Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը: Խորհրդի նիստին ներկա էին պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խորհուրդը նախագահում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ կանայք ունեն մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի իրացվում, և պետությունը հանրային լայն համագործակցության միջոցով պետք է ապահովի կանանց մարդկային կապիտալի իրացման համար անհրաժեշտ պայմանները։
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (ԻՀԱ) ևս հանդիսանում է Կանանց հարցերով խորհրդի անդամ: ԻՀԱ իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը, ներկա գտնվելով Խորհրդի նիստին, նշեց, որ ասոցիացիան մշտապես կարևորում է կանանց պաշտպանությանն առնչվող խնդիրները։ Նա իր խոսքում ներկայացրեց կառույցի կողմից հրապարակված «Կանանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման հեռանկարները Հայաստանում» զեկույցը, որը պատրաստվել էր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես նա կարևորեց այն հանգամանքը, որ Զեկույցում ներկայացված են կանանց իրավունքների պաշտպանության հիմնահարցերը տնտեսական, աշխատանքային, առողջապահական (վերարտադրողական), ընտանեկան և քաղաքական իրավունքների տեսանկյունից։ Նա նշեց․ «Զեկույցում կոնկրետ առաջարկություններ են հավաքագրվել բոլոր 4 ոլորտային հարցերի վերաբերյալ և կարծում եմ՝ պետք է հիմք ընդունել Զեկույցը Խորհրդի հետագա աշխատանքներն իրականացնելիս։ Օրինակ, խոսվեց, որ հետապնդումների, բռնության ենթարկված կանանց համար շատ դժվար է օգտվել փաստաբանի ծառայություններից, այս համատեքստում արժանի է հիշատակման Զեկույցում տեղ գտած առաջարկությունը՝ Հանրային պաշտպանի կողմից անվճար ծառայությունների ապահովումը բռնության ենթարկված կանանց համար։ Աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտ է նախատեսել օրենսդրական փաթեթի ընդունում, որը կընդլայնի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների և լիազորությունների շրջանակը, քանի որ հայտնի է, որ այս մարմինը չունի ոչ մի լծակ կանանց՝ աշխատանքային ոլորտում խախտված իրավունքների վերականգնման համար»։
Նիստի ժամանակ որոշվեց, որ էլեկտրոնային տարբերակով անհրաժեշտ հարցերը կդրվեն քվեարկության և այդ եղանակով անդամները կմասնակցեն այս կամ այն հարցի վերաբերյալ քվեարկությանը։
Լուսանկարը՝ gov.am կայքից։