Եկամտային հարկի համահարթ սկզբունքի կիրառումը սոցիալական անարդարության խնդիր է առաջ բերելու. կառավարությանը ներկայացվում են առաջարկներ

Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի ներառումը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծում սոցիալակն արդարության սկզբունքից չի բխում. այս մասին պնդում են փորձագետները և առաջարկում վերանայել կառավարության դիրքորոշումը:

Այսօր՝ փետրվարի 5-ին, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիան կազմակերպել էր հանրային քննարկում՝  «Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի վիճարկումը՝ սոցիալական իրավունքների և սոցիալակն արդարության տեսանկյունից» թեմայով:

Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի խորհրդի նախագահ Ժաննա Ալեքսանյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ թեև, նախնական պայմանավորվածությանը, այս նախագծի հեղինակ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը չի մասնակցում քննարկմանը: Ու անկախ այդ հանգամանքից, հույս հայտնեց, որ քննարկման արդյունքները կփոխեն հետագա ընթացքը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ նախագծով առաջարկվում են այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղակիորեն վերաբերելու են բոլոր աշխատողներին, տնտեսվարողներին ու սպառողներին՝ կապված եկամտահարկի և մյուս հարկատեսակների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների հետ.

«Սա յուրահատուկ հանդիպում է, որի արդյունքում կձևավորվի մասնագիտական կազմակերպությունների դիրքորոշումը և կառավարությունը պետք է հաշվի նստի այդ դիրքորոշման հետ: Ափսոսում եմ, որ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ով պատասխանատու է այս փոփոխությունների համար, ներկա չէ: Ակնկալում ենք, որ նախարարությունը դիրքորոշում կհայտնի, թե ինչու է նա բացակայում այս կարևոր հանդիպմանը, ինչը չի բխում կառավարության որդեգրած թափանցիկ գործելաոճից»,- ասաց Կ. Զադոյանը:

Քննարկմանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը  ներկայացրեց նախագծից բխող ֆինանսական և սոցիալ-տնտեսական հետևանքների և եկամտահարկի համահարթեցման սկզբունքի միջազգային փորձը: Նրա կողմից ներկայացված փորձագիտական վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Կոալիցիայի անդամ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը խոսեց համահարեթոցման սկզբունքի վիաճելիությանը՝ սոցիալակն իրավունքների, սոցիալական արդարադատության տեսանկյունից:

Կոալիցիայի անդամ, «Քաղաքացի, Հարկատու-Բիզնես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Էդուարդ Բադալյանը ներկայացրեց եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի սոցիալական գործարարության զարգացման և վարչարարության տեսանկյունից խնդրահարույց կողմերը:

Քննարկման վերջում համակարգված առաջարկությունները ներկայացվեց մասնագիտական լսարանին, հնչեցին նոր տեսակետներ և առաջարկություններ, որոնք կամփոփվեն և կներկայացվեն կառավարությանը:

Նշենք, որ քննարկման արդյունքում մասնակիցներն այն եզրահանգմանն եկան, որ հաշվի առնելով փորձագիտական վերլուծությունները, կառավարությունը պետք է հրաժարվի եկամտային հարկի համահարթ սկզբունքի կիրառման մտադրությունից:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: