Վերանայվեց Գործարար շահերի պաշտպանության ցանցի ռազմավարությունը

Մարտի 14-ին տեղի ունեցավ Գործարար շահերի պաշտպանության ցանցի ռազմավարական պլանավորմանն ուղղված աշխատաժողովը: Վերջինս կազմակերպությունների և անհատների ոչ պաշտոնական միավորում է, որի նպատակն է միացյալ ուժերով նպաստել Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը և մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը՝ ապահովելով գործարար հանրության և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման, իրականացման, վերահսկման և գնահատման գործընթացներում:

Աշխատաժողովին մասնակցում էին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։

Աշխատաժողովի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով աշխատաժողովի վարող՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության (CIPE) փորձագետ Կարմեն Ստանիլան նախապես հարցաթերթ էր պատրաստել միջոցառման մասնակիցների համար, որի հիման վրա էլ ընթացավ քննարկումը:

Միջոցառմանը քննարկվեց, թե առաջիկա 3-5 տարիների համար ինչ ակնկալիքներ կան Գործարար շահերի պաշտպանության ցանցի հետ կապված և թե ի՞նչ գործունեություն պետք է իրականացնի այն:

Քննարկվեց նաև, թե որոնք են ցանցի 3-4 առաջնահերթությունները, որոնց վրա պետք է կենտրոնանա ցանցը առաջիկա 2 տարիների ընթացքում և թե ինչ առարկայական գործողություններ պետք է ձեռնարկի այդ առաջնահերթություններն իրականացնելու համար:

Քննարկման ընթացքում միջոցառման մասնակիցներն առաջարկեցին ցանցի կարգախոսի վերաբերյալ տարբեր սահմանումներ, ինչպես նաև վերանայվեցին նաև ցանցի առաքելությունը, խնդիրները, գործունեության սկզբունքները և ուղղությունները: Բացի այս, փոփոխության ենթարկվեցին Գործարար շաերի պաշտպանության ցանցի գործադիր մարմնի կառուցվածն ու դերը: Որոշվեց ստեղծել մասնագիտացված կոմիտեներ, օրինակ՝ հակակոռուպցիոն, հարկային և այլն։ ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը նշեց, որ իրենք պատրաստակամ են ներառվել Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեում։

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։