Տեղի ունեցավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի շրջանակներում երկրորդ աշխատանքային հանդիպումը՝ «Կանայք՝ տեղական ինքնակառավարման մարմիններում» թեմայով

Սույն թվականի մայիսի 22-ին կայացավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի երկրորդ աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին Կանանց աշխատանքային իրավունքներին վերաբերող հիմնախնդիրների շուրջ հարթակի առաջին հանդիպման արդյունքները, ինչպես նաև քննարկվեցին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունները կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման տեսանկյունից:

Հանդիպմանն իր մասնակցությանը ունեցավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Նարեկ Ենոքյանը:

Կանանց աշխատանքային իրավունքների վերաբերյալ արդյունքների ամփոփման կապակցությամբ հարկ է նշել, որ քննարկման առարկա երեք արդյունքներից մեկը վերաբերել է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտվող կնոջ ամուսնու համար վճարովի արձակուրդի նախատեսմանը, որը նախորդ քննարկման ընթացքում առաջարկվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Մարիամ Զադոյանի կողմից։ Հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում խնդրի կարգավորում նախատեսելը։

Նարեկ Ենոքյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացումը: Փորձագետը նշեց, որ Պեկինյան գործողությունների ծրագրով սահմանված  «Կանանց դրության բարելավման ինստիտուցիոնալ մեխանիզմ»-ի ստեղծումը կարևոր նշանակություն ունի տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց և տղամարդկանց հավասարության ապահման տեսանկյունից և հավելեց, որ կանանց առաջխաղացման վերաբերյալ օրենքներ ընդունելիս նման մեխանիզմները ունեն հստակ սահմանված մանդատ և լիազորություններ, օժտված են բավարար ռեսուրսներով և քաղաքականությունների վրա ազդեցություն գործելու և օրենսդրություն կազմելու ու վերանայելու կարողությամբ: Փորձագետը հավելեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերով Խորհրուրդը չի համապատասխանում Պեկինյան հռչակագրով սահմանված չափորոշիչներին, ուստի անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանանց առաջխաղացումը գտնվի կառավարության բարձր օղակների ուշադրության կենտրոնում։

Նարեկ Ենոքյանն առաջարկել է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմինների տարեկան բյուջեներից առանձին տողով ֆինանսական միջոցներ հատկացվեն կանանց առաջխաղացումը խթանող ծրագրերին: