Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը մասնակցել է դատախազության ստեղծման 101-ամյակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ, ԱԱԾ, ոստիկանության ղեկավարները, ԱԻՆ, պաշտպանության նախարարները ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 101-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նիստին հրավիրվել էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

Վարչապետը իր ելույթում նշեց, որ մեր երկարամյա պատմության աղետալի էջերից բազմաթիվների պատճառը մեր իրականության մեջ արդարության և արդարադատության պակասն է, որը ազգը, ժողովուրդը պառակտող ամենահզոր գործոնն է. «Երբ մարդիկ բաժանվում են առաջին և երկրորդ կարգի, երբ իրավունքը լինում է էլիտար կիրառման գործիք: Եվ այս իրողությունը մեր դասական գրականության մեջ բազմաթիվ արտահայտություններ է ունեցել և մեր բանահյուսության մեջ: Ինչպես, օրինակ, հանրահայտ պատվածքներ կան այս թեմայով: Ես այս պահին մտաբերում եմ «Աղքատի պատիվը» հանրահայտ պատմվածքը, որը մի օրինակ է այն մասին, թե ինչպես շարքային քաղաքացու, նյութապես անապահով քաղաքացու իրավունքները կարող են ոտնատակ արվել այն դեպքերում, երբ թվում էր, թե արդարությունը և արդարադատությունը պիտի կանգնի այդ քաղաքացու կողքին: Պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռևս մինչև այսօր ամենատարածված ասույթներից մեկը հետևյալն է. «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»»,-նշեց վարչապետը:

 ԱրթուրԴավթյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած շրջադարձային իրադարձությունների ամենակարևոր արդյունքներից մեկը հանցագործությունների և հատկապես կոռուպցիայի, անարդարությունների նկատմամբ հանրային անհանդուրժողականության մակարդակի կտրուկ բարձրացումն է և հանցավոր երևույթների վերաբերյալ իրավապահ մարմիններին, ի մասնավորի դատախազությանը իրազեկելու հարցում քաղաքացիների աննախադեպ նախաձեռնողականությունը. «Կարող ենք վստահաբար փաստել, որ հանցավորության դեմ պայքարում ունենք անգնահատելի այնպիսի գործընկեր, ինչպիսին ակտիվ, երկրի ապագայով ու լիարժեք օրինականության հաստատմամբ շահագրգիռ ՀՀ քաղաքացին է, որն իր նախաձեռնողականությանը  համարժեք արդյունքների ակնկալիքով քրեական հետապնդման մարմինների նկատմամբ անհամեմատ ավելի պահանջկոտ է և հետևողական: Գաղտնիք չէ, որ այս աննախադեպ ակտիվությունը հանգեցրել է իրավապահ բոլոր մարմինների գերծանրաբեռնվածության: Բայց դա մեզ համար ոչ թե տրտնջալու, այլ առավել մոտիվացվելու խթան է: Մենք իրավունք չունենք վատնելու դժվարությամբ ձեռքբերած և շատ երկրների իրավապահների համար դեռևս անհասանելի երազանք թվացող այս կապիտալը»,-նշեց Արթուր Դավթյանը: