Կոռուպցիայի դեմ իրական պայքարը ենթադրում է բարձր քաղաքական կամք, այդ պայքարում քաղաքացու անմիջական ներգրավում, անկախ և արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ․ Կ․ Զադոյան

ՀՀ-ում կառավարության կողմից ներկայումս տարվող հակակոռուպցիոն պայքարի և կառավարության ծրագրի հակակոռուպցիոն հատվածի վերաբերյալ «Առավոտը» զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի հետ: 

Անդրադառնալով Կառավարության ծրագրի հակակոռուպցիոն բաժնի կառուցվածքին, Կ․ Զադոյանը հայտնել է․ առաջին, պետք է նշել, որ մեթոդաբանական առումով այն ճիշտ կերպով կառուցված չէ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բնորոշող երեք հիմնական հենասյուների վրա, այն է՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի կիրառման գործառույթ, որից կարելի է եզրակացնել, որ այս հարցում համակարգային մոտեցում չի ցուցաբերվել: Երկրորդ, նշված բաժնում բավարար հստակությամբ չեն շարադրված կոռուպցիայի դեմ պայքարում առաջնային լուծում պահանջող՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրմանն ու հակակոռուպցիոն նոր քաղաքականության ռազմավարական առաջնահերթություններին վերաբերող կարգավորումները: 

Ըստ պարոն Զադոյանի՝ կոռուպցիայի դեմ իրական և համակարգային պայքարը ենթադրում է բարձր քաղաքական կամք, այդ պայքարում քաղաքացու անմիջական ներգրավումն ու դաշնակից դարձնելը, անկախ և արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ և կոռուպցիայի դեմ պայքարը կրթության, կանխարգելման և պատժի կիրառման երեք հենասյունների վրա կառուցելը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում