Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի անդամ ՀԿ-ները մասնակցել են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին

Իրավաբանների հայակական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչներ Սյուզաննա Սողոմոնյանը և Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի հունվարի 30-ին Ազգային ժողովում մասնակցել են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին, որի ընթացքում քննարկվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության դերակատարության առնչվող հարցեր: Նշված կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպմանը ներկայացնում էին նաև Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցն ու Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ որպես անդամ կազմակերպություններ:

Նիստի ընթացքում քննարկվել է ՀԸԳՀ-ի (CEPA) 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության հարթակ ստեղծելուն առնչվող հարցեր, որի նպատակն է լինելու խթանել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պարբերաբար հանդիպումները՝ համաձայնագրի կիրարկման վերաբերյալ նրանց տեղեկացված պահելու և իրենց համապատասխան ներդրումն ապահովելու նպատակով: Քաղաքացիական հասարակության հարթակը լինելու է հանդիպումների և կարծիքների փոխանակման հարթակ և կազմված կլինի Եվրոպական միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից, և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ցանցերի և հարթակների, այդ թվում՝ Արևելյան գործընկերության ազգային հարթակի ներկայացուցիչներից, ընդհանուր առմամբ, հարթակը կազմված է լինելու 10 ներկայացուցչից: Հարթակի անդամները ընտրվելու են մրցութային հիմունքներով, որի անցկացման համար առաջիկա երկու ամսվա ընթացքում մշակվելու են չափորոշիչներ: Հարթակում ՀԿ-ները պարբերաբար փոփոխվելու են ռոտացիոն կարգով:

Կարեն Զադոյանի խոսքով՝ կարևոր է, որ քաղաքացիական հասարակության հարթակը ձևավորվի այնպիսի չափանիշների հիման վրա, որոնք կընդունվեն ՔՀԿ դաշտի կոնսենսուսի և համերաշխության արդյունքում՝ ապահովելով ոչ մրցակցային մոտեցում և բոլոր դերակատարների մասնկացություն ու ներգրավվածություն։

Հանձնաժողովի անդամներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորել են ՀԸԳՀ-ի դրույթների կիրարկումը, նշել այն առաջնահերթություններն ու ոլորտները, որոնցում թե՛ բարեփոխումների, թե՛ մշտադիտարկման կարիք կա: Քննարկման մասնակիցներն առաջնահերթ են համարել դատաիրավական համակարգի բարեփոխմանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, կրթության ոլորտին, մարդու իրավունքներին, ատելության խոսքին, գազի, էլէկտրաեներգիայի ու ջրի սակագներին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխմանը, տրանսպորտային անվտանգության ապահովման հարցերին վերաբերող բարեփոխումների իրականացումը, որի համար պատրաստ են ներկայացնել իրենց փորձագիտական խորհրդատվություններն ու մշտադիտարկման արդյունքում ձեւավորված առաջարկները:

Այս և շատ այլ հարցեր ըստ ոլորտների քննարկելու նպատակով հանձնաժողովն առաջիկայում հանդիպումներ է կազմակերպելու համապատասխան ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ:

Լուսանկարները՝ parliament.am կայքից: