«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի հանրային քննարկումների փուլը երեկ ավարտվեց: Այս փաթեթներում էր ընդգրկված նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծը, որի շուրջ հատկապես քաղհասարակությունում բազմաթիվ անհամաձայնություններ կան։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել և լիահույս են, որ այդ առաջարկները, ի վերջո, տեղ կգտնեն լրամշակված տարբերակում։ «Ցավալի է, որ հանրային քննարկումներից հետո, երբ նախագիծը դրվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում, խնդրահարույց դրույթները այդպես էլ պահպանվել էին, պարզապես մի քիչ քողարկված տեսքով։ Մասնավորապես, կա դրույթ, որ հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամները ընտրվում են մրցութային խորհրդի կողմից։ Դա ոչ միայն օրենքի պահանջն է, այլև բխում է Ջակարտայի հանրահայտ սկզբունքներից։ Ցավալի է, որ լրամշակված տարբերակում ամրագրվում է, որ մրցութային կարգը պահպանվում է, բայց այն գործելու է 2021 թվականի հունվարից»,-ասաց Զադոյանը՝ հավելելով, որ փաստացի մինչև 2021 թվականը տեղի է ունենալու քաղաքական ընտրություն, որը վստահություն չի ներշնչի և հնարավոր է ամբողջ հակակոռուպցիոն գործընթացի տապալման պատճառ դառնալ. «Դեռևս ուշ չէ, և պատասխանատուները պետք է մեր հորդորը լսեն, և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը լինի մրցութային կարգով։