Հայկական Բիզնես Կոալիցիան և ԻՀԱ-ն բարելավել են պետական գնումների ոլորտի հանրային քաղաքականությունը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Հայկական Բիզնես Կոալիցիայի կարողությունների զարգացման ծրագրի» շրջանակներում 2019թ.-ի ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանը» թեմայով քննարկումը: Հայկական Բիզնես Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ հանդիպման նպատակը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող գնումների ոլորտում օրենսդրական փոփոխություններ նախատեսող նախագիծն է: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը նշեց, որ օրենսդրական բարեփոխումների նպատակով անցկացվում են հանդիպումներ հասարակական և բիզնես հատվածի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում ակնկալվում է ախտորոշել և բարձրաձայնել բոլոր խնդիրները: ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի խոսքով, բիզնեսը և քաղհասարակության կազմակերպություններն արձագանքում են այն դեպքերում, երբ արդեն օրենքներն ու նախագծերն ընդունված են, իսկ խաղի կանոնները՝ սահմանված: «Այժմ բացառիկ հնարավորություն է մասնակցել այդ խնդիրների վերհանմանը: Պետք է լուրջ ախտորոշում կատարվի, որպեսզի հետո բուժումը ճիշտ կազմակերպվի»,-նշեց նա: Այնուհետև գնումների ոլորտի օրենսդրության փոփոխությունների նախագծի հիմնական դրույթները ներկայացրեց ֆինանսների նախարարության պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը, որին հետևեց արդյունավետ աշխատանքյաին քննարկում` https://ccd.armla.am/12075.html

Աշխատանքային քննարկումից հետո Հայկական բիզնես կոալիցիան հավաքագրել  է քննարկման մասնակից բիզնես կազմակերպություների առաջարկները, իսկ Իրավաբանների հայկական ասոցիացիան ամփոփել է իր, Հայկական բիզնես կոալիցիայի և այլ ՔՀԿ-ների առաջարկները, և այդ առաջարկները պաշտոնական գրությամբ ուղարկել է ՀՀ ֆինանսների նախարարին` հանրային գնումների քաղաքականությունների բարելավման նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը 20.12.19թ. թիվ 01.1/26-1/21153-2019 պատասխան գրությամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին տեղեկացրել է.

  1. Ֆինանսների նախարարությունը իր հերթին ներկայացրել է առաջարկությունները պետական կառավարման մարմիններ, որի արդյունքում ընդունելի համարված առաջարկները (տես` ամփոփաթերթ-տեղեկանք) ներառվել են Կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթում: Ընդ որում, նշված նախագիծը հաստատվել է Կառավարության 10.10.2019թ. թիվ 1422-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 02.11.2019թ.)[1]։
  2. Ընդունելի են համարվել հետևյալ խնդիրներին առնչվող այս առաջարկությունները.
  • պետական գնումների ոլորտում առկա հրավերների տեխնիկական բնութագրերի և այլ չափորոշիչների կոնկրետ կազմակերպությունների համար համապատասխանեցումը՝ տվյալ կազմակերպությունների հաղթանակն ապահովելու նպատակով, ինչի արդյունքում մշտապես նույն կազմակերպությունների հետ պայմանագրեր են կնքվում։ Որպես լուծում՝ առաջարկվել էր մշակել հիմնական տեխնիկական բնութագրերի ստանդարտներ։ Առաջարկության հետ կապված պայմանները սահմանված են Կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 25-րդ ենթակետով և 43-րդ կետի 1-ին ենթակետով,
  • առաջարկվել էր ակնհայտ ցածր, ոչ խելամիտ գնային առաջարկ պարունակող հայտերի համար կարգավորումներ նախատեսել դրանք չդիտարկելու կամ մերժելու համար: Առաջարկության հետ կապված պայմանները սահմանված են Կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի
    1-ին ենթակետի գ) պարբերությամբ,
  • առաջարկվել էր գնումների ոլորտում անցկացնել աուդիտ նաև 20 մլն. դրամը չգերազանցող գնումների դեպքում՝ ընտրանքային կարգով։ Առաջարկությունը կարգավորված է Ֆինանսների նախարարի 17/02/2012թ. N 143-Ն հրամանով հաստատված հավելվածի 23.1 կետով, որով աուդիտի ենթակա է 20 մլն. դրամը չգերազանցող գնումների առնվազն 30 տոկոսը,
  • տնտեսվարող սուբյեկտների իրազեկվածության ցածր մակարդակի խնդրի լուծման համար առաջարկվել էր պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրել տեղեկատվական, խորհրդատվական և այլ անհրաժեշտ աջակցություն ՓՄՁ-ներին՝ գնումների գործընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ հմտությունների ձեռք բերման համար: Ի պատասխան ՖՆ-ն առաջարկեց շահագրգիռ ՔՀԿ-ների և Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քննարկել որոշակի ժամանակահատվածը մեկ նման միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը՝ դրանում ընդգրկելով ներկայացուցիչներ Լիազորված մարմնից: Միաժամանակ գնումների գործընթացին մասնակցության իրազեկվածության աստիճանը բարձրացնելու նպատակով ՖՆ-ի կողմից պատրաստվել են համապատասխան անիմացիոն հոլովակներ (տես procurement.am կայքը),
  • առաջարկվել էր սահմանել հստակ չափորոշիչներ և առավելագույն գներ պետության կարիքների համար ձեռք բերվող հիմնական ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համար: Քանի որ գնումների պլանները կազմվում են բյուջեներով նախատեսված համապատասխան ցուցանիշների հիման վրա, առաջարկվել էր կազմակերպել քննարկումներ մասնագիտացված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ բյուջեների պլանավորման փուլում։ Ի պատասխան ՝ հայտնել են, որ էլեկտրոնային գնումների նոր ծրագրային ապահովման մշակման գործընթացում նախատեսվում է ներդնել նոր մոդուլ, որը հնարավորություն կտա ամբողջացնել ավտոմատ եղանակով տեղեկատվության հավաքագրման հնարավորություն,
  • առաջարկվել էր «Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածում նշված «յուրաքանչյուր անձ» բառակապակցությունը փոխարինել «շահագրգիռ անձ» բառակապակցությամբ: Շահագրգիռ է համարվում այն անձը, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են կամ կարող են խախտվել: Ի պատասխան՝ հայտնել են, որ Կառավարության կողմից հաստատված պետական ֆինանսաների կառավարման համակարգի բարեփոխումների ռազամավարությամբ նախատեսվում է ունենալ բողոքարկման միայն դատական համակարգ՝ սահմանելով հատուկ վարույթով որոշումների կայացման արագացված ընթացակարգ,
  • առաջարկվել էր պարբերաբար վերապատրաստել ոչ միայն գնումների համակարգողներին, այլ՝ պատասխանատու ստորաբաժանումների և գնահատող հանձնաժողովների անդամներին ևս։ Սույն առաջարկի անհնարինության դեպքում՝ ներդնել գնումների համակարգողների վերապատրաստման նոր մոդուլ՝ վերապատրաստողների վերապատրաստում (ToT), երբ գնումների համակարգողը պարտականություն կունենա վերապատրաստվելուց հետո վերապատրաստել պատասխանատու ստորաբաժանման և գնահատող հանձնաժողովի անդամներին։ Այս առաջարկն ընդունելի է եղել ամբողջությամբ և անվերապահորեն,
  • առաջարկվել էր վերապատրաստել մասնագիտական նրանք ևս վերհանեն գնումների պլանների փուլում առկա չարաշահումները, ինչն էլ բխում է բյուջետային պլանավորումից, ուստի այստեղ ևս կիրառելի է բյուջեների պլանավորման փուլում մասնագիտացված ՔՀԿ-ների և լրագրողական համայնքի հետ քննարկումներ անցկացնելու առաջարկը,
  • ՀՀ-ում ներդրված չէ գնումների մասնակիցների վարկանիշային և մոնիտորինգի համակարգ, և հաճախակի բնույթ են կրում պայմանագրերի կողմերի կողմից պարտավորությունների թերի կատարումը։ Առաջարկվել էր հայտերի գնահատումը իրականացնել ոչ միայն գնային չափանիշով, այլև որակական բազմագործոն գործընթացի միջոցով, մասնավորապես՝ կազմակերպությունների կողմից աուդիտ անցած ֆինանսական հաշվետվություններ հրապարակելը, կորպորատիվ կառավարման համակարգ ներդնելը, կորպորատիվ կառավարման տարեկան զեկույց հրապարակելը, հակակոռուպցիոն համապատասխանության ընթացակարգեր ներդնելը դիտարկել էական գործոններ, ձևավորել այդ վարկանիշային համակարգը և հաշվի առնել հայտերի վերջնական գնահատման ժամանակ։ Այս կապակցությամբ ստացվել է պատասխան, որ հնարավոր է քննարկել առաջարկվող համակարգը ներդրված լինելու պայմաններում,
  • երկու փուլով փաստաթղթերի ներկայացումը ստեղծում է անհարկի ծանրաբեռնվածություն բիզնեսի համար։ Առաջարկվել էր գնանշման հարցման դեպքում հայտերի մեջ միանգամից ներառել որակավորումը՝ հավելված 5-ի մեջ ներգրավելով նաև հավելված 6.1-ը։ Ընդունվել է, առաջարկության հետ կապված պայմանները սահմանված են  Կառավարության 04/05/2017թ.
    N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանկներում ՔՀԿ-ֆինանսների նախարարություն հերթական հաջողված համագործակցությունը կարելի է կայացած համարել, որի արդյունքում Հայկական Բիզնես Կոալիցիան և ԻՀԱ-ն բարելավել են պետական գնումների ոլորտի հանրային քաղաքականությունը:

[1] Տե´ս հետևյալ հղմամբ՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/32719/ ։