ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի փորձագետները ՀՀ-ում հակակոռուպցիոն մարմնի մոդելի կիրառման համար որևէ մոդելի նախապատվություն չեն տալիս․ փորձագիտական քննարկում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպվել էր հակակոռուպցիոն մարմնի ինստիտուցիոնալ մոդելի վերաբերյալ փորձագիտական քննարկում: Քննարկմանը հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, իրավապահ մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ, այդ թվում՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ ի դեմս կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանի, խորհրդի անդամ Գևորգ Գրիգորյանի, փորձագետներ Մարիամ Զադոյանի, Արտյոմ Մեսրոպյանի և Նարեկ Ենոքյանի և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Կարեն Զադոյանի և խորհրդի անդամներ Մարատ Ատովմյանի և Սյուզաննա Սողոմոնյանի։

Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի փորձագետներ  Վալց Կալնինշը և Ռուսլան Ռյաբոշապկան, ովքեր ներկայացրեցին հակակոռուպցիոն մարմինների երկու մոդելների ուժեղ ու թույլ կողմերը և հնարավոր ռիսկերը՝ միջազգային փորձի լույսի ներքո։ Ըստ այդմ, անկախ հակակոռուպցիոն մարմինների երկու հիմնական մոդելներն են՝ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որն իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարի իրավապահ, կանխարգելիչ և հակակոռուպցիոն կրթության գործառույթ, և կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթների իրականացում առանձին իրավապահ և կանխարգելիչ մարմինների կողմից։

Փորձագետները նշեցին, որ ՀՀ-ն, հաշվի առնելով իր մի շարք առանձնահատկություներ, պետք է ինքնուրույն որոշի հակակոռուպցիոն մարմնի մոդելի որդեգրման հարցը, և որ իրենք ՀՀ-ում կիրառման համար  որևէ մոդելի նախապատվություն չեն տալիս։ Այդուհանդերձ, նրանց զեկույցներում նշվեց, որ հակակոռուպցիոն մարմնի ունիվերսալ մոդելի արդյունավետ գործունեության պարագայում երկրում ծավալվող հակակոռուպցիոն պայքարը շոշափելի հաջողություններ է արձանագրում: Այս կապակցությամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նկատեց, որ տարիներ առաջ ՏՀԶԿ փորձագետ Վալց Կալինիշը Հայաստանին առաջարկել էր հակակոռուպցիոն անկախ մարմնի ունիվերսալ մոդելը` այդ առումով ՀՀ կառավարությանը խորհուրդ տալով ուսումնասիրել Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի հաջողված փորձը։ Բացի այդ, թե՛ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, թե՛ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչները անդրադարձ կատարեցին այն հարցին, որ  սահմանադրորեն «անկախ մարմնի» կարգավիճակ ունեցող հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու պարագայում հակակոռուպցիոն պայքարն իրականացվում է անկախ իշխող քաղաքական ուժի ցանկությունից՝ ի տարբերություն սահմանադրորեն «ինքնավար մարմնի» կարգավիճակի։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ ի դեմս կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանի, ընդգծեց, որ կոալիցիան նախապատվություն է տալիս անկախ հակակոռուպցիոն մարմնի ունիվերսալ մոդելին, որն էլ ամրագրված է վերջինիս ռազմավարական փաստաթղթում։ Կոալիցիայի փորձագետները մտահոգություն հայտնեցին առ այն, որ թեև վերջերս տարբեր խողովակներով բարձրաձայնվում է ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարի Ուկրաինայի մոդելին հարելու հարցը (այն է՝ կոռուպցիայի դեմ պայքարի երկու առանձին մարմիններ), այդուամենայնիվ Ուկրաինայի հակակոռուպցիոն փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ կանխարգելիչ մարմինը, ստեղծումից ի վեր, միայն գրանցել է ձախողումներ, իսկ հակակոռուպցիոն իրավապահ մարմնի և դատախազության միջև առկա է անառողջ մրցակցություն և միմյանց աշխատանքներին խոչընդոտումներ, որը ստվերում է վերջինիս կողմից գրանցած որոշակի հաջողությունները։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նախ և առաջ քննարկել հակակոռուպցիոն մասնագիտական մարմնի անկախության, արդյունավետության երաշխիքների, գործառույթների իրականացման հետ կապված հարցերը, ապա՝ անցնել մոդելի ընտրության հարցին։