ՔՀԿ-ների կոալիցիաների ջանքերը մեկտեղելու նպատակով քննարկվեց համատեղ հռչակագիր մշակելու հարցը

Այսօր՝ փետրվարի 15-ին, Աղվերանում շարունակվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն»(ԿԵՀ) ծրագրի շրջանակում կոալիցիոն ենթադրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների կոալիցիաների համագործակցության և հզորացման եռօրյա աշխատաժողովը:

Շարունակվեցին կոալիցիաների կողմից իրականացվող ծրագրերի ներկայացումը: Հիշեցնենք, որ նախորդ օրը 6 կոալիցիայի ծրագրերը ներկայացվեցին:

Այսպիսով,

    • «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կողմից իրականացվող «Քայլ դեպի ավելի արդար Հայաստան» ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Արտակ Կիրակոսյանը:

    • ԿԵՀ ծրագրի շրջանակում ստեղծված Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի կողմից իրականացվող «Մարդու իրավունքներ․ մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագիրը ներկայացրեցին ծրագրի ղեկավար  Ժաննա Ալեքսանյանը և կոալիցիայի անդամ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը։

  •  
    • «Վիննեթ» Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից իրականացվող «Բյուջե բոլորի համար» ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Ռուզաննա Տոռոզյանը և ծրագրի համակարգող Նվարդ Խաչատրյանը:

ԿԵՀ ծրագիրն իրականացնող կոնսորցիումի անդամ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից «առանց հղումների իրավունքի» փորձագիտական աշխատաժողովների կազմակերպման նպատակը, մեթոդները և ակնկալվող արդյունքները:

Նա նշեց, որ կարևոր է «պաշտպանված միջավայրի» ստեղծումը, որտեղ չկան տեսախցիկներ և ինֆորմացիայի արտահոսքի խնդիր, և մարդիկ կարող են ասել այնպիսի բաներ, որոնք չեն ասի մեկ այլ միջավայրում: Թեև դա չի նշանակում, որ հանդիպումից հետո այլ անձիք չեն խոսում ասվածի ու լսվածի մասին, սակայն չեն ասում, թե կոնկրետ որ անձն ինչ է ասել: Իրենց փորձը ցույց է տվել, որ նման դեպքեր չեն լինում: Նման ձևաչափի հանդիպումների համար կարևոր է ընտրել կոնկրետ թիրախային անձանց, ովքեր թեմայի վերաբերյալ հստակ ասելիքներ ունեն:

ԿԵՀ մոնիթորինգի և գնահատման մասնագետ Նարինե Մեժլումյանը ներկայացրեց «ՔՀԿ-ների կոալիցիայի (ցանցի) հանրային քաղաքականությունների մոնիթորինգի և բարելավման ծրագիրը, որպես ինստիտուցիոնալ գործիք» թեման, որի ընթացքում ուշադրության արժանացրեց հանրային քաղաքականության հիմնական դրույթներին, հանրային քաղաքականության, և ընդհանրապես, մոնիթորինգի գործընթացի կարևորագույն սկզբունքներին ու մոտեցումներին, ինչպես նաև կարևորեց ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) դերը նշված գործընթացներում:

ԿԵՀ ծրագրի Մենթորների խմբի համակարգող/արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց համայնքային բարեխղճության ձևավորման համակարգը, որը հնարավորություն է տալիս համայնքին, նրա բնակիչներին, ակտիվիստներին ներառել համայնքային կյանքում, և տարատեսակ ծրագրերի, նախագծերի իրականացման նկատմամբ մոնիթորինգի գործընթացում:

Միջոցառման այս մասում ԿԵՀ ծրագրի ՔՀԿ-կառավարություն երկխոսության համակարգող/իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հաջողված փորձը՝ մի շարք կարևորագույն օրենսդրական դրույթների ընդունման հարցում:

Նա նշեց, որ այս հարցում մեծ դեր է ունեցել կոալիցիայի փորձագիտական ներուժը. ուսումնասիրվել է միջազգային փորձը, ներկայացվել են առաջարկություններ, մշակվել օրենսդրական նախագծեր:

Մյուս կարևոր մեխանիզմը եղել է կառուցողական հարթակի ստեղծումը, երբ հուշագիր է կնքվել կոալիցիայի և կառավարության՝ ի դեմս արդարադատության նախարարության միջև, ստեղծվել է աշխատանքային խումբ:

Միևնույն ժամանակ կոալիցիան աշխատելու առաջարկ է ուղղել խորհրդարանական բոլոր ուժերին և հանդիպումներ ունեցել առաջարկին արձագանքած բոլորի հետ:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը նշեց, որ իրենք նույնպես օգտագործել են մինչ այդ նշված մեխանիզմները:

Խոսելով ԱԺ-ի հետ աշխատանքների մասին՝ նա նշեց, որ ի տարբերություն նոր պատգամավորների, նախկինում դժվար էր անմիջապես պատգամավորների հետ համագործակցություն սկսելը, և օգնության էին հասնում փորձագետները, որոնց միջոցով հնարավոր էր լինում կոնկրետ օրենսդրական առաջարկները հասցնել որոշում ընդունողներին:

ԿԵՀ իրականացնող կոնսորցիումի անդամ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորեց այն հանգամանքը, որ պետք է ծախսված ռեսուրսներն ու դրանց արդյունքները համարժեք լինեն: Օրինակ, կարող է լինել իրավիճակ երբ ռեսուրսներ ծախսվեն, ունենան արդյունք, սակայն այն որակական փոփոխություն չբերի:

Խոսելով ՏԻՄ-երի հետ համագործակցության մասին՝ նա 3 ուղի նշեց՝ գործընկերային, երբ ՔՀԿ-ներն իրենց ռեսուրսներով փորձում են օգնել համայնքին կամ ՏԻՄ-ն իր լիազորությունների պատվիրակում է անում ՔՀԿ-ին (օրինակ, դրամաշնորհի տեսքով): Մասնակցային, երբ, օրինակ, հանրային քննարկման են ներկայացվում իրավական ակտերի նախագծերը և լսվում, քննարկվում և ընդունվում են դրանց վերաբերյալ առաջարկությունները: Ցանցային, երբ ՔՀԿ-ները մասնաճյուղեր, ցանցեր են ունենում այն համայնքներում, որտեղ ՔՀԿ-ներ չկան կամ թույլ են ներկայացված, և իրենց գործունեությամբ աջակցում են ՏԻՄ-երին:

Այնուհետև եղի ունեցավ խմբային աշխատանք:  Արդյունքում մասնակիցները նշեցին, որ ճիշտ գաղափար է կոալիցիաներով համագործակցելը  և որ համատեղ ջանքերը միանշանակ առավել մեծ արդյուք կտան և   առաջարկվեց ու քննարկվեց համատեղ հռչակագիր մշակելու, այն ստորագրելու հարցը:

ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ՔՀԿ-ների կոալիցիաների/ցանցերի ռազմավարական պլանավորման գործընթացն ու ռազմավարական պլանի մշակումը:

Նա նշեց, որ կոալիցիաների նպատակներին հասնելու համար պետք է ստեղծել մայր փաստաթուղթը՝ ռազմավարական պլանը, որը սովորաբար մշակվում է առաջիկա 3-5 տարիների համար:

Այս դեպքում նախևառաջ թիմի առանցքային մասնակիցները ստեղծում են ռազմավարական պլանի խումբը, որը պետք է բաղկացած լինի միջինում 8-12 հոգուց և վերլուծի կառույցի ուժեղ, թույլ կողմերը, հնարավորություններն ու վտանգները: Այնուհետև դուրս են բերվում կառույցի տեսլականը, առաքելությունն ու արժեքները, որոնցից բխեցվում են ռազմավարական նպատակները (հիմնականում 2-3 հատ), նշվում ակնկալվող արդյունքները:

Կոալիցիաների ռազմավարական պլանի կառուցվածքը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը. պատմական ակնարկ կամ տեղեկություն կառույցի մասին, տեսլական, առաքելություն, արժեքներ, ռազմավարական նպատակներ, խնդիրներ, գործողություններ, իրականացման ժամկետներ, պատասխանատուներ, արդյուքներ, ենթադրություններ, մոնիթորինգ և գնահատում, ռազմավարական գործընթաց:  Վերջինս պետք է անպայման լինի մասնակցային: