Օնլայն հավելվածով աշխատող տաքսիների պատճառով դաշտում առկա անհավասար մրցակցային պայմանները շուտով կվերանան

Բիզպաշտպանին հաղորդում է ներկայացվել տնտեսական դաշտում անհավասար մրցակցային պայմաններում բիզնես գործունեության իրականացման մասին։ Խոսքը տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասին է։ 

Ազդարարումը ներկայացրել է «Աջակցություն տաքսի սերվիսներին» ՀԿ նախագահ Արմեն Թամազյանը, ով վեր է հանել օրենսդրական և գործնական մի շարք խնդիրներ, որոնք առկա են այս ոլորտում և այդպես էլ կարգավորում չեն ստացել։ Հաղորդման մեջ նա նշում է.

«Ցանկանում եմ ազդարարել տաքսի ծառայությունների ոլորտում առկա ուղևորափոխադրումների հետ կապված կարևորագույն խնդրի մասին։ Մասնավորապես, նախ մրցակցության անհավասար դաշտի առկայությունը՝ տարիներ շարունակ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք օնլայն ռեժիմով աշխատող տաքսի ծառայություններ չեն վճարում որևէ այլ հարկ իրենց գործունեության համար՝ վճարելով բացառապես շրջանառության հարկ։ Այսօր մեր բիզնես միջավայրում, բացի օնլայն տաքսի ծառայություններից և անհատ տաքսի վարորդներից կամ իրենց անհատ հռչակած տաքսի վարորդներից, մնացած տաքսի ծառայությունները պատշաճ կարգով վճարում են եկամտահարկ, արտոնագրային վճարներ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական տուրքերը՝ համաձայն լիցենզավորման համապատասխան տեսակի»։ 

Բիզպաշտպանի փորձագիտական թիմը, ուսումնասիրելով հայտում ներգրավված փաստերը և վերլուծելով օրենսդրությունը, եկել է հետևյալ եզրակացության․ Ստացվում է մի իրավիճակ, որ առցանց հավելվածներով աշխատող տաքսիները վճարում են միայն շրջանառության հարկ։  Մինչդեռ հայտնի է, որ «Լիցենզիայի մասին» ՀՀ օրենքով տրանսպորտի բնագավառում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումները բարդ լիցենզավորման տեսակ են, որոնց համար նախատեսված են հարկման այլ տեսակներ և պետական տուրքի այլ չափ։ 

Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքն ամրագրում է լիցենզավորման ենթակա գործունեության համար պետական տուրք տարեկան 200,000 ՀՀ դրամի չափով՝ 4-ից ավելի տաքսի ավտոմոբիլ ունեցող Ա/Ձ-ների և կազմակերպությունների համար և 100,000 ՀՀ դրամի չափով՝ մինչև 4 տաքսի ավտոմոբիլ ունեցող Ա/Ձ-ների և կազմակերպությունների համար։ 

Ակնհայտ է, որ հավելվածով աշխատող տաքսի ընկերություններն ունեն 4-ից ավելի տաքսի ծառայություն սպասարկող ավտոմեքենաներ, սակայն նրանք չեն վճարում լիցենզիայի գործունեության համար նախատեսված համապատասխան տարեկան պետական տուրքը։ Մյուս կողմից հարց է առաջանում՝ արդյո՞ք նրանց վրա տարածվում է այս դրույթը․ չէ՞ որ ավտոմոբիլները փաստացի չեն պատկանում տաքսի ծառայություն մատուցող Ա/Ձ-ներին կամ կազմակերպություններին։ Նրանք միայն կապում են ուղևորին տաքսի ծառայություն մատուցող վարորդի հետ։ Ի դեպ, օնլայն հավելվածով աշխատող տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունները չեն կնքում աշխատանքային պայմանագրեր իրենց վարորդների հետ, ուստի չեն վճարում նաև եկամտահարկ։ 

Ինչպես հայտնի է դառնում «Հարկային օրենսգիրք» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածից, արտոնագրային հարկը տարածվում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու վրա։ Վերոնշյալ հոդվածից պարզ է, որ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումը։ Կիրառության իմաստով թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը։ Այսինքն, փաստացի արտոնագրային հարկման տեսակի մեջ է մտնում տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների կողմից ապահովվող ուղևորափոխադրումները ևս։ Սակայն կրկին հավելվածով մարդատար թեթև ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ սպասարկող կազմակերպությունները չեն վճարում արտոնագրային հարկման օբյեկտ հանդիսացող գործունեության համար սահմանված արտոնագրային հարկը։ 

Արմեն Թամազյանը օրենսդրական կարգավորումների մասով նշել է․ «ՀՀ-ում օրենսդրական առումով առկա է «Լիցենզիայի մասին» օրենքը, որը գործողության մեջ է, բայց փաստացի չի գործում, արդյունքում տաքսի ծառայությունները փակվում են, և չի էլ բարձրաձայնվում այն խնդրի մասին՝ արդյոք տաքսի ծառայությունները անհրաժեշտ են, թե ոչ։ Անընդհատ քննարկումների մեջ են նախագծեր, բայց ոչ մեկ չի ընդունվում։ Հիմա կանգնել ենք մի իրավիճակի առաջ, որ շուրջ հինգ տարի է փորձում են լուծել այս հարցը, բայց ոչ հին օրենքն է գործում, ոչ էլ նախագիծն է ուժի մեջ մտնում։ Իսկ սրա հետևանքով տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործարարները սնանկանում են և վախենում են նոր ներդրումներ անել նոր Հայաստանում, որտեղ այդքան խրախուսվում են ներդրումները գործարարների կողմից։ Օրենսդրական բացի պատճառով կանգնում ենք կոլափսի առաջ։ Խնդրում եմ շուտափույթ արձագանքել այս հարցին, քանի որ սա սարսափելի է դառնում բիզնես միջավայրում և հանգեցնում է մի շարք ներքին կազմակերպությունների գործունեության ուղղակի դադարեցմանը։ Հայտնում եմ, որ խնդիրը արագ լուծելու համար պատրաստ եմ աշխատանքային հանդիպումներ կազմակերպել և ներկայացնել հարկման և լիցենզավորման ոլորտի հետ կապված առաջարկություններ, լուծումներ և փոփոխություններ»։ 

Ամփոփելով բիզնես շահերով զբաղվող կազմակերպության ներկայացրած մտահոգությունները՝ նշենք, որ բիզնես դաշտում փակվում են տաքսի ծառայությունները, որոնք գործում են լիցենզիայի հիման վրա և վճարում են օրենքով սահմանված հարկերը և պետական տուրքերը, իսկ հավելվածով ուղևորափոխադրումներ ապահովող կազմակերպությունները չեն վճարում, քանի որ օրենսդրական տեսանկյունից չունեն տաքսի ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտի կարգավիճակ։ Ուստի, Բիզպաշտպանի կողմից առկա խնդիրների բարձրաձայնման և անհավասար մրցակցային պայմանների մասին գրություններ էին ներկայացվել ՀՀ տնտեսական մրցակցության տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ նրանցից խնդրի արմատական և համակարգային լուծման ակնկալիքով։

Ի պատասխան, վերոնշյալ երկու գերատեսչությունների կողմից էլ ստացվել են պատասխան գրություններ առ այն, որ խնդրին պատրաստվում է տրամադրվել համակարգային լուծում։ Ներկայացված առաջարկները գտնվում են կատարման փուլում, մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակվել է օրենքի նախագիծ, որի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել սույն թվականի փետրվարի 27-ին «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծումները» խորագրով հանրային լսման ժամանակ։ Այն նախատեսվում է ներկայացնել մինչև սույն թվականի հունիս ամիսը։ Նախագծով տրվում են բարձրացված խնդրին լուծումներ։ Մասնավորապես՝

Ա) Օնլայն տաքսիները պետք է գործակցեն միայն լիցենզավորված վարորդների հետ: Հակառակ պարագայում վարչական պատասխանատվության կենթարկվի՝ կտուգանվի:

Բ) Տաքսիների լիցենզիաները պետք է տեսակավորվեն: Օրենքի նախագծում այս ուղղությամբ տարանջատվել են լիցենզիաների հետևյալ տեսակները:  

– Լիցենզիա, որը վերաբերում է ֆիզիկական անձանց, կլինի անվճար, որի միջոցով վարորդները իրավունք չեն ունենա գործել միջնորդավորված և կարող գործակցել օնլայն տաքսիների հետ, այլ կարող են իրենց հաճախորդին գտնել և աշխատել միայն անմիջականորեն, օրինակ՝ փողոցում հաճախորդ գտնելով: 

– Լիցենզիա, որը հնարավոր է ստանալ միայն կազմակերպության միջոցով և հանդես գալով որպես անհատ ձեռներեց կամ ՍՊԸ օնլայն ծառայության հետ գործակցելու նպատակով: 

Գ) Պետական տուրքերը կնվազեն։ Յուրաքանչյուր մեքենայի ներդրի համար տուրքը կկազմի տարեկան մինչև 20,000 դրամ: 

Լիահույս ենք, որ սույն օրենքի նախագիծը օր առաջ կյանքի կկոչվի, որի արդյունքում ոլորտում առկա անհավասար մրցակցային պայմանները կվերանան։ 

Հիշեցնենք, որ Bizprotect.am կայքն ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրների բարձրաձայնմանը, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր: