Ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալը բացառելու է կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների միջև անառողջ մրցակցությունը. Գևորգ Գրիգորյան

«Եթե մենք ունենանք կոռուպցիայի դեմ պայքարի հստակ տեսլական, որը կիրականացվի մեկ՝ կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր ոլորտներում մասնագիտացված մեկ ունիվերսալ մարմնի կողմից և կլինի ապաքաղաքական, ապա մենք կունենանք լրիվ այլ պատկեր, և կոռուպցիայի դեմ պայքարը կկրի համակարգված  և մասնագիտացված բնույթ»:

Ի՞նչ փուլում է գտնվում հակակոռուպցիոն պայքարն այսօր:

-Իմ կարծիքով, գրեթե էական փոփոխություններ այս հարցի վերաբերյալ մենք դեռ չունենք, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարն ունի ուղղորդված բնույթ՝ կոնկրետ անձանց և քաղաքական ուժերի ներկայացուցիչների դեմ։ Էական փոփոխություններ չունենալու ապացույցը կայանում է նրանում, որ թեև, օրինակ, ՀՀ առողջապահության նախարարն իր սոցիալական ցանցերում հաճախակի հանդես է գալիս հայտարարություններով, որոնք վերաբերվում են կոռուպցիայի դեմ պայքարին, սակայն ՀՀ առողջապահության փոխնախարարը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։

-Իսկ ի՞նչ խնդիրներ կլուծի մեկ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմինը:

-Նախ և առաջ, մեկ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալու պարագայում վերջինս ունենում է առավել լայն և հստակ սահմանված պատասխանատվության շրջանակ։ Բացի այդ, վերջինս առավել արդյունավետ է աշխատում, քանի որ ավելի հեշտ է համակարգել մեկ մարմնի ներքո գտնվող աշխատանքները։ Այս պարագայում բարձրանում է նաև մարմնի բարեվարքության և թափանցիկության մակարդակը և ամենակարևորը՝ մեկ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալու դեպքում` բացառվելու է կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների միջև անառողջ մրցակցությունը։

 –Ինչո՞վ է լուծում անառողջ մրցակցության խնդիրը:

-Լինելով ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին՝ վերջինս իրականացնում է իր առջև ծառացած մեկ կոնկրետ գործառույթ՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթ, մինչդեռ ապակենտրոնացված մոդելի պարագայում փաստացի բոլոր գերատեսչությունները հաճախ, «ընկնելով փառքի հետևից», սկսում են զբաղվել կոռուպցիայի դեմ պայքարով՝ հետին պլան մղելով իրենց առջև ծառացած հիմնական պարտավորությունները։  Նման դեպքեր արդեն իսկ ի հայտ են եկել հետհեղափոխական Հայաստանում, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, գտնվելով մրցակցության մեջ Պետական վերահսկողության ծառայության  աշխատակիցների հետ, կոռուպցիայի մեջ մեղադրեցին վերջինիս աշխատակիցներից մի քանիսին։

 –Չե՞ք կարծում, որ ձեր բերած օրինակներում կոռուպցիայի դեմ պայքարը ձախողել է, որովհետև կային կոռուպցիայի դեմ պայքարի միանգամից մի քանի մարմիններ և հնարավոր է դրանից խուսափել, եթե ունենանք կոռուպցիայի դեմ պայքարի մեկ իրավապահ և մեկ կանխարգելիչ մարմին:

-Ոչ, որովհետև անառողջ մրցակցության ռիսկն առկա է ցանկացած ապակենտրոնացված կամ տարանջատված մոդելի պարագայում։ Օրինակ, եթե ունենանք երկու հակակոռուպցիոն գործառույթ իրականացնող մարմին, որոնցից մեկը զբաղվի միայն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ, իսկ մյուսը՝ կոռուպցիայի կանխարգելմամբ, ապա երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ձախողման դեպքում մարմիններից ոչ մեկն էլ չեն ընդունի դրանում իրենց մեղքը և կկշտամբեն մյուս մարմնին։ Արդյունքում, դժվար կլինի հասկանալ, թե ինչու՞ է երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից դոփում տեղում և դա հետևանք է այն բանի, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող մարմինն է վատ աշխատել, թե՝ կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող մարմինը։