Բիզնեսներում կներդրվեն հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերը

2020թ․ մարտի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ  աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը, նախարարության խորհրդական, գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Արտեմիս Տեր-Սարգսյանը, վարչության աշխատակից Լիլիթ Ավենյանը։ Հանդիպման ժամանակ իրավաբան-փորձագետը ներկայացրեց Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի  (NED) և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոն և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի մասին։ Լուսինե Նալբանդյանը կիսվեց Ասոցիացիայի փորձով` բիզնես ընկերություններում  հակակոռուպցիոն մոդելային քաղաքականություններ ներդնելու գործընթացի մասով։ Մասնավորապես ներկայացրեց, որ Երևանում և մարզերում բիզնես կազմակերպությունները լրացրել են հարցաթերթեր, որին հաջորդել են մեկօրյա դասընթացները հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի (ՀՀԾ) մասին, իսկ վերջում դասընթացներին մասնակցած և ԻՀԱ փորձագետների կողմից կազմված մոդելային քաղաքականությունները ներդրած բիզնես ընկերությունները ստացել են հավաստագրեր։ Bizprotect.am և Iravaban.net կայքերը ծրագրի ընթացքում ՀՀԾ-ի և տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություններում դրանց ներդրման անհրաժեշտության մասով եղել են իրազեկումներ։ Փորձագետը նշեց, որ շատ կարևոր է բիզնեսների հետ աշխատանքները տանելիս բացատրել, որ ՀՀԾ տեղայնացնելը  միայն ներքին կորպորատիվ կանոններ, էթիկայի կամ բիզնեսի կանոնագրքեր ընդունելը չէ, այլ դրանք գործնականում կիրառելը՝ նշանակելով համապատասխան պատասխանատու անձանց և հետևողական լինել այդ քաղաքականությունների պահպանմանը և բարելավմանը։ 

Ներկաները քննարկեցին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով ՀՀԾ ներդրմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները։