Պետք է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի հայկական մոդելը. քննարկում՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի համակարգի հայկական մոդելը:

Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Դպրոցի սաները քննարկեցին հակակոռուպցիոն համակարգի հայկական մոդելը, որը պետք է հիմնված լինի հայաստանյան իրողության, համատեքստի և նախկինում ունեցած հակակոռուպցիոն ոչ արդյունավետ փորձի արդյունքների վրա։ Ըստ Կ․ Զադոյանի հայկական սուվերեն մոդելը կարող է արդյունավետ գործել, եթե այն բաղացած լինի հետևյալ օղակներից․ ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մարմին,  հակակոռուպցիոն դատարան և դատախազության կառուցվածքում կոռուպցիոն գործերի քննության մասնագիտացված ստորաբաժանում։ Եվ այս մոտեցումը ամրապնդվել է նաև սույն թվականի ապրիլի 17-18-ին Երևանում տեղի ունեցած միջազգային հակակոռուպցիոն փորձագիտական համաժողովի արդյունքներով։

Նշենք, որ  հակակոռուպցիոն դատարանի և դատախազության կառուցվածքում կոռուպցիոն գործերի քննության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծումը նախատեսված է 2019-2022 հակակոռուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների իրականացման ծրագրում։

«Պետք է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի հայկական մոդելը: Մեկ այլ երկրի կամ տարածաշրջանի օրինակին հետևելուց առաջ պետք է գնահատել առանձնահատկությունները, յուրահատկությունը և համապատասխանությունը մեր երկրին: Ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մարմինը պետք է ունենա Սահմանադրությամբ նախատեսված անկախության բացառիկ երաշխիքներ, իր գործունեությունն իրականացնելիս պետք է առաջնորդվի հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ տնօրինման սկզբունքով: Սահմանադրությամբ, պետք է նաև երաշխավորված լինի ունիվերսալ մարմնի ղեկավարների ու աշխատողների անձեռնմխելիությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի տարանջատված ինստիտուտներ ունենալու դեպքում, որը ներկայումս ընտրել է մեր կառավարությունը, երաշխավորված չէ այդ մարմինների փաստացի անկախությունը, թափանցիկության և հաշվետվողականություն սկզբունքը, ինչպես նաև տարանջատված ինստիտուտների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների անձեռնմխելիությունը»,-նշում է Կարեն Զադոյանը։

Վերջում գործնական աշխատանքի միջոցով դպրոցի սաները ընտրեցին այն հիմնական սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով ստեղծվելիք մարմինը:

  1. Անկախություն,
  2. Զարգացած կարողություններ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: