2019 թվականի փետրվարի 26-ին ՊԵԿ-ում տեղի ունեցավ «Հիմնադրամների մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը լրամշակելու նպատակով աշխատանքային խմբի առաջին նիստը, որին մասնակցում էին նաև աշխատանքային խմբում ընդգրկված «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը և իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին վերը նշված նախագծերի վերաբերյալ ՔՀԿ-ների դիրքորոշումները: Քննարկվեց նաև խմբի հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող օրակարգային հարցերը։
Աշխատանքային խմբի կարևոր արդյունքներից մեկն այն է, որ ՊԵԿ-ը խմբի մասնակիցներին առաջարկել է ներկայացնել առաջարկներ ոչ միայն հաշվետվությունների, այլև՝ Հիմնադրամների և Հասարակական կազմակերպությունների մասին օրենքների մյուս դրույթների վերաբերյալ։
Այսպիսով, հասարակական կազմակերպությունները մեկշաբաթյա ժամկետում ՊԵԿ-ին պետք է ներկայացնեն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումների բարելավմանն ուղղված առաջարկություններ, իսկ ՊԵԿ-ն իր հերթին պետք է լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնի իր կողմից մշակված օրինագծերով նախատեսված կարգավորումների վերաբերյալ: Աշխատանքային խմբի հաջորդ նիստը կկայանա վերոնշյալ առաջարկությունների քննարկման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը առաջարկել էր ՀԿ-ների և հիմնադրամների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հետ կապված խնդիրները քննարկելու, ինչպես նաև օրենքների նախագծերում առկա մի շարք խնդիրների իրավական լուծումները գտնելու համար ստեղծել ՔՀԿ-ՊԵԿ աշխատանքային խումբ։ Նշենք նաև, որ աշխատանքային խումբը կազմված է 16 անդամներից, ովքեր հանդիսանում են քաղաքացիական հասարակության կազմակերպություների, ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչները։