Տեղի ունեցավ ՊԵԿ-ՔՀԿ աշխատանքային խմբի հերթական նիստը

Սույն թվականի հունիսի 17-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ, իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը ՊԵԿ-ում մասնակցել է ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը լրամշակելու նպատակով ստեղծված ՊԵԿ-ՔՀԿ աշխատանքային խմբի հերթական նիստին:
Բացման խոսքով հանդես է եկել ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Ա. Ղազարյանը և ներկայացրել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից մշակված և մասնակիցների մեծամասնության կողմից հավանության արժանացած ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծը:
Այնուհետև ներկաների կողմից բարձրացվեցին նախագծում առկա կարգավորումների վերաբերյալ մի շարք հարցեր, մասնավորապես, կապված ՀԿ-ների գործունեության հաշվետվության մեջ կազմակերպության կամավորների և ժողովների քանակի վերաբերյալ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև հաշվետու տարում կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի գումարի չափը նշելու պահանջի մասին:
Ներկայացված հարցերի վերաբերյալ Ա. Ղազարյանը պատասխանեց, որ մասամբ համամիտ է և լրացուցիչ քննարկումներից հետո հստակ կներակայցնի առաջարկություն խնդրի լուծման վերաբերյալ: Իր պնդմամբ՝ անհրաժեշտ է տարանջատել կազմակերպության իրականացրած ծրագրերը և նշել յուրաքանչյուր ծրագրով ծախսված գումարի չափը, ինչը չնդունվեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Ա. Մեսրոպյանն էլ իր խոսքում նշեց, որ շատ կարևոր է հատկապես աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում գալ համաձայնության և ունենալ նախագծի վերջնական, կոնսենսուսային տարբերակը: