«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի գործընկերներ,
մեծ սիրով, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի գործունեության 2017թ. տարեկան հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն), որտեղ ամփոփ ներկայացված են կառույցի գործունեությունը, իրականացրած և ընթացիկ ծրագրերը, տարեկան ֆինանսական արդյունքները: Մեզ համար խիստ կարևոր է կառույցի գործունեության բարեխղճության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների պահպանումը մեր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների առջև, ուստի մենք հանրայնացնում ենք յուրաքանչյուր տարվա հաշվետվություն:
2017թ. ծրագրերի իրականացման տեսանկյունից հագեցած էր և բազմաբովանդակ: Պետք է նշել, որ տարվա ընթացքում ԻՀԱ-ն շարունակել է իրականացնել «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի շրջանակներում համագործակցել է ՀՀ պետական մարմինների հետ, հանդիպումներ է ունեցել ծրագրով սահմանված 9 թիրախային ոլորտների իրավասու մարմինների հետ, մասնակցել ՀՀ ռազմավարական մի շարք փաստաթղթերի նախագծման, մշակման, հասարակական մշտադիտարկման գործընթացին, հանրային վերահսկողությանը։ Շարունակվեց իրականացվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ գործարկվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը:
ԻՀԱ-ի կողմից հիմնված Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը իր բարձր վստահելիության շնորհիվ հասարակության և մասնագիտական լսարանում դարձել է էլ ավելի պահանջված հարթակ հանրային հնչեղություն ունեցող գործերի և իրավական թեմաների քննարկման համար:
Առանձնահատուկ պետք է նշեմ, որ ԻՀԱ-ի բոլոր ձեռքբերումներն ու գաղափարների կյանքի կոչումը հնարավոր է դառնում բացառապես ԻՀԱ-ի միասնական թիմի՝ Երևանի և մարզերի անդամների ու աշխատակազմի, կամավորների ու շահառուների, գործընկերների ու դոնորների անմիջական մասնակցության շնորհիվ, որոնց հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը: Հավաստիացնում եմ բոլորիդ, որ մեր համատեղ աշխատանքը գնահատվում է և հանգեցնում ցանկալի արդյունքների, ինչը ոգևորում է մեզ՝ շարունակելու աշխատել և ստեղծագործել մեծ եռանդով:
Հարգանքով՝
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան
- ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԻՀԱ-ն հիմնադրվել է 1995թ. Երևանում: 22 տարիների գործունեության ընթացքում ԻՀԱ-ն վայելում է հասարակության բարձր գնահատանքն ու վստահությունը, կայացած կառույց է ՀՀ իրավական և քաղաքացիական հասարակության դաշտում: Ունենալով հստակ առաքելություն և արժեքներ՝ ԻՀԱ-ն հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները։
ԻՀԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են մարդու իրավունքների՝ ներառյալ սոցիալապես խոցելի խմբերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրականացումը, արդարադատության և այլ թիրախային ոլորտների բարեփոխումներին աջակցությունը, իրավաբանների զարգացմանը, կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը։
ԻՀԱ-ն կարճ ժամանակում գործնական կապեր հաստատեց մի շարք պետական, մասնավոր և միջազգային կառույցների հետ, իրականացրեց բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված կազմակերպության հիմնական ուղղությունների իրագործմանը: Հատկանշական էր, որ ստեղծումից ընդամենը մի քանի տարի անց կառույցի ծառայությունները հասանելի էին հանրապետության գրեթե ողջ տարածքում շնորհիվ ՀՀ մարզերում գործող գրասենյակների: Ներկայումս ԻՀԱ-ն ունի 5 մասնաճյուղեր՝ Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
2010թ. ԻՀԱ-ն գործարկում է նաև Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը (այսուհետ՝ Ցանց): 2013 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ը որոշեց վաղաժամկետ դադարեցնել «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը, ինչի արդյունքում 2014թ. փետրվարի 1-ից Ցանցը համախմբվեց, և հասարակական հիմունքներով գործարկվեցին հակակոռուպցիոն կենտրոններ։ Դրանք ներկայումս տեղակայված են Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
ԻՀԱ-ն ամեն տարի թարմացնում է իր իրավաբանական գրադարանը, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք: ԻՀԱ-ն գործարկում է եռալեզու պաշտոնական վեբ կայք՝ https://armla.am/, իսկ Ցանցի պաշտոնական կայքն է՝ www.aac.am:
2017թ. հասանելիության բարձր ցուցանիշներով գործարկվել է www.iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը հայերեն և անգլերեն լեզուներով՝ ունենալով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ավելի քան 140.000 հետևորդ:
- ԻՀԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ԹԻՄԸ
- ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:
- ԻՀԱ-ի արժեքներն են՝
- Համամարդկային և հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ,
- Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն,
- Մարդու պաշտպանված իրավունքներ,
- Մասնագիտական բարձր գիտելիքներ և բարոյական արժեքներ կրող իրավաբաններ,
- Հզոր քաղաքացիական հասարակություն:
- ԻՀԱ-ի թիմը։
ԻՀԱ-ի հաջողության գրավականը նրա թիմն է։ Արհեստավարժ մասնագետները, ովքեր պարբերաբար կատարելագործում են իրենց գիտելիքներն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, անգնահատելի ներդրում ունեն կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով նոր նախաձեռնություններով և նորարարական գաղափարներով: ԻՀԱ-ն պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մի շարք մարզամշակութային միջոցառումներ: ԻՀԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների նշանակությունը և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- ԻՀԱ-ն մշտապես ջանում է ընդլայնել իր համախոհների և գործընկերների շրջանակը՝ դրան զուգահեռ շարունակելով սերտ համագործակցությունը իր վաղեմի գործընկերների հետ: Ընթացիկ տարում կազմակերպությունն իրականացնելով տարաբնույթ հակակոռուպցիոն և մասնագիտական միջոցառումներ, ձեռք է բերել նոր գործընկերներ ևս, որոնց շարքում են տարբեր հասարակական և միջազգային կազմակերպություններ, պետական մարմիններ, բիզնես կառույցներ:
- Համագործակցություն Եվրոպական միության հետ։
- 2016թ. դեկտեմբերի 16-ից մեկնարկած 34 ամսյա տևողությամբ ԵՄ ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը շարունակվեց նոր թափով 2017թ.–ին։ Այն իրականացվում է ԻՀԱ–ի կողմից` գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ–ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումն է, իսկ առանձին նպատակ են հանդիսանում ՔՀԿ-ների՝ կոալիցիաների կառուցման կարողությունների ուժեղացումը, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:
- ԵՄ համագործակցության շրջանակներում 2017թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության (ԱԼԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։
- Համագործակցություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ։ Համագործակցության շրջանակներում կարևոր էր Կազմակերպության ֆինանսավորմամբ գործարկվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի հետ համագործակցությամբ:
- Համագործակցություն «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի հետ։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպության հետ ԻՀԱ-ն իրականացրեց փորձի փոխանակում։ Մասնավորապես, վեր հանվեցին միջազգային լավագույն պրակտիկան, պատրաստվեցին ուսումնասիրություններ, տեղի ունեցան համատեղ ուժերով անցկացվող ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները, որոնք մեծապես նպաստել են ինկուբատորների կայացմանը։ 2017թ. օգոստոսի 2-ին ԻՀԱ նախագահ, ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի գրասենյակում աշխատանքային հանդիպում ունեցավ կազմակերպության նախագահ Իվանա Բուրսիկովայի հետ:
- Համագործակցություն Ավստրիայի միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հետ։ 2017թ. հոկտեմբերի 2–4-ը ԻՀԱ հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը մասնակցեց Ավստրիայի միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (ՄՀԱ) կողմից կազմակերպված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացուցիչների համար նախատեսված հատուկ հակակոռուպցիոն ուսումնական դասընթացին։
- Համագործակցություն ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ։ Կոալիցիայի քարտուղարությունը համակարգում է ԻՀԱ-ն: 2017թ. ընթացքում Կոալիցիան համագործակցել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ՝ ինչպես մասնակցելով նիստերին պարտաճանաչ կերպով, այնպես՝ ներկայացնելով օրակարգային հարցերի շուրջ արժեքավոր առաջարկություններ։ 2017թ. հուլիսի 21-ին տեղի ունեցավ Կոալիցիայի երրորդ համաժողովը, որի ժամանակ ևս մեկ անգամ շեշտադրվեցին Կոալիցիայի հիմնական քայլերը՝ ապօրինի հարստացման քրեականցում, կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի ստեղծում, ազդարարների իրավունքների պաշտպանություն, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում, վարչական կոռուպցիայի դեմ պայքարի հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկում և բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում։
- Համագործակցություն ՀՀ ազգային ժողովի հետ: 2017թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ կազմակերպած «Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, ինչպես նաև շեշտեց ՔՀԿ-ների կարողությունների զարգացման և պետական մարմինների հետ արդյունավետ եղանակներով և կառուցողական համագործակցության անհրաժեշտության մասին։
- Համագործակցություն ՀՀ արդարադատության նախարարության հետ։ Այս տարի ևս ԻՀԱ-Արդարադատության նախարարություն համատեղ կատարված աշխատանքները ծավալուն էին ինչպես օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու և աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու, այնպես էլ ռազմավարական փաստաթղթերի մշակման, բարելավման և մշտադիրկման տեսանկյունից։ Մասնավորապես, «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքում առկա օրենսդրական խնդիրների և իրավակիրառ պրակտիկայում առաջացրած բարդությունների մասով, ինչպես նաև «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» և «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ ԻՀԱ-ն առաջարկներ ներկայացրեց Արդարադատության նախարարությանը: Այնուհետև կազմակերպվեցին թեմատիկ հանդիպումներ, որոնց ժամանակ Արդարադատության նախարարությունն՝ ի դեմս իր ներկայացուցիչների, հավաստեց, որ օրենսդրական նախագծերի փաթեթների կազմման մեջ հաշվի են առնված նաև ԻՀԱ առաջարկությունները:
- Համագործակցություն ՀՀ դատախազության հետ։ 2017թ. դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հուշագիր կնքվեց ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև. տեղի ունեցավ համագործակցության համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը։ Ըստ Հուշագրի համագործակցությունը իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ապահովում, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, հակակոռուպցիոն ոլորտում իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործացկության զարգացում, քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության և այդ պայքարի միջոցների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում, Դատախազության և Կոալիցիայի կողմից հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների ներկայացում, կոռուպցիայի դեմ պայքարում ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի և իրավունքների պաշտպանության ապահովում, կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության համապատասխան բարեփոխումների առաջարկությունների ներկայացում և այլն։
- Համագործակցություն Պետական եկամուտների կոմիտեի հետ։
- Կոալիցիան և ԻՀԱ-ն համատեղ ՊԵԿ են ներկայացրել հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր, որում ներկայացված առաջարկությունները մեծամասամբ ընդունվել են ՊԵԿ-ի կողմից: Հակակոռուպցիոն միջազգային օրը ներկան էր նաև ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը, ով նշեց, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնց արդյունքում զգալի նվազել են կոռուպցիոն դեպքերը։ Առաջարկությունները վերաբերում էին հարկային և մաքսային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավումը հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտում, հարկային փաստաթղթերի ներդրման գործընթացի թվայնացման հնարավորության նախատեսմանը, ինչպես նաև դրանց հիման վրա հաշվետվությունների ստեղծման և ներկայացման ավտոմատ համակարգի ներդրմանը, հսկվող որոշ ապրանքների դեպքում փորձաքննության պահանջի ներկայացմանը և այլն։
- 2017թ. հոկտեմբերի 10-ին ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ-ՔՀԿ ձևաչափով աշխատանքային առաջին քննարկումը, որի ընթացքում վեր են հանվել այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են ՀԿ-ների կողմից շահութահարկի և ԱԱՀ-ի վճարման օրենսդրական կարգավորումներին, նրանց կողմից մատուցվող ծառայությունների բնույթին, ՀԿ-ների կողմից անմիջական ձեռնարկատիրական գործունեության իրականացման հարցերին:
- Համագործակցություն ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ։
- 2017թ. «Պրոբացիայի պետական ծառայություն. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով աշխատաժողովներ են կազմակերպվել Կապան, Գորիս, Գյումրի քաղաքների ԻՀԱ գրասենյակում: Աշխատաժողովների նպատակը նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայությունը, գործառույթները և դրա առջև դրված խնդիրների ներկայացումն ու քննարկումն էր, նաև նպաստել շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համախմբմանը՝ Ծառայության հետ արդյունավետ համագործակցության հաստատման նպատակով, ինչպես նաև ձևավորել մի հարթակ, որը հասարակական կազմակերպություններին թույլ կտա կապեր հաստատել Պրոբացիայի պետական ծառայության հետ, աջակցել վերջինիս գործառույթների իրականացմանը, մշակել և իրականացնել Ծառայության գործառույթներից բխող բազմաբնույթ ծրագրեր:
- 2017թ. դեկտեմբերի 3-ին պրոբացիայի ոլորտում գործունեություն ծավալող ՔՀԿ–ները ստորագրեցին համագործակցության հռչակագիր՝ այդպիսով հիմնադրելով «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը: Ցանցի նպատակն է խթանել Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի զարգացումը՝ օգտագործելով ՔՀԿ-ների ներուժը: «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստեղծվեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում:
- Համագործակցություն «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ։ 2017թ. հոկտեմբերի 16-ին գրասենյակում տեղի ունեցավ «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը ԻՀԱ ներկայացուցիչների հետ:
- Համագործակցություն «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» հետ։ 2017թ. դեկտեմբերի 14-ին ԻՀԱ–ի և «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր բուժաշախատողների իրավական պաշտպանության մեխանիզմներն ուժեղացնելու նպատակով։ Մինչ համաձայնագրի ստորագրումը շահագրիգիռ կողմերի համար կազմակերպված աշխատաժողովի ժամանակ ներկայացվեց առողջապահական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման և «բժշկական սխալ և բժշկական անփութություն» եզրույթների տարբերակման կարգավորումների և դրանց վերաբերյալ միջազգային փորձը։
- Համագործակցություն Հայաստանի համայնքների միության հետ։ 2017թ. նոյեմբերի 10-ին ԻՀԱ-ն և Հայաստանի համայնքների միությունը Համագործակցության հուշագիր կնքեցին՝ ուղղված բնակչության շահերի և իրավունքների ոտնահարման կանխարգելմանը և բնակիչների մասնակցությունը ՏԻՄ որոշումների ընդունման գործընթացում ապահովմանը, ՏԻՄ-երում թափանցիկ և հաշվետվողական աշխատելաոճի զարգացմանը։ Համագործակցության հուշագիրը կնքելիս հաշվի են առնվել ԻՀԱ ունեցած դերը իրավապաշտպան և հակակոռուպցիոն ոլորտներում՝ որպես մասնագիտացված կազմակերպության, և Հայաստանի համայնքների միության դերը՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման գործում։
- Համագործակցություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ։ 2017թ հունիսի 6-ին, համագործակցության նոր հուշագիր ստորագրվեց ԻՀԱ-ի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի միջև՝ համատեղելու երկու կազմակերպությունների ուժերը մարդու իրավունքների պաշտպանություն, պրոբացիայի համակարգի և հակակոռուպցիոն գործունեության ոլորտներում առկա խնդիրները լուծելու համար։
- Համագործակցություն «ՀԿ կենտրոնի» հետ։ 2017թ․ մարտի 30-ին ԻՀԱ և «ՀԿ կենտրոն» նախագահները հուշագիր ստորագրեցին։ Այս նոր համաձայնագրով ձևավորվեց մշակույթ, երբ համագործակցություն սկսվեց միևնույն առաքելություն ունեցող 20 տարվա գործունեություն իրականացնող կառույցների միջև։
- Համագործակցություն «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի հետ։ 2017թ. մարտի 30-ին կնքվեց հուշագիր «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության հետ։
- Համագործակցություն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ (ՀԲԸՄ)։ 2017թ․ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ «ՔՀ Կամուրջ» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանի մասնակցությամբ հանդիպում կայացավ «ՀԿ-ների մասին» ՀՀ նոր օրենքի մասին, մասնավորապես խնդրահարույց դրույթները, համատեղ քննարկել խնդրահարույց հարցերի շուրջ իրականացվելիք քայլերը և շարունակել գործընկեր ՀԿ-ների շրջանում իրազեկման ակցիաները և արշավները։
- Համագործակցություն «Ելք» դաշինքի հետ։ 2017թ. հունիսի 5-ին հանդիպում տեղի ունեցավ «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ։ «Ելք»-ից հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Գևորգ Գորգիսյանը և Մանե Թանդիլյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքը և հարակից իրավական ակտերը։
- ԻՀԱ–ԻԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
- Կոռուպցիայի դեմ պայքար։
- ԻՀԱ-ն Կոալիցիայի հետ համատեղ քննարկեց Կառավարության 2017-2022թթ. ծրագրով նախատեսված՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող նախաքննական մարմինների ենթակայության և կոռուպցիոն հանցագործությունների քննության լիազորությունները մեկ մարմնին տրամադրելու հնարավորության հարցը և այս հարցն ուսումնասիրելու ուղղությամբ առաջարկեց Կառավարությանը առաջիկայում ստեղծել աշխատանքային խումբ` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ և հարցը քննարկման առարկա դարձնել նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում:
- ԻՀԱ-ն և Կոալիցիան բարեփոխումների մի շարք առաջարկություններ են ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, որոնց մի մասը ընդունվել են խորհրդին կից գործող փորձագիտական խմբի անկախ փորձագետների կողմից։ Այս առաջարկությունները խորհրդի կողմից հաստատվելուց հետո կներառվեն 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրում։
- Տարվա ընթացքում հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով վերապատրասման դասընթացներ անցկացվեցին Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում աշխատող 15-ական հոգուց բաղկացած հանրային՝ համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ: ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը և փորձագետ-իրավաբան Մարատ Ատովմյանը հանրային ծառայողներին ներկայացրեցին բարեխղճության հիմնական սկզբունքները և հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու հիմնական պայմանները, միջազգային հաջողված փորձը:
- 2017թ. հունիսի 21-ին «East Invest 2» ամենամյա կոնֆերանսը տեղի ունեցավ Կիևում, որին մասնակցում էին Արևելյան գործընկերության 6 անդամ երկների և Եվրոմիության տարբեր երկրների շուրջ 120 մասնակիցներ: ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ԻՀԱ-ի և Կոալիցիայի կողմից նախաձեռնած, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից իրականացված հակակառուպցիոն բարեփոխումները, մասնավորապես՝ ապօրինի հարստացման քրեականացումը, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը և ազդարարների իրավունքների պաշտպանության ինստիտուտի ներդրումը Հայաստանու
- 2017թ. դեկտեմբերի 18-22-ը ԻՀԱ խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը մասնակցել է հակակոռուպցիոն առաջնորդների համար կազմակերպված ուսումնական այցելությանը Լոնդոնում։ Բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպված ուսումնական այցի նպատակն էր հակակոռուպցիոն առաջնորդներին ներկայացնել բրիտանական կառավարության հակակոռուպցիոն մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացված Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն պայքարի լավագույն փորձը և դրա հիման վրա օժանդակել ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի կարողությունների զարգացմանը։
- ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի (սույն կետում այսուհետ՝ Ծրագիր) իրականացում[1]։
- Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում ՀԿ ներկայացուցիչների համար կազմակերպվեցին իրենց կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված և «ՀԿ-ների» մասին նոր օրենքով նախատեսված փոփոխությունների վերաբերյալ դասընթացներ, իսկ անվճար իրավաբանական խորհրդատվությունները տրվեցին ամբողջ ընթացիկ տարվա ընթացքում ՔՀԿ-ների կանոնադրությունների վերանայման և նոր օրենքին համապատասխանեցման համար։ Խորհդրատվությունները տրվում էին ՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ պայմանավորված հարկային կարգավորումների, կամավորության ինստիտուտի, աշխատանքային իրավունքների խախտման, աուդիտի իրականացման և նոր օրենքի շրջանակներում կատարված այլ փոփոխությունների վերաբերյալ։ Պետք է նշել, որ կազմակերպվեցին նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների համար դասընթացներ։
- Տարվա ընթացքում պարբերաբար Երևանում և մարզերում ձևավորվում էին ֆուկուս խմբեր, որոնք կազմակերպվել էր Ծրագրի շրջանակներում սահմանված թիրախային ոլորտներում վեր էին հանում խնդիրները, այդ ոլորտներն են՝ բնապահպանություն, էներգետիկա, տրանսպորտ, տարածքային կառավարում, ՏԻՄ-եր, բիզնես և այլն։
- 2017թ. սեպտեմբերի 8-ին Երևանում ավելի քան 10 ՀԿ ներկայացուցիչների ներկայացվեցին նոր օրենքով սահմանված խաղի կանոնները, պրակտիկայում հանդիպող խնդիրներն ու դրանցից խուսափելու միջոցները։ Օրինակ, ռիսկեր կան անմիջական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու վերաբերյալ: ՀԿ ներկայացուցիչներին նախ զգուշացրեց, որ ձեռնարակատիրական գործունեությունից ստացված եկամուտները պետք է ուղղվեն բացառապես ՀԿ-ի կանոնադրական նպատակների իրականացմանը և ենթակա չեն անդամների կամ ղեկավար կազմի մեջ բաշխելուն
- 2017թ. սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հանրային քաղաքականության կերտման հարցում» թեմայով կլոր սեղան-քննարկումը։ Հանդիպման ժամանակ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը նշեց. «Այսօր ապօրինի հարուստացումը քրեականացված է և 2018թ. իր գործունեությունը կսկսի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Իսկ ապրիլյան պատերազմից հետո, երբ հակակոռուպցիոն իրական պայքարի պահանջը լրջորեն դրվեց հասարակության կողմից, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիան կոալիցիան կառավարությանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի ճանապրհային քարտեզ՝ բաղկացած 6 կետից։ Ներկայումս ներկայացված 6 կետերից չի իրականացվել միայն հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկումը և իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը ազատ տնտեսական մրցակցության ոլորտում (այն ներդրվել է միայն պետական գնումների ոլորտում)։ Հաջողության պատմության հիմքում պրոֆեսիոնալ փորձագիտական թիմ ունենալն է, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն քննադատել, այլև առաջարկել լուծումներ ու լուրջ աջակցություն մատուցել պետությանը՝ իրական բարեփոխումներ իրականացնելու հարցում»։
- 2017թ. հոկտեմբերի 10-ին Ծրագրի շրջանակներում «Քաղհասարակության կազմակերպությունները ժողովրդավարության դպրոցներ» թեմայով դասընթացը անցկացրեց Պավել Միչկան։
- 2017թ. հոկտեմբերի 10-ին Ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը՝ թվով 10 ՔՀԿ ներկայացուցիչների համար նախատեսված դասընթացի ժամանակ ներկայացրեց այն ռիսկերը, որոնք նախատեսվել են «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքով։ Մասնավորապես, նոր օրենքի պահանջն է կազմակերպությունների կանոնադրությունների համապատասխանեցումը նոր օրենսդրությանն ու գրանցումը իրավաբանական անձանց պետռեգիստրում։ Նույն օրը
ՀԿ-ների համար «Վստահության կառուցման քայլեր» թեմայով դասընթաց վարեց Պիտեր Գուշտավիկը։ - 2017թ. հոկտեմբերի 11-ին Ծրագրի շրջանակներում «Ագորա Սենթրալ Յուրոփ» ՀԿ համահիմնադիր Պավել Միչկան Հանրային քաղաքականությունների մոնիթորինգ թեմայով սեմինար անցկացրեց ՔՀԿ-ների համար։
- 2017թ. հոկտեմբերի 19-ին Երևանում «Ագորա Սենթրալ Յուրոփ» ՀԿ համահիմնադիր Պավել Միչկան մեկնարկեց եռօրյա դասընթաց, որի ժամանակ ներկայացրեց ՔՀԿ-ների կողմից հասարակության կարքիներից բխող ծրագրերի մշակմանն ու իրականացմանը նպաստող գործոնները։
- 2017թ. հոկտեմբերի 23-ին Աղվերանում մեկնարկեց «Ոչ առևտրային հասարակական կազմակերպությունների և կառավարության համագործակցույթունը Չեխիայի և Լեհաստանի Հանրապետություններում» թեմայով մենթորների և մարզային ինկուբատորների համակարգողների համար կազմակերպված 5-օրյա դասընթացը: Մասնակիցները քննարկումներ ունեցան հասարակական կազմակերպությունների վիճակի, կարիքների, ոլորտում առկա իրավիճակի, խնդիրների, ինչպես նաև պետական կառավարման և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության հնարավոր տարբերակների և մի շարք այլ հարցեր մասին:
- 2017թ. հոկտեմբերի 24-ին և հոկտեմբերի 26-ին համապատասխանաբար կայացավ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի ներկայացուցիչներ Մոնիկա Քժչոնովիչի՝ ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված, և ներկայացուցիչ Իվանա Բուսրիկովայի դասախոսությունները։
- Հոկտեմբերի 27-ին Երևանում տեղի ուենցավ կրթության, բնապահպանության և սոցիալական ոլորտում ՀԿ-ների գործունեության չեխական փորձի փոխանակմանն ուղղված սեմինար ևս։ Մեծ կարևորություն է ներկայացնում ոչ միայն ՔՀԿ-ների, այլև դրանց կոալիցիաների, ցանցերի կողմից հանրային քաղաքականությունների մշակման գործում ունեցած դերը, մասնավորապես Երեխաների պաշտպանության ցանցի փարձը՝ հանրային քաղաքականությունների մշակմանը մասնակցելու տեսանկյունից։
- 2017թ. հոկտեմբերի 30-ին Երևանում տեղի ունեցավ դասընթաց ՔՀԿ–ների համար, որի նպատակն էր նրանց ներկայացնել ՔՀԿ-ների կողմից կամավորների հետ աշխատանքային իրավահարաբերություններ հաստատելու կարգը։
- 2017թ. նոյեմբերի 2-ից Աղվերանում կայացավ «Ոչ առևտրային հասարակական կազմակերպությունների և կառավարության համագործակցույթունը Չեխիայի և Լեհաստանի Հանրապետություններում» թեմայով մենթորների և մարզային ինկուբատորների համակարգողների համար 5-օրյա դասընթաց։ Դասընթացի նպատակն էր ոժեղացնել չորս մարզերում ու Երևանում ստեղծված ինկուբատորների մասնակից ՔՀԿ-ների կարողությունները: Հիմնական ուղղությունները 4 ոլորտներում էին՝ հանրային քաղաքականությունների մշակում և իրականացում, հանրային վերահսկողության, այդ թվում՝ հանրային բյուջեների և քաղաքականության նկատմամբ վերահսկողության իրականացում, կոալիցիաների կառուցում ու զարգացում, կառավարության ու ՔՀԿ-ների կայուն և կառուցողական երկխոսության կառուցում։
- 2017թ. նոյեմբերի 16-ին ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը մասնակցեց Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստին, որը նախագահում էր ՀՀ արդարադատության նախարարը: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին առաջարկություններ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» և «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ:
- 2017թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ դասընթաց բոլոր այն նորամուծությունների մասով, որոնց մասին տեղեկացվածությունը պարտադիր էր ՔՀԿ-ների համար «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքի շրջանակներում իրենց կանոնադրություններում փոփոխություններ կատարելիս։ Այնուհետև, ԻՀԱ-ն ստանձնեց նախաձեռնություն՝ տրամադրելով անվճար իրավաբանական խորհրդատվություն ՔՀԿ-ներին ինչպես «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքի շրջանակներում, այնպես էլ աջակցելով ՔՀԿ-ներին գրանցման և/կամ վերագրանցման գործընթացում՝ ապահովելով ներպետական օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։
- 2017թ. նոյեմբերի 22-ին Երևանում կայացավ ևս մեկ հանդիպում՝ նվիրված «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքի կամավորությանն առնչվող դրույթներին։ Քննարկման ավարտին մասնակիցները որոշեցին նախագծի խնդրահարույց դրույթների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ միասնական դիրքորոշմամբ դիմել ՀՀ կառավարությանը։
- 2017թ. նոյեմբերի 24-ին Ճամբարակ քաղաքում տեղի ունեցավ քննարկում-դասընթաց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի մասով, մասնավորապես՝ երկու կարևոր նորամուծությունների՝ կամավորների ինստիտուտի ներդրման և ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավասության մասին ներկայացվեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում գործող 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։
- 2017թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ դասընթաց-քննարկում, որի ժամանակ անդրադարձ կատարվեց ՔՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կարգավորումներին, ՀԿ-ների կանոնադրություններում դրանք ամրագրելու հանգամանքին, կամավորական ինստիտուտի ներդրմանը և այլն։
- 2017թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթաց, որի ժամանակ օրենքով առաջարկվող նորամուծությունների մասին ներկայացրեց Ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը: Դասընթացին մասնակցող 6 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին Մ. Ատովմյանը մանրամասնեց նաև կանոնադրությունների փոփոխությունների առանձնահատկությունների մասին։
- 2017թ. դեկտեմբերի 5-ին ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը մասնակցեց ՀՀ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին, որտեղ ներկայացրեց «Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ» կայքը, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը և այլ օրակարգային հարցեր։ Նիստի ընթացքում նա մեծապես կարևորեց ազդարարման համակարգի կիրարկմանն ուղղված լրացուցիչ երաշխիքների ստեղծումը և դրանց ուղղված ենթաօրենսդրական ակտերի կարևորությունը, միաժամանակ նշելով, որ հակերային հարձակումներից և ազդարարների անվտանգության ապահովման ու անանունության պահպանման նկատառումներից ելնելով՝ հարկավոր է ազդարարման էլեկտրոնային հարթակը մշակել այնպես, որ երկու ամիս անց ավտոմատ եղանակով ազդարարի մասին առկա տեղեկությունները ջնջվեն համակարգից:
- 2017թ. դեկտեմբերի 9-ին Ծրագրի շրջանակներում նշվեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։ Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, ֆինանսների նախարարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, Հայաստանում Չեխիայի դեպսան Պետր Միկիսկան, պետական և քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
- Նույն օրը՝ դեկտեմբերի 9-ին, նաև միջոցառում տեղի ունեցավ, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 4 թիրախային ոլորոտների (կրթություն, առողջապահություն, պետեկամուտների հավաքագրում և ոստիկանություն) վերաբերյալ ծրագրերն ու առաջարկները: Միջոցառման ժամանակ նաև անդրադարձ կատարվեց ոստիկանության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտը որպես թիրախային ընտրվել է ոչ նրա համար, որ այստեղ կոռուպցիայի մակարդակը այլ ոլորտների համեմատությամբ բարձր է, այլ ոստիկանների կողմից քաղաքացիների հետ ամենօրյա շփումների հանգամանքը հաշվի առնելով:
- 2017թ. դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ սոցիալական ձեռնարկատիրության հարցերին վերաբերող դասընթաց-աշխատաժողովը, որի ժամանակ ՔՀԿ ներկայացուցիչներին ներկայացվեցին սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվելու վերաբերյալ իրավական, հարկային և բիզնես խորհրդատվություն՝ Ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում։
- 2017թ. դեկտեմբերի 4-8-ը՝ ՔՀԿ 15 ներկայացուցիչներ (1-ին խումբ, Տավուշի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու մարզեր), դեկտեմբերի 11-15-ը՝ ՔՀԿ 15 ներկայացուցիչներ (2-րդ խումբ, Երևան և Շիրակի, Սյունիքի,Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզեր), դեկտեմբերի 18-22-ը՝ ՔՀԿ 14 ներկայացուցիչներ (3-րդ խումբ, Երևան և Շիրակի, Սյունիքի,Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզեր), դեկտեմբերի 25-29-ը՝ ՔՀԿ 15 ներկայացուցիչներ (4-րդ խումբ, Երևան և Շիրակի, Լոռու մարզեր), հավասատագրեր ստացան` Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպվող ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային կթական նոր ծրագիրն ավարտելու վերաբերյալ։
- 2017թ. դեկտեմբերի 17-ին, Ծրագրի շրջանակներում բացվեց Ամանորի բարեգործական տոնավաճառը Նկարիչների միության սրահում, որի ժամանակ ներկայացվեցին «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի ծրագիրը՝ «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում», «Հայկական բարեգործական ընդհանուր միության» (ՀԲԸՄ) «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը, «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագիրը և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի «Հայաստանում կենսապայմանների բարելավում» ծրագիրը:
- 2017թ. մայիսից դեկտեմբեր ամիսների ընթացքում Ծրագրի շրջանակներում.
-Երևանում թվով 174 ՀԿ դիմել է խորհրդատվության, թվով 264 ՀԿ-ի տրամադրվել է խորհրդատվություն, թվով 33 ՔՀԿ վերագրանցվել է, թվով 8 նոր ՀԿ գրանցվել է, թվով 37 կանոնադրություն մշակվել է,
–Գյումրիում՝ թվով 60 ՀԿ դիմել է խորհրդատվության, թվով 128 ՀԿ-ի տրամադրվել է խորհրդատվություն, թվով 19 ՔՀԿ վերագրանցվել է, թվով 10 նոր ՀԿ գրանցվել է, թվով 1 կանոնադրություն մշակվել է,
–Կապանում՝ թվով 31 ՀԿ դիմել է խորհրդատվության, թվով 78 ՀԿ-ի տրամադրվել է խորհրդատվություն, թվով 15 ՔՀԿ վերագրանցվել է,
-Գավառում՝ թվով 107 ՀԿ դիմել է խորհրդատվության, թվով 158 ՀԿ-ի տրամադրվել է խորհրդատվություն, թվով 16 ՔՀԿ վերագրանցվել է, թվով 2 նոր ՀԿ գրանցվել է, թվով 3 կանոնադրություն մշակվել է,
–Վանաձորում՝ թվով 55 ՀԿ դիմել է խորհրդատվության, թվով 184 ՀԿ-ի տրամադրվել է խորհրդատվություն, թվով 24 ՔՀԿ վերագրանցվել է, թվով 3 նոր ՀԿ գրանցվել է։
- Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ գործարկվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիր (սույն կետում այսուհետ՝ Ծրագիր)[2]։
- Ուրախալի է նշել, որ 2017թ․ շարունակվեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ գործարկվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը, որն իրականացվում է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի հետ համագործակցությամբ:
- 2017թ. սեպտեմբերի 8-ին կայացավ կլոր-սեղան քննարկում, որի ժամանակ ԻՀԱ փորձագետները «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» ներկայացուցիչների հետ քննարկեցին տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերը, մասնավորապես շեշտվե, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չունի բավարար լծակներ` ոլորտում առարկայական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ։
- 2017թ. սեպտեմբերի 15-ին Վանաձորում կազմակերպվեց «Ազատ տնտեսական մրցակցության ոլորտին վերաբերող» սեմինարը։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ Արսեն Պետրոսյանը և Դավիթ Փինաչյանը ներկայացրեցին ազատ տնտեսական մրցակցության ոլորտում կատարված բարեփոխումները: Միջոցառմանը ներկա բիզնեսի ավելի քան 20 ներկայացուցիչներ, ովքեր բարձրաձայնում էին իրենց հուզող հարցերի մասին, բուռն քննարկման արդյունքում այս ոլորտի այլ խնդիրներ նույնպես վեհանվեցին, որոնց լուծման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: ԻՀԱ փորձագետները ներկայացրեցին իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը։
- 2017թ. հոկտեմբերի 10-ին մասնավոր հետախույզների ինստիտուտի ներդրման և բիզնեսի զարգացման հարցերում աջակցելու վերաբերյալ հանդիպում կայացավ ԻՀԱ իրավաբանների և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» իրավաբանի մասնակցությամբ։
- 2017թ. հոկտեմբերի 20-ին առանց փողկապի և պաշտոնական ձևակերպումների «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի» նախագահը, բիզնեսի ու նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին, նախաճաշեցին և քննարկեցին տնտեսական մրցակցության ոլորտում առկա խնդիրները։ ԻՀԱ ներկայացուցիչները երկայացրեցին տնտեսական մրցակցության ոլորտում առկա մեծագույն խնդրի մասին՝ մենաշնորհների դեմ պայքարելու հարցին և առաջարկեցին լավագույն լուծումը՝ իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծումը։
- 2017թ. հոկտեմբերի 26-27-ը Էստոնիայի Թալին քաղաքում կայացավ Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված Արևելյան գործընկերության 4-րդ «Թվային տնտեսությունը. Նորարարական հարթական թափանցիկ առանց սահմանների բիզնեսի համար» թեմայով ֆորումը, որին մասնակցում էր նաև ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը։ Ֆորումի մասնակիցներն ունեցան B2B ձևաչափով հանդիպումներ, որի շրջանակներում ներկայացվեց նաև ԻՀԱ-ի կողմից գործարկվող Բիզպաշտպան ազդարարման հարթակը՝ www.bizprotect.am։ Ֆորումի հիմնական նպատակն էր միջսահմանային տնտեսական հարաբերությունների խթանումը, թափանցիկությունը, նոր բիզնես հնարավորությունները և ԵՄ ու Արևելյան Երկրների միջև համագործակցությունը՝ ՓՄՁ-ների նկատմամբ մասնակի թիրախավորմամբ։
- 2017թ. նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ առանց փողկապի և անմիջական միջավայրում հանդիպում ՀՀ արդարադատության նախարարի հետ։ Բիզնեսի ու նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական ու բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից սուրճի սեղանի շուրջ քննարկվեցին մասնավոր հետախույզների ինստիտուտի ներդրման դրական և ռիսկային կողմերը։ Ներկայացվեց նաև մասնավոր հետախույզների ինստիտուտի վերաբերյալ
ԻՀԱ-ի կողմից կատարված ուսումնասիրությունը։ - Ծրագրի շրջանակներում 2017թ. նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «ԲիզՊաշտպան» էլեկտրոնային հարթակի շնորհանդեսը։ Գործարար միջավայրի բարեփոխման, կոռուպցիոն ռիսկերի և հանցագործությունների բացահայտմանն ուղղված այս կայքը ստեղծվեց, որպեսզի աջակցություն ցուցաբերենք ՓՄՁ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսաական ընկերություններին։ Կայքը հնարավորություն է տալիս պետական մարմիններին իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ ազդակներ ստանալ բիզնեսի ներկայացուցիչներից, և այդ ազդակները կարևոր են իրենց աշխատանքը բարելավելու տեսանկյունից։
- ՓՄՁ ոլորտի բարեփոխումներին ուղղված գործողությունների շարքում կարևոր էր am կայքի միջոցով ստացված ազդարարումների արձանագրումը և արխիվավորումը։ Կայքը հնարավորություն է տալիս ահազանգել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին, որից հետո մասնագետները ուսումնասիրում են հայտը և արագ արձագանքում դրան: Կայքը հնարավորություն է տալիս խնդրի մասին տեղեկացնելու նաև անանուն: Կայքի ստեղծողները միջազգային ստանդարտներն ու փորձը հաշվի առնելով հոգացել են, որպեսզի որևէ մեկը (այդ թվում նաև իրավապահները) չկարողանան հայտնաբերել ահազանգի հեղինակին:
- Ստեղծվել է նաև bizprotect.am կամ bizpashtpan.am բջջային հավելվածը, որի դեպքում հնարավոր է խնդրի մասին ահազանգել առավել արագ: Հավելվածը հնարավորություն է տալիս ոչ միայն տեքստային տեղեկություններ փոխանցել, այլև լուսանկարներ, փաստաթղթեր։
- 2017թ. ստացվել է թվով 17 ազդարարում (whistleblowers) ազդարարողների կողմից՝ ապահովելով տեղեկատվության հայտնումն ու նրանց գաղտնիության ապահովումը։ Այս ազդարարումների մասով պատրաստվել և պետական մարմիններին են ուղարկվել թվով 20 գրություններ, որից մերժվել են 6-ը։ Ազդարարողներին նաև տրամադրվել է խորհրդատվություն բիզնես տարբեր խնդիրների վերաբերյալ։
- 2017թ. նոյեմբերի 27-ին առանց փողկապի և անկաշկանդ միջավայրում ՀՀ ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները և բիզնեսի ու նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական ու բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներն սուրճի սեղանի շուրջ քննարկեցին պետական գնումների ոլորտում նկատված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունները: Հանդիպմանը մասնակցում էին փոխնախարար Կարեն Թամազյանը և պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:
- ԻՀԱ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2017Թ․ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Գործառնական այլ ծախսեր
Հազ. Դրամ
2017 | 2016 | |
Աշխատավարձ | 99,581 | 74,757 |
Նյութեր | 0 | 14 |
Ապրանքներ | 1,139 | 1,315 |
Վառելիք | 1,328 | 1,601 |
Ծառայությունների մատուցում | 18,109 | 3,995 |
Տուրքեր | 23 | 195 |
Գույքահարկ | 237 | 161 |
Վարձավճարներ | 1,002 | 390 |
Փոստ, հեռահաղորդակցություն | 3,940 | 4,925 |
Գրասենյակային և այլ կոմունալ ծախսեր | 3,138 | 22,088 |
Բանկային ծառայություններ | 39 | 255 |
Տարեկան մաշվածություն և ամորտիզացիա | 30,845 | 10,302 |
Գործուղում | 543 | 72 |
Գործառնական այլ ծախսեր /աուդիտ և խորհրդատվություն/ | 6,600 | 0 |
Գործառնական այլ ծախսեր /կոնվերտացիա/ | 0 | 0 |
Ֆորս մաժոր | 0 | 0 |
գովազդային | 0 | 49 |
Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր | 46 | 10 |
Ծախսեր գործընկերներից | 38,456 | 0 |
Ծախսեր ենթադրամաշնորհներից | 0 | 0 |
Ընդամենը | 205,026 | 120,129 |
ԻՀԱ-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԻՀԱ խորհուրդը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում:
Անուն, Ազգանուն | Պաշտոն |
Կարեն Զադոյան | ԻՀԱ-ի նախագահ, ԻՀԱ-ի խորհրդի նախագահ |
Արփինե Եղիկյան | ԻՀԱ-ի խորհրդի պատասխանատու քարտուղար |
Դավիթ Աբգարյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Նարինե Կարապետյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Սյուզաննա Սողոմոնյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Մարատ Ատովմյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
Կարեն Քոչարյան | ԻՀԱ-ի խորհրդի անդամ |
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Կենտրոնական գրասենյակ ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ Հեռախոս (374 10) 540199 Հեռապատճե (374 10) 580299 Էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ-ի Երևանի մասնաճյուղ, Երևանի հակակոռուպցիոն կենտրոն ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից) Հեռախոս (374 10) 540199 Հեռապատճե (374 10) 580299 Թեժ գիծ՝ 0 8000 11 10 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ -ի Լոռու մարզային մասնաճյուղ, Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1 Հեռախոս (374 322) 2 23 17 Հեռապատճե (374 322) 2 23 17 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ -ի Շիրակի մարզային մասնաճյուղ, Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2 Հեռախոս (374 312) 5 82 36 Հեռապատճե (374 312) 5 82 36 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ, Գեղարքունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գավառ, Բոշնաղյան 15, բն. 7 Հեռախոս (374 264) 2 55 03 Հեռապատճե (374 264) 2 55 03 էլ. փոստ [email protected] |
ԻՀԱ -ի Սյունիքի մարզային մասնաճյուղ, Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72 Հեռախոս (374 285) 5 25 11 Հեռապատճե (374 285) 5 25 11 էլ. փոստ [email protected] |
[1] Ծրագրի մեկնարկի մասին տե°ս հետևյալ հղմամբ՝ https://armla.am/32688.html ։
[2] Ծրագրի մեկնարկի մասին տե°ս հետևյալ հղմամբ՝ https://armla.am/32690.html :