Կարեն Զադոյանը` անցումային արդարադատության ու վեթինգի վերաբերյալ հերթական քննարկմանը

Մայիսի 27-ին, երկուշաբթի, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցավ «Դատաիրավական համակարգի վեթինգ. որոշումից դեպի իրականացում» խորագրով քաղաքականության առանց հղումների կլոր սեղանը:

Քննարկման հիմնական բանախոսներն էին անվտանգության ոլորտի բարեփոխումների միջազգային փորձագետ Սոսի Թաթիկյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Նրանք ներկայացրեցին անցումային արդարադատության ու դրա կարևորագույն գործիքներից մեկի՝ վեթինգի ներդրման հարցերը:

Ներկայացնելով անվտանգության և արդարադատության ոլորտի բարեփոխումների ենթատեքստում անցումային արդարադատության և վեթինգի միջազգային փորձն աֆրիկյան մայրցամաքում, Բալկաններում, հետխորհրդային ու հետսոցիալիստական եվրոպական և անգամ կայացած ժողովրդավարական երկրներում (ԱՄՆ, ՄԹ)՝ Սոսի Թաթիկյանը անդրադարձավ վեթինգի տարբեր մոդելներին, հաջողություններին ու ձախողումներին, կիրառված սկզբունքներին ու չափանիշներին` համադրելով երեք երկրում վեթինգի մեխանիզմի մշակման ու իրականացման իր գործնական փորձը, տեսական ուսումնասիրություններն ու միջազգային առաջատար փորձագետների տրամադրած խորհրդատվությունը: Նա առաջադրեց հայաստանյան իրականության խնդիրների ու հարցադրումների շրջանակ և ընդգծեց վեթինգի` միջազգային սկզբունքներին համապատասխան, սակայն ազգային կարիքների համար տեղայնացված մոդելի մշակման անհրաժեշտությունը:

Կարեն Զադոյանը, իր հերթին, Հայաստանում հռչակված դատաիրավական բարեփոխումների համատեքստում ներկայացրեց միջազգային պրակտիկայից հայտնի վեթինգի կոնկրետ մոդելներ՝ ուրվագծելով վեթինգի հաջողությամբ իրականացումը հայկական սուվերեն որոշման և մոդելի, համակարգային մոտեցման, ՀՀ սահմանադրական ու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների շրջանակում տեղայնացնելու ու համապատասխանեցնելու կոնկրետ դիպաշարեր ու իրավական ընթացակարգեր` հաշվի առնելով վեթինգի իրականացման միջազգային փորձից քաղված դասերը:

Քննարկմանը մասնակցող այլ փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, փաստաբաններ անդրադարձան ոչ միայն նրանց բարձրացրած խնդիրներին, այլ նաև մայիսի 24-ին Ազգային ժողովում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումներին՝ ներկայացնելով դրանց արդյունքում կայացված որոշումների հետքերով Հայաստանում վեթինգի մեխանիզմի իրականացման գործնական հարցերի շուրջ իրենց մոտեցումները:

Քննարկմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փորձագետներ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայից և այլ կառույցներից։ Քննարկմանը հետևում էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության և Բուլղարիայի դեսպանության ներկայացուցիչները:

Քննարկման արդյունքում որոշում կայացվեց կազմել քաղաքականության համառոտագիր՝ այն տրամադրելով ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին, քաղաքականություն մշակողներին, ԶԼՄ-ներին ու լայն հանրությանը: