Հայաստանում 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում էր Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Ծրագրի նպատակն էր բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։
Ծրագրի շրջանակներում Երևանի և Հայաստանի 4 մարզերում՝ Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Շիրակում, բիզնես ընկերությունները մասնակցել էին «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» մեկօրյա դասընթացին: Դասընթացի նպատակն էր բարելավել Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալումը ու դրա գործնական կիրառման հմտությունների մասին իրազեկել բիզնես ներկայացուցիչներին, ինչպես նաև նպաստել պետություն-մասնավոր հատված գործակցությանը։ Դասընթացների ավարտից հետո մասնակից կազմակերպությունների առանձնահատկությունները հաշվի առնելով՝ դասընթացին մասնակցած բիզնես ընկերությունների համար պատրաստվել էին հակակոռուպցիոն քաղաքականություններ, որոնք պետք է ներդրվեին բիզնեսներում։ Ընկերությունները, ովքեր ընդունել են հակակոռուպցիոն քաղաքականություն, ստանձնել են հանձնառություն՝ իրականացնելու գործողություններ հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի բաղադրիչների մասով:
Այսպիսով, ընկերությունները, ովքեր հաջողությամբ իրականացրել էին Ծրագրի բոլոր բաղադրիչ մասերը, ստացան վկայականներ Ծրագրի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանի կողմից։