Հանրային գնումների ընթացքում այսուհետև կգործածվի էներգաարդյունավետության պահանջների կիրառման ուղեցույցը

Սույն թվականի մարտի 29-ին, ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանի, ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հանդիպումը ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի և այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, որտեղ Աստղինե Պասոյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման կոալիցիայի փորձագետների կողմից մշակած «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների նկատմամբ էներգաարդյունավետության պահանջների կիրառման ուղեցույցի նախագիծը:

Աշխատանքային քննարկումից օրեր անց, ուղեցույցի վերջնական տարբերակը ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման կոալիցիայի և ֆինանսների նախարարության իրավասու ստորաբաժանման փորձագիտական քննարկումների արդյունքում վերջանական տեսքի բերելուց անմիջապես հետո, Կարեն Զադոյանը այն պաշտոնական գրությամբ ուղարկեց ՀՀ ֆինանսների նախարարին` գնումների գործընթացում էներգարդյունավետության լավագույն փորձի հիման վրա գնումների հանրային քաղաքականությունների բարելավման նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը 20.12.19թ. թիվ 01.1/26-1/21153-2019 պատասխան գրությամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին տեղեկացրել է.

  1. «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների նկատմամբ էներգաարդյունավետության պահանջների կիրառման ուղեցույցը ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել է պետական կառավարման մարմիններ։
  2. Ուղեցույցը և վերջինիս վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա կազմված ամփոփաթերթը ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Վարչապետի աշխատակազմ՝ առաջարկելով ապահովել Վարչապետի հանձնարարականը պետական կառավարման մարմիններին՝ իրենց և ենթակա կազմակերպությունների կարիքների համար իրականացվող գնումներում էներգաարդյունավետության պահանջները կիրառելու համար։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանկներում ՔՀԿ-Կառավարություն հերթական հաջողված համագործակցությունը կարելի է կայացած համարել, որի արդյունքում հանրային գնումների ընթացքում այսուհետև կգործածվի էներգաարդյունավետության պահանջների կիրառման ուղեցույցը` բարալավելովայս ոլորտի հանրային քաղաքականությունը: