Իրավաբանների հայկական ասոցիացիայի(ԻՀԱ) իրավաբան-փորձագետներ Նարեկ Ենոքյանն ու Արտյոմ Մեսրոպյանը սեպտեմբերի 16-ին մասնակցել են «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության փորձագետների հետ, ովքեր Հայաստան են ժամանել Արդարադատության նախարարության հրավերով՝ դատաիրավական բարեփոխումների օրենսդրական նախագծերի փաթեթների վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով:
Քաղաքացիական հասարակությանն ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԻՀԱ փորձագետները անդրադարձ են կատարել դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի հիմնական ուղղություններ համարվող անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ապահովմանն ու նախատեսվող սահմանադրական բարեփոխումների անցկացմանը վերաբերող հարցերին, ինչպես նաև ներկայացրել են Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր համակարգի ներդրման շուրջ առկա զարգացումները:
Փորձագետները Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին մանրամասն ներկայացրել են ԱԺ-ի կողմից մի քանի օր առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորմանը առնչվող օրենսդրական նախագծի խնդրահարույց կարգավորումները՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դրանով փորձ է արվում քաղաքականացնել հանձնաժողովի ձևավորմանը գործընթացն ու կասկածի տակ է դնում մասնագիտական անաչառությունը և անկախությունը, ինչը չի բխում նաև միջազգային հանրաճանաչ սկզբունքներից: