Տեղի ունեցավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի շրջանակներում առաջին աշխատանքային հանդիպումը՝ «Կանայք աշխատանքի շուկայում․ խնդիրներ և լուծումներ» թեմայով

Սույն թվականի ապրիլի 12-ին Երևանի «Գրանդ Հոթել» հյուրանոցում տեղի ունեցավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի շրջանակներում առաջին աշխատանքային հանդիպումը՝ «Կանայք աշխատանքի շուկայում․ խնդիրներ և լուծումներ» թեմայով, որին մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Մարիամ Զադոյանը։ Հանդիպումը կազմակերպվել էր ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ։
Նշյալ բաց հարթակի շրջանակներում ընդունվել էր «Կանանց Օրակարգը՝ Հանուն Զարգացման» փաստաթուղթը, և առաջին հանդիպումը վերաբերվում էր դրանում նշված հետևյալ հիմնախնդրին՝ «Կանանց ներուժի ոչ արդյունավետ օգտագործումը, աշխատանքի շուկայում կանանց նկատմամբ խտրականության դրսևորումները և աշխատանքային և ընտանեկան պարտականությունների համատեղման հնարավորությունների պակասը»։
Հանդիպման նպատակն էր քարտեզագրել ոլորտի բարեփոխմանն ուղղված քաղաքականությունների առաջարկությունները, ձևավորել համատեղ օրակարգ կանանց ներգրավածությունն աշխատանքի շուկայում խթանելու նպատակով, անհրաժեշտության դեպքում նախաձեռնել նեղ ոլորտային աշխատանքային խմբերի հանդիպումներ՝ ձևավորելու ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականության բարեփոխման օրենսդրական նախաձեռնություններ:
Նախաձեռնությանը մասնակից էին դարձել շահագրգիռ մոտ երեք տասնյակ ՔՀԿ-ներկայացուցիչներ, միջազգային կառույցի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդեասյանը:
Արդյունավետ քննարկման ընթացքում ԻՀԱ ներկայացուցիչը բարձրաձայնեց մի շարք ոլորտային խնդիրների մասին, որոնք քարտեզագրվել և ներկայացվել էին պատկան մարմիններին կառույցի կողմից շատ ավելի վաղ, սակայն մինչ օրս լուծում չէին ստացել։ Դրանց թվին էին պատկանում աշխատավայրում սեռական հետապնդումների ոլորտի կարգավորումների և ազդարարման մեխանիզմների բացակայությունը, աշխատողների, այդ թվում՝ աշխատող կանանց կողմից, իրենց խախտված իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմնի բացակայությունը, աշխատանքային խտրականությունների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունների բացակայությունը, հղի կանանց հավելյալ աշխատանքային երաշխիքների սահմանմանը, նոր ծնված երեխայի խնամքն ամուսնու կողմից իրականացնելու դեպքում հավելյալ երաշխիքների սահմանմանը, այդ թվում՝ ամուսնու համար վճարովի արձակուրդի նախատեսմանը, կանանց և տղամարդկանց հավասար աշխատավարձի ճեղքվածքին և առաջարկեց մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված դրանց լուծմանը, որոնք բխում են սույն ոլորտում ՀՀ միջազգային պարտավորություններից և միջազգային լավագույն փորձից։
Բացի այդ, Մարիամ Զադոյանը մտահոգություն հայտնեց ՀՀ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի մասին։ Մասնավորապես, դրանով նախատեսված թվով 68 միջոցառումներից գրեթե 65 տոկոսի արդյունքային ցուցանիշները թերի են, ինչը վերաբերվում է նաև կանանց աշխատանքային և տնտեսական իրավունքներին։ Այս կապակցությամբ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդեասյանը նշեց, որ մշակվում է ռազմավարության նախագծի այլ տարբերակ։

Լուսանկարներ՝ 
ՕքսԵՋեն հիմնադրամի ֆեյսբուքյան էջից