Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, օրվան նվիրված համատեղ միջոցառում անցկացրին։
21-րդ դարում կոռուպցիայի դեմ պայքարը համալրվում է նորանոր գործիքներով, որի օրինակ է Հայաստանում բիզնես ոլորտում կոռուպցիոն դեպքերի ու խնդիրների վերաբերյալ բարձրաձայնող ու ազդարարման հնարավորություն տվող Bizproect.am կայքը։ Այս մասին իր խոսքում նշեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը։ «Շատ կարևոր է, որ այս կայքով մենք կարողացանք որոշակի թափանցիկություն ապահովել մեր պետական մարմինների հետ աշխատանքում, որովհետև կայքը հնարավորություն տվեց բիզնես ներկայացուցիչներին արագ կապ հաստատել և յուրաքանչյուր խախտում ազդարարել»,-նշեց նա։ Արկադի Սահակյանը նաև հավելեց, որ կոալիցիայի կազմում իր զբաղեցրած պաշտոնում ընտրվելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է, իսկ ՔՀԿ-ների դերը կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է․ «Փորձը ցույց է տալիս, որ հայկական հասարակական կազմակերպությունները այնքան հմտություն ու այնքան դերակատարում ու ունակություններ ունեն, որ կարող են անգամ միջազգային ասպարեզում լինել խորհրդատու՝ ունենալով մեծ փորձագիտական ներուժ»։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց, որ կոալիցիայի համար առաջնահերթություն է ինքնիշխան ու հայակենտրոն լինելը, և, որ կոալիցիան շարունակելու է ներդնել իր ջանքերը նպաստելու երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը Հայաստանում: «Այժմ մենք սկսել ենք կոալիցիայի արդիականացման ծրագիրը, քանի որ կարծում ենք՝ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների տրամաբանության մեջ, որ յուրաքանչյուրս մեր հերթին պետք է իրականացնենք այդ վերափոխումն ու արդիականացումը, ինչի արդյունքում, առավել ուժեղացած ստանձնել ենք մեր երկրում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների մշտադիտարկման և գնահատման հիմնական դերակատարի գործառույթները»,-ասաց նա։ Կարեն Զադոյանի խոսքով, այժմ կարևորվում է նաև կոալիցիայի անդամ կազմակերպությունների կարողությունների զարգացումը՝ մոնիթորինգի ու գնահատման հմտություններն ու գիտելիքները, կոալիցիայի փորձագիտությունը, որը չի զիջում, իսկ որոշ տեղերում գերազանցում է պետական կառույցներին, ինչպեսև միջազգային կապերը։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը ներկայացրեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 19.12.2018-09.12.2019 թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը, գրանցած հաջողությունները։
Անկացվեցին նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրությունները։
Ինչպեսև Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2019թ. հոսքի շրջանավարտները ներկայացրին իրենց ավարտական աշխատանքները։ Նշենք, որ թվով 10 ավարտական աշխատանքներն էլ հակակոռուպցիոն ուղղվածություն ունեին։
Հավելենք նաև, որ այսօր գործարկվել է ՔՀԿ-ների հակակոռուպցիան կոալիցիայի պաշտոնական կայքը՝ aac.am-ը։