Այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը մասնակցեց ՀՀ արդարադատության նախարարությունում իրական սեփականատերերի ռեեստրի ներդրման վերաբերյալ կայացած հանդիպմանը, որին ներկա էին Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, «Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն» նախաձեռնության ղեկավարի տեղակալ Էդդի Ռիչը, Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում տարածաշրջանային ղեկավար Օլիանա Վալիգուրան, ինչպես նաև ներկայացուցիչներ ոլորտի հասարակական կազմակերպություններից։
Հանդիպման ընթացքում քննարկվեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ կողմից իրականացվող գործողությունների չորրորդ ծրագրով նախատեսված իրական սեփականատերերի ռեեստրի ներդրման ժամանակացույցը, ֆինանսական աղբյուրների ձեռքբերումը, քայլերի առաջնահերթությունը, կիրարկման մեխանիզմները և այլ հարցեր։
Արդարադատության նախարարի տեղակալ պարոն Քրմոյանը ներկայացրեց, որ նախ իրական սեփականատերերի ռեեստրը փորձնական կիրառում կունենա՝ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտի տնտեսական ընկերությունների մասով։ Ինչպես նաև հավելեց, որ այդ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ներկայացրած ամբողջ տեղեկությունը պետք է ստուգվի մի քանի մակարդակում, ինչը կնվազեցնի նրանց տրամադրած ինֆորմացիայի անճշտության ռիսկերը։ Մասնավորապես, նա նշեց, որ հետաքննող լրագրողների, հասարակական ներկայացուցիչների, պետական մարմնի կողմից հետևողական ստուգման գործընթացներ պետք է ապահովվեն՝ երաշխավորելով գործընթացի հաշվետվողականությունը, թափանցիկությունը։ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն» նախաձեռնության մասնակիցները ողջունեցին Հայաստանի որդեգրած ուղղվածությունը և կիսվեցին իրենց ունեցած միջազգային փորձով։ Հանդիպման ժամանակ նաև անդրադարձ կատարվեց ամբողջ համակարգի գործարկման համար գործիքների, մեխանիզմների արդյունավետությանը։ Տիկին Օլիանա Վալիգուրան նշեց, որ հաջողվել է այն փորձը, երբ իրական շահառուների գրանցամատյանում ներդրվել է մի գործիք, որով հարցեր ուղղելու հնարավորություն է ընձեռվում առցանց հարթակում։ Սա ինֆորմացիան նախապես ստուգող մարմիններին աջակցող գործիք է՝ առավել հրապարակային դարձնելու համար գործընթացը։
Հանդիպման ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը նշեց, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների նախագծում նախատեսվում է իրական սեփականատերերի գրանցամատյանի ինստիտուտի ներդրում, համաձայն որի իրավաբանական անձինք իրավունք են ձեռք բերում՝ բացահայտելու իրենց կազմակերպությունների իրական շահառուներին: Մինչդեռ իրավաբանական անձինք պետք է կրեն պարտավորություն՝ հրապարակելու իրական շահառուների մասին տեղեկություններ, ոչ թե ունենան հայեցողական ընտրություն իրական շահառուների բացահայտման հարցում։ Ներկաների համար հստակեցվեց, որ այս փուլում խնդիր չկա բոլոր իրավաբանական ընկերություններին ներգրավել, իսկ հանքարդյունաբերական ոլորտի իրավաբանական անձանց համար պարտադիր, իմպերատիվ բնույթ է կրելու իրական շահառուների մասին տեղեկությունը բացահայտելը։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծում նախատեսվում է իրական շահառուների ռեեստրում բոլոր իրավաբանական անձանց ներգրավում 2019-2022թթ ընթացքում, իսկ միայն հանքարդյունաբերական ընկերությունների համար սահմանվել է 2 տարի ժամկետ։ Կարծում ենք՝ այս ժամկետը խիստ երկար է միայն մի ոլորտի տնտեսական ընկերությունների իրական շահառուների բացահայտման գործընթացը համակարգելու և իրականացնելու համար, քանի որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծին համահունչ կոռուպցիայի դեմ պայքարը պիտի լինի համակարգված, իսկ եղանակները՝ միմյանց փոխլրացնող, այլապես կարող ենք բախվել որևէ ինստիտուտի ներդրման ժամանակավրեպ լինելու խնդրին։