Վաթտարացնող դրույթներ չպետք է ընդունենք. փոխնախարարը՝ Հարկային օրենսգրքի նախագծի խնդրահարույց դրույթի մասին

Իրավաբանական, հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների մատուցողների շրջանում բողոքի ալիք է առաջացրել ֆինանսների նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի 33-րդ հոդվածը, որով սահմանափակվում է շրջանառության հարկ վճարող համարվելու նրանց հնարավորությունը և նախատեսվում է նրանց հարկել ավելացված արժեքի հարկման (ԱԱՀ) դաշտում:

Այսօր՝ հունվարի 30-ին, Եվրոպական միության ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում իրականացվող «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգ և բարելավում» ծրագրով հանրային քննարկում կազմակերպվեց վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

«ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգ և բարելավում» ծրագրի ղեկավար,  Հայաստանի ՓՄՁ հաշվապահների  ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը նշեց ներկայացրեց, որ այս դրույթը լուրջ ռիսկեր է պարունակում և բազմաթիվ բացասական հետևանքներ կարող է առաջ բերել՝ ընդհուպ ծառայությունների թանկացում և սպիտակ դաշտում աշխատողների ստվերային դաշտ անցում:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում հույս հայտնեց, որ այս քննարկման արդյունքում հնարավոր կլինի գտնել լուծամն այն տարբերակը, որը շահեկան կլինի բոլոր կողմերի համար: Այնուհետև նա ներկայացրեց նաև իրավաբանների տեսանկյունից մի շարք մտահոգություններ, այդ թվում այն, որ հիշյալ դրույթի համար չի ներկայացվում որևէ հիմնավորում, չեն գնահատվել դրա հետևանքները:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նախ ներկայացրեց հարկման մյուս ռեժիմները, ներկայացրեց այս նախագծի նախապատմությունը՝ ընդգծելով, թե իրականում չեն թիրախավորվել հենց իրավաբանական, հաշվապահական և խորհրդատվական ծառայություն մատուցողները, ավելին՝ հավանական է, որ կառավարության քննարկմանը ներկայացվի նաև այլ ծառայություններ ևս ԱԱՀ հարկման դաշտ բերելու վերաբերյալ նախագիծ, եթե հանրային նման քննարկումների արդյունքում «հակառակը չհամոզեն»:

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանն իր խոսքում նշեց, որ եթե քաղհասարակությունը այնպես  համախմբած լիներ դեռևս 2016 թվականին, ինչպես այսօր է, ապա ներկայումս  Հարկային օրենսգրքում ավելի քիչ կլինեին վատթարացնող նորմերը, իսկ տվյալ դրույթի վերաբերյալ նշեց, որ պետք է ձեռնպահ մնալ վատթարացնող դրույթներ ընդունելուց:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ այս դրույթը խոցելի կդարձնի փաստաբաններին՝ վտանգի տակ դնելով թե՛ փաստաբանների անկախությունը, թե՛ քաղաքացիների դատարաններ դիմելու մատչելիությունը: Եվ փաստաբանների բողոքի ձայնը չլսելու դեպքում լայնամասշտաբ բողոքի ցույցեր են նախատեսում:

Հանդիպմանը ներկա ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ ինչպես մյուս, այնպես էլ այս օրենսդրական հարցի վերջնական լուծումը տալու է օրենսդիր մարմինը. «Մենք հակված չենք ընդունել մի դրույթ, որի հետևանքով կլինեն խնդիրներ»,- ասաց նա ու հավելեց, որ ինքը դեռևս լսողի դերում է և ուշադիր կլինի ներկայացված բոլոր փաստարկներին:

Քննարկմանն ակտիվ մասնակցում էին իրավաբանական, հաշվապահական, խորհրդատվական ծառայություններ մատուցողներ, քաղհասարակության կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: