իրավաբան-փորձագետները։ Հարկ է նշել, որ սեպտեմբերին և հոկտեմբերին մի շարք աշխատանքային հանդիպումներ և հասարակական քննարկումներ տեղի ունեցան կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային փորձագետների մասնակցությամբ, որոնց նպատակը վերը նշված գործողությունների պլանի բարելավումն էր։ Այդ հանդիպումներին մասնակցել են նաև ԻՀԱ-ի և Կոալիցիայի իրավաբան-փորձագետները։ Կոալիցիան և ԻՀԱ-ն ներկայացրել են 7 առաջարկություն, որից 3-ը ընդգրկվել են գործողությունների ծրագրում, որոնք են պետական պաշտոնյաների հայտարարարագրեր ներկայացնող անձանց ցանկի ընդլայնման, իրական սեփականատերերի ռեգիստրի և տեղական ինքնակառավարման վերաբերյալ առաջարկությունները:
- ԻՀԱ-ն Կառավարության հետ համատեղ կազմակերպեց առաջին մասնագիտական-փորձագիտական խորացված և գիտելիքահեն, բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով համաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
- Համագործակցություն ՀՀ ազգային ժողովի հետ։ Կառուցողական երկխոսության հանձնառության ծրագրի փորձագիտական աջակցության շնորհիվ Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիան և ԻՀԱ-ն տևական ժամանակ փաստարկված բարձրաձայնել են դեղատոմսերի վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ խնդիրների մասով: Այդ կարգավորումների հետևանքով գործնականում լուրջ խնդիրներ են առաջացել բժիշկների և պացիենտների համար՝ դեղատոմսեր դուրսգրելու և դեղեր ձեռքբերելու դեպքերում: Հիշյալ ՔՀԿ-ների կողմից ներկայացվել է համատեղ գրություն՝ ուղղված Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին՝ այդ հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով: Նաև հանդիպումներ են կազմակերպվել ԱԺ առողջապահական և սոցիալական հարցերով հանձնաժողովի ղեկավարի և «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցչի հետ: Նաև այս ջատագովական գործունեության արդյունքում մարտի 26-ին կազմակերպվեցին խորհրդանական լսումներ՝ «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով:
- Համագործակցություն Ճանապարհային ոստիկանության և «Իքս դրայվ ավտո-մոտո սպորտ դպրոց կազմակերպության» հետ։ ԻՀԱ-ն «Իքս դրայվ ավտո-մոտո սպորտ դպրոց կազմակերպության» հետ համատեղ հանդես եկավ առաջարկություններով՝ ուղղված վարորդական վկայականի տրման խնդիրների լուծմանը։ Ինչպես նաև Ճանապարհային ոստիկանություն ուղարկվեց «ՀՀ-ում վարորդական իրավունքի տրման խնդիրների վերհանում և լուծումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում» ամփոփ աշխատությունը։ Ճանապարհային ոստիկանության մասնակցությամբ կայացավ թվով երեք աշխատանքային հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկման դրվեց վարորդական վկայականների տրման մասը կազմող գործընթացի տեսական և գործնական քննությունների մասով հնարավոր փոփոխությունները։ ԻՀԱ-ն ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք 2019թ.-ին պետք է դրվեն իրավական հիմքերի վրա։
- Համագործակցություն Պետական եկամուտների կոմիտեի հետ։ ԻՀԱ-ի և գործընկեր 102 ՔՀԿ-ների առաջարկով ՊԵԿ նախագահի` 2018թ. փետրվարի 13-ի թիվ 59-Ն հրամանը համապատասխանացվել է օրենքի պահանջներին և ստեղծվել է ՔՀԿ-ՊԵԿ աշխատանքային խումբ, որը 2019թ. կմշակի «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծով նախատեսված հաշվետվողականության ընդլայնման չափանիշները: Աշխատանքային խմբի կողմից մշակվող նախագծերով կլրացվի և կփոփոխվի «Հասարակական կազմակերպությունների» և «Հիմնադրամների» մասին օրենքներում առկա այն կարգավորումները, որոնք խնդրահարույց են՝ իրավական որոշակիության առումով:
ՊԵԿ կայքում ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչ տեղադրելու վերաբերյալ ԻՀԱ-ն և Կոալիցիան ներկայացրել են առաջարկություն, որը նույնպես կյանքի է կոչվել։ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում ապրիլի 10-ից գործում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այսուհետ ավտոմեքենա ներկրել պատրաստվող ցանկացած քաղաքացի կարող է նախապես իմանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարել: ՊԵԿ-ը թափանցիկ գործունեության շրջանակում ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացը դարձնում է առավել հրապարակային, վստահելի և կանխատեսելի՝ առաջնորդվելով գործընթացի նկատմամբ հանրության հետաքրքրությանն ընդառաջ գնալու պահանջով:
- ԻՀԱ–ԻԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
- Կոռուպցիայի դեմ պայքար. «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիր։
- Հայաստանում հոկտեմբերի 1-ից մեկնարկած «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի (այսուհետ սույն կետում՝ Ծրագիր), շրջանակներում Հայաստանի 4 մարզերում՝ Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Շիրակում և Երևանում փոքր և միջին ձեռնարկատիրական ընկերություններ արդեն միացել են Ծրագրին և լրացրել «Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի դերը. Հայաստանյան իրականություն» թեմայով հարցաթերթերը: Ամփոփվեց Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում և Կապանում ընդհանուր թվով 75 ընկերությունների կողմից լրացված հարցաթերթերի վիճակագրությունը՝ ըստ ձեռնարկատիրական ըներության տեսակի, կազմակերպության ղեկավար մարմնի սեռի, և գործունեության ոլորտի:
- 2018թ. դեկտեմբերի 4-ին Կիևում կայացավ Կորպորատիվ տնօրենների երրորդ միջազգային համաժողովը, որը Միջազգային CIPE կազմակերպության (Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն) օժանդակությամբ կազմակերպել էին Կորպորատիվ կառավարման մասնագետների ասոցիացիան (CGPA) և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)։ Միջոցառմանը մասնակցում էին նաև «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ. Հայաստան» ծրագրի Իրավաբանների հայկական ասոցիացիայի բաղադրիչի ղեկավար Մարիամ Զադոյանը և ԻՀԱ խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը։ Համաժողովի նպատակը կորպորատիվ կառավարման ոլորտում աշխատող մասնագետների լայն շրջանակներին ընկերությունների անկախ ղեկավարների աշխատանքի լավագույն փորձի և կորպորատիվ կառավարման միջազգային առաջադեմ պրակտիկայի համապատասխան ասպեկտների հետ ծանոթացնելն էր:
- 2018թ. մայիսի 21-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովի ընթացքում ելույթներ ու քննարկումներ են եղել Հայաստանում ներդրված ապօրինի հարստացման քրեականացման և ազդարարման ինստիտուտների, հակակոռուպցիոն պայքարում ակտիվների վերականգման ինստիտուտ ներդնելու և դրա հնարավորությունների, հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին ստեղծելու անհրաժեշտության, բիզնեսի և քաղաքականության տարանջատման, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, մենաշնորհների դեմ պայքարի և իրական սեփականտերերի բացահայտման ինստիտուտի ստեղծման անհրաժեշտության մասին:
- 2018թ. դեկտեմբերի 19-ին, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որի առաջին մասը նվիրված էր 2019-2022թթ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկմանը։ Միջոցառման ժամանակ ներկաներին հայտնեցին, որ ԻՀԱ-ն և Կոալիցիան համատեղ ներկայացրել են 49 առաջարկություններ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում ներառելու նպատակով, որոնք վերաբերում են Հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմնի հիմնադրմանը, իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրմանը, գողացված ակտիվների վերականգնմանը, հակակոռուպցիոն կրթությանը, հակակոռուպցիոն դատարանի հիմնադրմանը, հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրմանը առևտրային ընկերություններում և այլն։ Պետք է արդարացիորեն նշել, որ առաջարկությունների մի մասն արդեն տեղ է գտել ռազմավարության նախագծում, սակայն դեռևս անելիքներ կան անելու։
- 2018թ. դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2018 թ. հոսքի փակման արարողությունը: 8 երիտասարդներ ներկայացրեցին զեկույցներ՝ հակակոռուպցիոն ոլորտում իրենց կողմից կատարված հետազոտությունների վերաբերյալ: Նրանք խոսեցին «Գողացված ակտիվների վերադարձման հնարավորությունները Հայաստանում», «Ազդարարման համակարգը Հայաստանում. առկա խնդիրները և զարգացման միտումները», «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը Հայաստանում», «Անկախ հակակոռուպցիոն մարմնի հզորության միջազգային չափորոշիչները» թեմաներով:
- ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն (ԿԵՀ)» ծրագրի (սույն կետում այսուհետ՝ Ծրագիր) իրականացում[1]։
- Ծրագրի շրջանակներում հրապարակվեց «Հասարակական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող 100 հարց ու պատասխան» հանրամատչելի ձեռնարկը, որը ամփոփ ուղեցույց է ՔՀԿ-ների գործունեության ընթացքում մի շարք հարցերի հետ բախվելիս անհրաժեշտ պատասխաններն ու լուծումները ստանալու համար։
- 2018թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Ծրագրի ղեկավար հանձնաժողովի առաջին նիստը: Նիստին ներկա էին ծրագրային կոնսորցիումի անդամները, Ծրագրի ղեկավար հանձնաժողովի անդամները, Ծրագրի ղեկավար հանձնաժողովի դիտորդները` Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհառու կոալիցիաների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պաշտոնյա Պաուլիոս Ստրելսիունասը։
- Ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, հաջողություններն ու դժվարությունները քննարկելու նպատակով կայացան հանդիպումներ ՔՀԿ ներկայացուցիչների հետ։
- 2018թ. ՔՀԿ-ները իրենց ծրագրերն իրականացնելիս հանդիպումներ ունեցան տարբեր տեղական ինքնակառավարման և պետական մարմինների, նախարարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրենց ծրագրերի շրջանակներում խոցելի և թիրախային ոլորտային հարցերը։ Մարզերում գործունեություն ծավալող ՔՀԿ-ները հանդիպումներ ունեցան մարզպետների և ՏԻՄ-երի հետ, ինչպես նաև մարզերում ձևավորված ցանցերը և նրաց գործունեությունը ներկայացվեցին համապատասխան պաշտոնատար անձանց։
- 2018թ. ՔՀԿ ինկուբատորի շրջանակներում Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Գավառում, Կապանում տեղի ունեցան «Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ, փաստարկված հանրային քաղաքականությունների մշակում, կոալիցիաների կառուցում, ՔՀԿ-կառավարություն երկխոսություն» թեմայով սեմինարները։ Ինչպես նաև ՔՀԿ ինկուբատորների շրջանում տեղի ունեցան Փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման չեխական փորձի ներկայացում թեմայով սեմինարներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։
- 2018թ. ՔՀԿ-ների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բարելավման ծրագրերի վերաբերյալ անհատական խորհրդատվություններ տրամադրվեցին Երևանում և Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում (Գյումրիում, Վայքում, Սիսիանում, Գորիսում , Կապանում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Ճամբարակում, Գավառում,
- 2018թ. շարունակվեցին ՔՀԿ ինկուբատորների խմբերի դասընթացները Երևանում և Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերում մարդու իրավունքներ. իրավապաշտպանների դեմ սպառնալիքների մշտադիտարկման անհրաժեշտություն, փաստաբանական գործունեություն, կարողությունների զարգացում, հանրային մշտադիտարկում, սոցիալական ոլորտ. կանանց զբաղվածության ապահովման և աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները Հայաստանում և այլ թեմաներով:
- 2018թ. օգոստոսի 27-31-ը Աղվերանում կայացավ Ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ոչ առևտրային հասարակական կազմակերպությունների և կառավարության միջև համագործակցությունը Չեխիայի Հանրապետությունում, Հանրային քաղքականությունների, երկխոսության զարգացում. Քաղած դասեր՝ ինկուբատորների գործարկման փորձ» թեմայով 5-օրյա սեմինարը։
- 2018թ. հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Արհեստակցական միությունների ներկա վիճակ, զարգացման հեռանկարներ» կառավարություն – քաղաքացիական հասարակության կազմակերպություններ երկխոսության համաժողովը, որից հետո ԻՀԱ-ն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և այլ շահագրգիռ կողմերի ներկայացվեց համաժողովի ամփոփումը և առաջարկություններ՝ զուգորդված միջազգային փորձով։
- 2018թ. նոյեմբերի 13-ին ԻՀԱ-ն գործընկեր 102 հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ միասին, Ծրագրի շրջանակում ՊԵԿ նախագահին ուղարկեց դիմում-դիրքորշում` ՊԵԿ-ի կողմից մշակած «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի վերաբերյալ:
- 2018թ. նոյեմբերի 27-ին ստեղծվեց «Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում ձևավորված Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիան: Մասնակցում էին կոալիցիային անդամակցած 33 կազմակերպության ներկայացուցիչները: Կոալիցիայի նպատակն է նպաստել Հայաստանում ներառական կրթության կայացմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:
- 2018թ. նոյեմբերի 28-ին Ծրագրի շրջանակներում ԻՀԱ-ն ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականություն դարձրեց քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպաններ, ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, ՔՀԿ-ներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք և ներկայացուցիչներ, փաստաբաններ և փորձագետներ: Անցումային արդարադատության վերաբերյալ ԻՀԱ-ի կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ ներառելով 35 երկրի՝ ձախողված և հաջողված փորձերը։ Հրապարակվել է զեկույց, որը ներառել է ինչպես ուսումնասիրությունը, այնպես էլ համաժողովի ամփոփումը, որտեղ ամրագրված են համաժողովի ժամանակ հնչած առաջարկությունները, դիտարկումները և նկատառումները։ Զեկույցը ներկայացվել է պետական մարմիններին, ՔՀԿ-ներին, հրապարակվել է ԻՀԱ կայքում, ինչպես նաև տրամադրվել է շահագրիգիռ այլ կողմերի։ Ինչպես նաև, անցումային արդարադատության վերաբերյալ իրազեկման արշավներ են կազմակերպվել՝ ներկայացնելով անցումային արդարադատության 4 բաղադրիչները իֆոգրաֆիկաների տեսքով։ Արդյունավետ էր նաև պարբերաբար եղանակով փորձագետների կողմից հարցազրույցների և իրազեկման բնույթ կրող տեսանյութերի պատրաստումը և ԶԼՄ-ներով տարածումը։ Ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն համաժողովի ավարտից հետո՝ համակարգելով բոլոր առաջարկները, որոնք մեծապես կօգնեն կառավարությանն ու քաղաքական ուժերին՝ անցումային արդարադատության անցկացման վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելիս:
- 2018թ. նոյեմբերի 30-ին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ Գյուղատնտեսական դաշինքի հերթական հանդիպումը, որի նպատակն էր ներկայացնել «Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակներում Դաշինքի կողմից իրականացվող մի շարք գործողությունների արդյունքները, ինչպես նաև քննարկել դաշինքնի հզորացմանն ուղղված աշխատանքները:
- 2018թ. դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի», ՓՄՁ ոլորտի զարգացման նոր ռազմավարության քննարկումներին նվիրված քննարկում-սեմինար «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկայացվեց և հաստատվեց Հայկական բիզնես կոալիցիայի կանոնակարգն ու կառավարման խորհրդի նախագահի փոփոխման ռոտացիոն կարգը, այնուհետև ստորագրվեց այս կոալիցիայի ստեղծման հուշագիրը: Հայկական բիզնես կոալիցիայում միավորվեցին բիզնես անդամություն ունեցող և բիզնսին աջակցություն տրամադրող 27 քաղհասարակության կազմակերպություններ:
- 2018թ. դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Ծրագրային թիմի և Ծրագրի Կոնսորցիումի անդամ կազմակերպություների տարեկան ժողովը: Ժողովի ժամանակ ներկայացվեցին և ամփովեցին ԿԵՀ ծրագրի 2-րդ տարվա՝ 2018թ. գործողությունների և արդյունքների մասով կատարողականը: Ինչպես նաև ներկայացվեցին, որ Ծրագրի շրջանակում 2018թ. մայիսի 31-ին ՔՀԿ 9 կոալիցիայի տրամադրվել է մինչև 25 միլիոն դրամ արժողության 9 դրամաշնորհ՝ ԿԵՀ թիրախային ոլորտներում ծրագրերի իրականացման նպատակով, ընդհանուր՝ շուրջ 225 միլիոն դրամ: ԿԵՀ կողմից արդեն իսկ դրամաշնորհային ծրագրեր իրականացնող 7 ՔՀԿ կոալիցիաներին՝ իրենց կարողությունների զարգացման նպատակով, հանձնվեցին նաև մինչև 8.5 միլիոն դրամ արժողության դրամաշնորհներ: Անդրադարձ կատարվեց նաև հաջորդ տարվա ընթացքում Ծրագրի շրջանակում նախատեսվող գործողություններին։ Մասնավորապես, նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին տրամադրել ևս 2 դրամաշնորհ ՔՀԿ կոալիցիաներին, ընդհանուր՝ շուրջ 17 մլն դրամ արժողությամբ: Նշվեց նաև, որ Ծրագրի շրջանակում անցնող տարում, Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում և Կապանում ձևավորվեցին ՔՀԿ ինկուբատորները, որոնք միտված են նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ինկուբատորի մասնակից կազմակերպություններին 2018թ․ մրցութային հիմունքներով տրամադրվեցին մինչև 5.5 միլիոն դրամ արժողությամբ ընդհանուր թվով 29 ենթադրամաշնորհ: Տարեկան ժղովին ներկայացվեցին նաև ծրագրի 3-րդ տարվա առաջիկա գործողությունները:
- 2018թ. դեկտեմբերի 27-ին տրված 29 ենթադրամաշնորհներն[2] ուղղված են հիմնականում հանրապետության տարբեր համայնքներում ծրագրերի իրականացմանը: Կառավարության և ՏԻՄ-երի հետ համագործակցության, հանրային քաղաքականությունների վրա ազդելու միջոցով ՔՀԿ-ները պետք է հասնեն փոփոխությունների: Իսկ կոալիցիաներին ուղղված ենթադրամաշնորհները թույլ կտան նորաստեղծ կամ արդեն իսկ գործող կոալիցիաների կարողություններն այնպես ուժեղացել, որ նրանք առավել ազդեցիկ լինեն քաղաքականությունների մշակման, կառավարության հետ կառուցողական երկխոսության հարցում
- 2018թ. հունվարից դեկտեմբեր ամիսների ընթացքում Ծրագրի շրջանակներում.
-Երևանում թվով 167 ՀԿ դիմել է խորհրդատվության, թվով 268 ՀԿ-ի տրամադրվել է խորհրդատվություն, թվով 16 ՔՀԿ վերագրանցվել է, թվով 10 նոր ՀԿ գրանցվել է, թվով 58 կանոնադրություն մշակվել է,
–Գյումրիում՝ թվով 13 ՀԿ դիմել է խորհրդատվության, թվով 38 ՀԿ-ի տրամադրվել է խորհրդատվություն, թվով 17 ՔՀԿ վերագրանցվել է, թվով 11 նոր ՀԿ գրանցվել է, թվով 5 կանոնադրություն մշակվել է,
–Կապանում՝ թվով 13 ՀԿ դիմել է խորհրդատվության, թվով 69 ՀԿ-ի տրամադրվել է խորհրդատվություն, թվով 7 ՔՀԿ վերագրանցվել է, թվով 1 կանոնադրություն մշակվել է, թվով 3 նոր ՀԿ գրանցվել է,
-Գավառում՝ թվով 120 ՀԿ դիմել է խորհրդատվության, թվով 267 ՀԿ-ի տրամադրվել է խորհրդատվություն, թվով 8 ՔՀԿ վերագրանցվել է, թվով 5 նոր ՀԿ գրանցվել է, թվով 1 կանոնադրություն մշակվել է,
–Վանաձորում՝ թվով 12 ՀԿ դիմել է խորհրդատվության, թվով 62 ՀԿ-ի տրամադրվել է խորհրդատվություն, թվով 16 ՔՀԿ վերագրանցվել է։
- ԻՀԱ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2018Թ․ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Գործառնական այլ ծախսեր
Հազ. Դրամ.
2018 | 2017 | |
Աշխատավարձ | 108,011 | 99,581 |
Նյութեր | 0 | 0 |
Ապրանքներ | 354 | 1,139 |
Վառելիք | 1,368 | 1,328 |
Ծառայությունների մատուցում | 40188 | 18,109 |
Տուրքեր | 110 | 23 |
Գույքահարկ | 146 | 237 |
Վարձավճարներ | 928 | 1,002 |
Փոստ, հեռահաղորդակցություն | 2,160 | 3,940 |
Գրասենյակային և այլ կոմունալ ծախսեր | 2,787 | 3,138 |
Բանկային ծառայություններ | 32 | 39 |
Տարեկան մաշվածություն և ամորտիզացիա | 30,819 | 30,845 |
Գործուղում | 1,665 | 543 |
Գործառնական այլ ծախսեր /աուդիտ և խորհրդատվություն/ | 11,443 | 6,600 |
Գործառնական այլ ծախսեր /կոնվերտացիա/ | 1,371 | 0 |
Ֆորս մաժոր | 0 | 0 |
գովազդային | 0 | 0 |
Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր | 0 | 46 |
Ծախսեր գործընկերներից | 76,374 | 38,456 |
Ծախսեր ենթադրամաշնորհներից | 105,764 | 0 |
Ընդամենը | 383,520 | 205,026 |
ԻՀԱ-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԻՀԱ խորհուրդը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում:
Անուն, Ազգանուն | Պաշտոն |
Կարեն Զադոյան | ԻՀԱ-ի նախագահ, ԻՀԱ-ի խորհրդի նախագահ |
Արփինե Եղիկյան | ԻՀԱ-ի խորհրդի պատասխանատու քարտուղար |
Դավիթ Աբգարյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Նարինե Կարապետյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Սյուզաննա Սողոմոնյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Մարատ Ատովմյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Կարեն Քոչարյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Կենտրոնական գրասենյակ ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ Հեռախոս (374 10) 540199 Հեռապատճե (374 10) 580299 Էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ-ի Երևանի մասնաճյուղ, Երևանի հակակոռուպցիոն կենտրոն ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից) Հեռախոս (374 10) 540199 Հեռապատճե (374 10) 580299 Թեժ գիծ՝ 0 8000 11 10 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ -ի Լոռու մարզային մասնաճյուղ, Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1 Հեռախոս (374 322) 2 23 17 Հեռապատճե (374 322) 2 23 17 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ -ի Շիրակի մարզային մասնաճյուղ, Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2 Հեռախոս (374 312) 5 82 36 Հեռապատճե (374 312) 5 82 36 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ, Գեղարքունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գավառ, Բոշնաղյան 15, բն. 7 Հեռախոս (374 264) 2 55 03 Հեռապատճե (374 264) 2 55 03 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ -ի Սյունիքի մարզային մասնաճյուղ, Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72 Հեռախոս (374 285) 5 25 11 Հեռապատճե (374 285) 5 25 11 էլ. փոստ [email protected] |
[1] Ծրագրի մեկնարկի մասին տե°ս հետևյալ հղմամբ՝ https://armla.am/32688.html ։
[2] Դրամաշնորհ ստացած ՔՀԿ-ների ցանկին ծանոթացե°ք այստեղ՝ https://ccd.armla.am/8551.html։